Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «ՀԱՊԿ ուժերը միշտ գալիս են դրոշ տնկելու»

Օգոստոս 07,2014 12:18

«Համարժեքության մասին խոսք չի կարող լինել, քանի որ մենք մինչև վերջ չենք լրջանում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանային վերջին դիվերսիոն գործողությունների մասին՝ ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Շարունակելով նա նշեց. «1994-ի հրադադարից հետո տրված հնարավորությունը մենք օգտագործե՞լ ենք: Մենք մինչև վերջ լուրջ չենք վերաբերվում այն հակամարտությանը, որ ունենք Ադրբեջանի հանրապետության հետ: Թուրքերի հետ խնդիրը ո՞նց լուծեցինք, սահմանը հանձնեցինք ռուսներին: Իսկ ինչո՞ւ չենք ուզում հիմա հանձնել»:

Աշոտ Բլեյանի տպավորությամբ՝ մենք մեր հարևանի հետ այդ վեճն ու հակամարտությունը չենք ուզում մինչև վերջ կարգավորել:

Պարոն Բլեյանն ասաց, թե պատերազմ չի լինի այնպես, ինչպես Բրեժնևի անեկդոտում, երբ սառը պատերազմի տարիներին նրան հարցնում են՝ կլինի՞ պատերազմ, նա պատասխանում է ոչ՝ պատերազմ չի լինի, խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարի վրա չի մնա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հակադրվելով Աշոտ Բլեյանին՝ նշեց. «Թուրքիայի օրինակը համարժեք չէ, քանի որ Թուրքիայի հետ ռեալ գործնական կոնֆլիկտային իրավիճակում մենք չէինք գտնվում: Չգիտեինք՝ արդյոք կվերածվի՞ ռեալ գործընթացի, թե՝ ոչ: Անվտանգության տեսանկյունից Թուրքիան այնքան էլ վտանգավոր չէ, որքան փորձում են ներկայացնել:

Այն ժամանակ սահմանը հանձնել էինք ռուսներին, քանի որ չկար երկընտրանք: Երկրորդ դեպքում և այդ նույն պատճառով դեմ եմ: Ռուսական զորքերի տեղակայումը Ղարաբաղում հնարավոր պարտություն եմ համարում, հնարավոր պարտություն կարող եմ գնահատել այն, որ հայրենասիրական ալիքի բարձրացմանը կարող է հետևել երկարաժամկետ անկում: Տվյալ պահին հերթական անգամ Հայաստանը ցույց տվեց, որ ինքը ունի պետականաշինության ներուժ, հանցավոր կլինի դա չօգտագործել»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալել Սոչիում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից, Անուշ Սեդրակյանն ասաց. «Կանխազգում եմ սահմանի վրա ժամանակավոր հանգստացում Սոչիի հանդիպումից հետո: Այդ հանդիպումը կլուծի Պուտինի փիառի հարցը, գոնե եվրոպական մասում: Նա ընկալվում է պատերազմի հրահրող, հիմա կընկալվի խաղաղության աղավնի: Դա կլինի ժամանակավոր, քանի որ եթե ուղղակի խաղաղվենք, զարգացումները կլինեն շատ վատ: Բայց շատ ուտոպիստական է Ադրբեջանին գնահատել որպես խաղաղասիրական գործընկեր»:

Ըստ Անուշ Սեդրակյանի՝ ՀՀ դիվանագիտական պարտություններն ու բանակի հաղթանակները համարժեք չեն: Այս առիթով նա ասաց. «Աշխարհը չի շարժվում ռազմական կոնֆլիկտի ճանապարհով, այլ դիվանագիտական: Հերթական պետականաշինության և հասարակաշինության ալիք ենք ունենում մեր երիտասարդության շրջանում: Մենք տեսնում ենք, որ մեր երիտասարդությունը այլ կերպ է դառնում հայրենասեր՝ հասկանալով, թե ինչ է կատարվում Հայաստանում, մեզ մոտ ձևավորվում է նոր պետական վերածնունդ»:

Այն, որ ունենք ռազմական հաղթանակներ և դիվանագիտական պարտություններ, Անուշ Սեդրակյանն այսպես է բացատրում. «Դրա պատճառն այն է՝ սպրդել կոնֆլիկտից, ինչ-որ մեկին տալ սահման, կուտակայինի միջոցով ծածկել բյուջետային բացերը»:

Սոչիի հանդիպման մասին Անուշ Սեդրակյանն ասաց. «Ինձ համար դա երկու նախագահների հանդիպում է, քանի որ երրորդը միջնորդ է, որը կազմակերպում է հանդիպումը, ոչ թե այն մարդը, որ ինչպես կասի, այնպես էլ կլինի: Երկու նախագահների հանդիպումը երրորդի միջնորդությամբ ակնհայտ փորձ է ցույց տալու, որ Ուկրաինայում պարտված Պուտինը խաղաղասիրական նախաձեռնությամբ հանդես է գալիս Հարավային Կովկասում, իբրև խաղաղության աղավնի: Սակայն մենք չենք իմանում, թե ովքեր են թեժացնում մեր սահմանի իրավիճակը»:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ՝ ՀՀ-ում տեղակայման մասին Աշոտ Բլեյանն ասաց. Թե նրանք «գալիս են դրոշ տնկելու»:

Անուշ Սեդրակյանն ասաց. «Կարմիր հաղթական բանակը գալիս է այն ժամանակ, երբ քարը քարին մնացած չի լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայկական ճարտասանա-դիվանա-տգիտությունը, որպես պարապ վախտի խաղալիք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031