Պատժամիջոցներ ընդդեմ պատժամիջոցների: Ռուսաստանի իշխանությունները արգելում են գյուղմթերքի, հումքի և սննդամթերքի ներկրումն այն բոլոր պետություններից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ` Ուկրաինայում պաշտոնական Մոսկվայի որդեգրած քաղաքականության պատճառով: Չորեքշաբթի երեկոյան Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը տեղադրվեց Կրեմլի պաշտոնական կայքում:
Որ Ռուսաստանը սկսելու է պատասխան պատժամիջոցներ կիրառել՝ հրամանագիրը ստորագրելուց մի քանի ժամ առաջ Վորոնեժում հայտարարեց երկրի նախագահը:
«Տնտեսության վրա ներազդեցության քաղաքական մեթոդները անընդունելի են: Դրանք հակասում են բոլոր կանոններին և օրենքներին: Կառավարությունն արդեն իսկ առաջարկել է միջոցներ ձեռնարկել ի պատասխան այսպես կոչված պատժամիջոցների, որ սահմանել են մի շարք պետություններ:
Կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, հայրենական արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով մենք կարող ենք մտածել այդ ուղղությամբ: Միաժամանակ, դա պետք է շատ խնամքով անել, որպեսզի հայրենական արտադրողներին աջակցելով հանդերձ` չվնասենք սպառողներին», – հայտարարեց Պուտինը:
Կարդացեք նաև
Պատժամիջոցները նախատեսվում է սահմանել մեկ տարի ժամկետով: Առաջիկայում, ըստ Ռուսաստանի նախագահի, կհստակեցվի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց դեմ կկիրառվեն սահմանափակումները:
«Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և խստորեն պահպանելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը` մենք կնախապատրաստենք այդ առաջարկությունները», – նշեց Պուտինը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում