Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Թուրքը մնում է թուրք եւ մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեզ հետ գործել»

Օգոստոս 07,2014 12:11

Այս տարի հրադադարի ռեժիմի խախտման 18 հազար դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 13 հազարի փոխարեն: Այս ժամանակահատվածում գրանցվել է 26 դիվերսիոն-հետախուզական փորձ, որի 60 տոկոսը հուլիսի 25-ից մինչ օրս: Դիվերսիոն փորձերը կատարվում են մեծ խմբերով, նաեւ ցերեկային ժամերին՝ բացահայտ: Այսօր ՀՀ այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ փաստելով, որ վերջին օրերին ադրբեջանական կողմն օգտագործել է մեծ տրամաչափի զինատեսակներ:

«Այս բոլոր փորձերը ձախողվել են, բայց ցավոք, կորուստներ ենք ունեցել: Հայկական կողմից ունեցել ենք զինծառայողների զոհեր»,-ասաց նախարարը՝ մեկ առ մեկ թվարկելով զոհված զինվորների անունները: Նրանք հետմահու արժանացել են ԼՂՀ պարգեւների:

Սեյրան Օհանյանը ներկայացնելով սահմանային իրավիճակն, ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանում, դեռեւս, իրավիճակը լարված է մնում, հակառակորդը գնդակոծում է ոչ միայն հայկական դիրքերը, այլ խաղաղ բնակավայրերը. «Հակառակորդի շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժեր են նկատվում: Օգոստոսի մեկից սկսած մինչ օրս, ըստ նախարարի, հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել»:

Նախարարը նշեց, որ Ադրբեջանում հայտարարվել է զինված ուժերի ողջ անձնակազմի հավաք, ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, նաեւ առաջնագծում նկատվում է ավիացիայի ակտիվություն, խոցման որոշ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, շփման գծի երկայնքով ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը:

Պարոն Օհանյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմի մարդկային կորուստները 8-9 անգամ գերազանցում են հայկական կողմի կորուստները, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է մի քանի ԶԼՄ-ներով ապատեղեկատվության տարածել, թե իբր հայկական կողմն է վերջին օրերի գործողությունների հետեւանքով մեծ կորուստներ կրել. «Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում խուճապ է, մարդկային արտահոսք է նկատվում, այդ գյուղերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը»:

Նախարարը փաստում է, որ 1994 թվականից ի վեր հակառակորդի կողմից սա աննախադեպ հարձակում էր: Նախարարի մեկնաբանմամբ, այս գործողություններով, Ադրբեջանը նպատակ ունի ազդելու բանակցային գործընթացի վրա, բարձրացնել իրենց բանակի մարտական ոգին եւ հաղթահարել պարտվածի բարդույթը:

«Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու համար մեր զինված ուժերը ստիպված են լինելու խստորեն պատժել հակառակորդի կողմի խախտման ցանկացած դեպք, ինչի հետեւանքով հակառակորդը մեծ մարդկային կորուստներ է կրում: Այդ թափված արյան ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա: Թուրքը մնում է թուրք, և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեզ հետ գործել: Շարունակության դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի համարժեք գործողություններ իրականացնել եւ էլ ավելի խստացնել պատժամիջոցները»- ասաց Սեյրան Օհանյանը նշելով, որ, իր կարծիքով, օգոստոսի 9-ի հանդիպումից հետո էլ թշնամին չի հանգստանալու:

Ըստ նրա 9-ից հետո էլ, ՀՀ զինված ուժերը պատրաստ են. «Ադրբեջանի այս գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը»:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին թշնամու գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031