Ամռան սեզոնին Հայաստանի քաղաքացիները Աջարիայում(Բաթումում, Քոբուլեթիում եւ այլն) հանգստանալու նպատակով հաճախ են օգտվում գնացքի ծառայություններից, սակայն քիչ չեն նաեւ բողոքները գնացքում սպասարկման որակից, հարմարավետությունից եւ պայմաններից:
Aravot.am-ը որոշեց զրուցել վերջերս գնացքով Երեւանից Բաթում մեկնած բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ղազարյանի հետ, որն իր բլոգում ներկայացրել էր այն թերությունները, որոնց վերաբերյալ այլ քաղաքացիների կողմից նույնպես բազմաթիվ բողոքներ են հնչել:
«Քանի որ էժան տոմսեր չկարողացա գնել, ասում էին` չկա, ես գնացել և եկել եմ բարձր կոմֆորտայնությամբ թանկ կուպեներով` 4 տեղանոց: WiFi չկար `ինչպես գնալուց, այնպես էլ գալուց: Սուտ է իրենց կայքում տեղադրվածը: Գնացքի պետ Անդրանիկը հետագայում ասաց, որ այն կա միայն մեկ վագոնում: 17 վագոններից մեկում, այն էլ` 2 գնացքներից միայն մեկում: Մյուսում ընդհանրապես չկա»,- մեզ հետ գնացքի պայմանների մասին զրուցելիս ասաց Արթուր Ղազարյանը:
Բլոգերը մեզ պատմեց, որ իր վերադառնալու ժամանակ քնելու պարագաները «աղետալի վիճակում էին»` դոշակները պատառոտված էին, կողքից դուրս եկած, իսկ բարձերից հոտ էր գալիս: Նրա խոսքով ՝ օդորակիչները գնացքում կամ չէին միացվում, կամ էլ միացնելուց հետո դնում էին այնպիսի ցածր ջերմաստիճանի վրա, որ վերևի հարկերում անհնար էր դառնում պառկելը, քանի որ մրսում էին: «Վերադառնալուց մի երեխա ցրտից վատացել էր, եւ Թբիլիսիում ստիպված շտապօգնություն կանչեցին նրա համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուրը:
Կարդացեք նաև
«Չորս տեղանոց բարձր կարգի կուպեում մենք հայտնաբերեցինք 2 անձի համար տեղադրված կոմպլեկտ` 4-ի փոխարեն,-պատմում է Արթուրը,- մենք, իհարկե, վճարել էինք բոլորիս համար: Գնալուց նրանց տոմսերի բաժնի պետը ասում էր, որ տալու են մեկ շիշ ջուր, մեկ շիշ հանքային ջուր, մեկ թեյ, մեկ սուրճ, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ` օճառ, խոզանակ, հողաթափեր, սակայն գնալուց գնացքի պետին բողոքելուց հետո տվեցին երկրորդ կոմպլեկտը, իսկ հետ գալուց նորից երկու կոմպլեկտ էին տվել: Ես թանկ տոմսի արժեքի մեջ ներառված երկու կոմպլեկտ ջուրը և հիգիենայի պարագաները չստացա»:
Արթուր Ղազարյանն այս տարվա իր ուղեւորությունից հետո վստահաբար ասում է, որ այլևս չի օգտվելու այդ գնացքից. «Գնալու եւ գալու 5 հոգու համար` ներառյալ մեկ երեխա` վճարել եմ 180 հազար դրամ: Սա շատ թանկ է ու անորակ: 21-րդ դարում 16 ժամում անցնել 700 կմ ճանապարհը ՝ անհեթեթություն է: Մինչդեռ նույն ճանապարհի վրացական հատվածում վրացական գնացքները ավելի արագ են ընթանում, իսկ հայկականը՝ ավելի դանդաղ, քանի որ հին են շարժակազմերը»:
Արթուրը նշում է, որ վրացական երկաթուղում շահագործման են հանձնված իսպանական և չինական արագընթաց գնացքներ, իսկ «Հարակ-կովկասյան երկաթուղու» գնացքը Վորոնեժի 1988 թվականի շարժակազմ է: «Ակնհայտ դուրս գրած վագոնները բերում և մաշեցնում են Հայաստանում»,-նշում է իր բլոգում Արթուրը:
Արթուրը նաեւ բողոք հայտնեց գնացքում սանհանգույցի պայմաններից. «Զուգարանում վիճակը նախնադարյան էր: Ծորակը այսպիսին էր, որ տակից պետք է սեղմես` գյուղերի ծառից կախված ծորակի պես, որ ջուրը հոսի: Օճառամանը՝ երկաթյա: Ես չգիտեմ, ով ռիսկ կանի նստի այսպիսի զուգարանակոնքի վրա: Տակից ամբողջը ժանգոտված էր»:
Արթուր Ղազարյանն այն համոզմունքն ունի, որ «Հարավ-կովկասյան երկաթուղին» Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի քարոզչական շահը. «Այն կոմերցիոն կառույց չեմ համարում՝ միտված սպառողի պահանջների բավարարմանը»:
Իր այս խոսքերի վերաբերյալ բլոգերն ունի ապացույցներ: Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ գնացքում հիմնականում ամեն ինչ գրված էր ռուսերեն, աշխատակիցները խոսում են ռուսերեն, հեռախոսային օպերատորները, որոնց զանգահարելիս, միանգամից ռուսերեն լեզվով են պատասխանում. «Գնացքում նշումները` բաժակների, ծածկոցների, բարձերի վրա՝ բոլորը ռուսերեն են, տոմսի մեջ տպածը նույնպես ռուսերեն է, հայերեն են միայն մի քանի սյունակներ, իսկ երթուղին, տոմսի արժեքը տառերով, բոլորը ռուսերեն է, Երևանի սրտում, 23- ամյա անկախ Հայաստանի երկաթգծի կայարանի պատին բարձրաձայն միացված էր РТР հեռուստաալիքը»:
