Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանի ձերբակալման քաղաքական ենթատեքստը

Օգոստոս 07,2014 14:26

«Որպես նստած-դուրս եկած հայտնի անձնավորություն, երբ մարդն արդեն ձերբակալված է, ասում են ազատություն և նպաստում են նրա դուրս գալուն»,-անդրադառնալով հայ բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա դատապարտեց Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Մարտիրոսյանը Հայրապետյանի ձերբակալման փաստում և քաղաքական գործընթացներում կապ է տեսնում: Նա նշեց. «Երբ խոսում ենք կեղտոտ փողերի մասին, վստահ եմ, որ ռուս գործարարների 99.9 տոկոսը, հայ գործարարների մեծամասնությունը ներգրավված են այդ գործերում: Ինչո՞ւ հանկարծ թիրախ է դառնում Արցախի համար կտրական մեծ ներդրում ունեցող մարդը, հետո սահմանային դեպքեր են տեղի ունենում, ուստի ինձ այցելում է վատ կազմակերպված սցենարի խնդիրը: Ո՞ւր են տանում այդ զարգացումները, նման վատ սարքած սցենարներից որևէ լավ բան չեմ սպասում»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Լևոն Հայրապետյանի հանդեպ բացահայտ հետապնդում է իրականացվում: Նա հավելեց. «Վերցնենք Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևին, որը հայտարարել է, որ իրենք գործարարների դեմ չեն կիրառելու կալանավորման ձևերը, տուգանքներով են պատժելու: Եվ հանկարծ ձերբակալվում է Լևոն Հայրապետյանը: Այն հիմնավորումները, որ լսում ենք, գոնե ինձ ու Ռուսաստանի շատ քաղաքացիների և փաստաբանների չեն համոզում: ՀՀ կառավարությունը պետք է ամենաբարձր մակարդակով դիմի Պուտինին Սոչիում և երաշխիքներ ներկայացնի այն մասին, որ Լևոն Հայրապետյանը կարող է լինել ազատության մեջ և ազատության մեջ լինելու և պատժից չխուսափելու երաշխիքը կարող է տալ ՀՀ իշխանությունը»:

Գերագույն խորհրդի նախկին անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ անկախ գործի իրավական կողմից ցանկացած հայ աշխարհի ցանկացած երկրում պետք է պաշտպանված լինի: Ըստ նրա՝ որքան վտանգավոր է հայ լինելը, այնքան պետք է հայը պաշտպանված լինի: Լևոն Հայրապետյանի մասին պարոն Արշակյանն ասաց. «Պարտավոր ենք նրան օգնել, մանավանդ Ռուսաստանի նման հետբռնատիրական երկրում յուրաքանչյուր քաղաքացի պետք է աջակցություն ստանա: Համարում եմ, որ ավազակային հարձակում է հայ ժողովրդի ունեցվածքի նկատմամբ, քանի որ խնդիր է դրված նրա ունեցվածքը խլել, ուստի պարտավոր ենք նրան պաշտպանել»:

Aravaot.am-ի հարցին՝ ՀՀ իշխանություններն արդյոք համարժեք աջակցություն ցուցաբերեցի՞ն Լևոն Հայրապետյանին, հատկապես այն, որ ՀՀ վարչապետի՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալմանն առաջին արձագանքն այն էր, թե «ես ինչ կապ ունեմ», պարոն Արշակյանը պատասխանեց. «Մենք էպիզոդներով չպետք է խոսենք: Կուզեի, որ հալածանքի ենթարկվող հայ մարդը ստանա աջակցություն: Լևոն Հայրապետյանը պետք է ապաստան ստանա և արտահանձնման ենթակա չլինի: Կառավարությունն ու իշխանությունն ավելի մեծ աջակցություն պետք է ցուցաբերեն Լևոն Հայրապետյանին»:

Նույն հարցի կապակցությամբ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ամենաբարձր մակարդակով որպես երաշխավորություն ՀՀ իշխանությունը պիտի ներկայացնի ՌԴ իշխանությանը, որ Լևոն Հայրապետյանը չի խուսափելու բոլոր դատական պրոցեսներից և որպես պատժի միջոց նրան կալանավորելը հանվի»:

Նշենք, որ այսօր ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթ է  մեկնարկել, որին մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031