Արթուրը պատմեց, որ Գյումրու կայարանում կախված էին ռուսական դրոշներ. «Սա անհասկանալի է: Հայաստանի տարածքում առաջին մեծ բնակավայրում կանգառը ռուսական դրոշների ներքո է»:
Բլոգերը նաեւ մի պատմություն էլ ներկայացրեց մեզ, որը վերաբերում էր կրկին ռուսերեն լեզվի օգտագործմանը եւ այն մասին, թե ինչպես են վրացի սահմանապահները հիշեցնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքը. «Գնացքի պետին ես նախօրոք զգուշացրել էի, որ ռուսերեն որևէ բլանկ չեմ լրացնելու: Վրացի սահմանապահների պետը եկավ անձամբ իմ կուպե: Ահագին զարմացած էր և զայրացած, որ իր հետ անգլերեն էի խոսում: Նա բառացիորեն ասաց՝ քո երկիրը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, ամբողջ վագոնդ ռուսերեն է խոսում, իսկ դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, չե՞ս հասկանում ռուսերեն, Երևանում ռուսերեն չե՞ք խոսում» :
Aravot.am-ը փորձեց նաեւ նշված բողոքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Հարավ-կովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումների ծառայությունից: Ռուսերեն լեզվի այդքան հաճախ օգտագործման վերաբերյալ մեր հարցին, թե ինչո՞ւ են աշխատակիցները հիմնականում խոսում ռուսերեն, եթե Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ ինչո՞ւ են պարտադրում լրացնել ռուսերեն լեզվով բլանկներ, ուղեւորափոխադրումների տնօրինությունից մեզ տեղեկացրին, որ ուղևորագնացքի սպասարկող անձնակազմի կազմում ընտրվում են առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ թեկնածուներ:
«Օտար լեզուներից մեկը պարտադիր ռուսերենն է, որը ԱՊՀ անդամ երկրների կողմից ընդունված է որպես աշխատանքային միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների համար:Երկաթուղին ուղևորին տրամադրում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ուղևորային փաստաթուղթ, որի տեքստային մասը հայերեն և ռուսերեն է: Տոմսի ձևակերպման ավտոմատացված ծրագրի համար, որը սպասարկում է Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները, ըստ երկկողմանի համաձայնության, օգտագործվում է ռուսերեն լեզուն: Սահմանը հատելիս մաքսային բլանկները տրամադրվում են համապատասխան մարմինների կողմից»:
Գնացքի վագոնների անհարմար պայմանների, սանհանգույցում պայմանների եւ դանդաղ աշխատանքի վերաբերյալ հարցին «ՀԿԵ» ուղեւորափոխադրումների տնօրինությունից մեզ պատասխանեցին, որ երկաթուղու կողմից շահագործվում են ուղևորատար վագոններ, որոնք 2009-2011թթ. ենթարկվել են կապիտալ վերանորոգման Վորոնեժի մասնագիտացված գործարանում. «Ուղևորագնացքի սանհանգույցի սարքավորումները, սանիտարական պայմանները համապատասխանում են ԱՊՀ անդամ երկրների կողմից ընդունված սանիտարատեխնիկական նորմերին»:
Անդրադառնալով գնացքի ներսում օդորակիչների օգտագործմանը, թե ինչո՞ւ պատուհանները չեն բացվում վագոններում, երբ քաղաքացիները շոգից բողոքում են եւ երբ օդորակիչները չեն աշխատում, եւ ինչո՞ւ է օդորակիչների ջերմաստիճանը հիմնականում ցածր աստիճանի վրա դրված, տնօրինությունից մեզ պատասխանեցին, որ օդորակիչների աշխատանքը ապահովում է միատեսակ ջերմաստիճան ամբողջ վագոնում. «ԱՊՀ անդամ երկրների կողմից ընդունված տեխնիկական պահանջների համաձայն, միջազգային երկաթուղային ուղևորատար վագոններում, որտեղ գործում են օդորակիչները, պատուհանները խցիկներում չեն բացվում»:
WiFi կապին անդրադառնալով՝ մեզ տեղեկացրին, որ երկաթուղու կողմից ուղևորներին անվճար WiFi կապ է տրամադրվում երկտեղանոց ՍՎ կարգի վագոններում և գնացքի պետի տեղակայման կուպե կարգի վագոնում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արթուր Ղազարյանի բլոգից