Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ուզում է ազգայնականների ձայները փախցնել՝ հայերին վիրավորելով

Օգոստոս 07,2014 10:22

Օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ կկայանան ուղիղ նախագահական ընտրություններ: Մինչ այդ Թուրքիայում նախագահն ընտրվում էր Ազգային ժողովի կողմից: Այժմ կընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ:

Գլխավոր եւ հավանական հաղթող թեկնածուն ներկայիս վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը՝ ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին աշխատակից Էքմելեդին Իհսանօղլուն, որին առաջադրել են Թուրքիայի երկու ուժեղագույն ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Ընտրություններից ընդամենը չորս-հինգ օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է սոցցանցերի լուրջ քննադատության թիրախ, քանի որ թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուղիղ եթերում նման ռասիստական արտահայտություն է թույլ տվել. «Ինձ վրացի են ասել: Կներեք՝ իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել, նրանք ինձ հայ են անվանել: Բայց ես թուրք եմ»:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ միջադեպը՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը նախ փաստեց, որ «հայ» արտահայտությունը երկար տարիներ, տասնամյակներ Թուրքիայում վիրավորանք է համարվում. «Թուրքիայում «հայի լակոտ», «հայի վաստակ» արտահայտությունները ամենավերջին վիրավորանքն են համարվում: Եվ այդ կերպ իրար վիրավորում են նաեւ քաղաքական շրջանակներում, երբ ցանկանում են մեկն ու մեկին վարկաբեկել: Աբդուլլա Գյուլին էին հայ անվանում, եւ ինքը փորձում էր ամեն կերպ ձերբազատվել այդ պիտակից, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քլեջդարօղլուին էին հայ անվանում, Աբդուլլա Օջալանին էին հայ անվանում… Էրդողանը քաջ գիտակցում է, որ ազգայնական ուժերը այժմ որպես ընդդիմության միասնական թեկնածու իր դեմ հանել են մի մարդու, որը հենց նույն ազգայնականների շարքերում այնքան էլ ընդունված չի:

Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն թեեւ առաջադրվել է ազգայնական երկու ուժերի կողմից, սակայն այնքան էլ ընդունված չի ազգայնականների մոտ, եւ այդ իսկ պատճառով Էրդողանը փորձում է նաեւ ազգայնականների ձայների վրա խաղալ, այդ ձայները տանել, իսկ դրա համար պետք է ինչ-որ ազգայնական նոտաներ մտցնել: Դրա համար էլ նա արեց այդ արտահայտությունը՝ «ինձ վրացի են անվանել, կներեք, նույնիսկ ավելի վատ՝ հայ են անվանել», ու դա ավելի շատ ուղերձ էր՝ ուղղված ազգայնականներին, որ ինքը մի քիչ ավելի ազգայնական երեւա, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայում ազգայնական ձայները միշտ ավելի եկամտաբեր են»:

Այս կապակցությամբ Արտակ Շաքարյանը նկատեց. «Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ ինչքան էլ որոշ շրջանակներ ասում են, թե թուրքերը փոխվել են, Թուրքիան այլեւս այն չէ, ապրիլի 23-ի Էրդողանի ուղերձը հիմք ընդունելով՝ ասում էին, թե Էրդողանը փոխվել է, հայերի հանդեպ քաղաքականությունը փափկել է, այդ ամենով հանդերձ՝ պետք է նկատենք, որ թուրքական քաղաքականությունը այս պահին ձեւակերպվում է այսպես՝ այն, ինչ վատ է հայերի համար, լավ է թուրքերի համար:

Եվ քանի դեռ այդ մտայնությունը կա նաեւ հասարակ ժողովրդի մոտ, քաղաքական մոտեցումները չեն փոխվի»: Մեր տարակուսանքին՝ մի՞թե հասարակ ժողովրդի մոտ էլ կա այդ հայատյաց մտայնությունը, թուրքագետը պատասխանեց. «Հասարակ ժողովուրդ ասելով՝ եկեք հիշենք, որ հասարակ ժողովուրդը միայն Ստամբուլի բնակչությունը չի, ժողովրդի շատ ավելի մեծ մասը Ստամբուլից դուրս է ապրում, եւ նրանց մեծ մասի համար հայը տասնամյակներ շարունակ հետեւողականորեն իրենց գիտակցության մեջ մտցրած այն «գյավուր», «դավաճան» կերպարն է, որին պետք է ատել, քանի որ նա փորձում է իրենցից ինչ-որ մի բան խլել, հողերը վերադարձնել»:

Թուրքագետից նաեւ հետաքրքրվեցինք, թե տեսնո՞ւմ է արդյոք վերջին օրերի հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությունը: Ա. Շաքարյանը պատասխանեց. «Տեսականորեն Թուրքիայի գլուխը հիմա խառն է Հյուսիսային Իրաքի իրավիճակի հետ կապված՝ սեփական թուրքմենների խնդիրներով, չհաշված Սիրիայից լցված փախստականները, չհաշված ներքաղաքական ընտրական այս լարված իրավիճակը, չհաշված քրդերի բերած անհանգստությունը… Չեմ կարծում, որ Թուրքիան վերջին օրերի միջադեպերի հետ կապված որեւէ նախաձեռնող քայլ ունեցել է, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ ցավակցում է Ադրբեջանի կողմի զոհերի համար՝ որեւէ բառ անգամ չասելով հայկական կողմի զոհերի մասին, եւս մեկ անգամ հստակորեն նախանշում է այն, որ Թուրքիան այս հակամարտության մեջ միանշանակորեն չի կարող եւ չի գրավում չեզոք դիրք, չափից ավելի կողմնակալ է՝ Ադրբեջանի համար, եւ չի կարելի երբեւէ, որեւէ պարագայում Թուրքիային վստահել որեւէ չեզոքություն ենթադրող դեր, միջնորդության որեւէ հույս տալ այս հարցում:

Առավել եւս, երբ կա ադրբեջանական հասարակության բուռն արձագանքը, որ իրենք ակնկալում են հնարավոր բախման մեջ Թուրքիայի մեծ աջակցությունը՝ թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային ռեսուրսների՝ կամավորների առումով, ինչպես եղել է իննսունականների լայնամասշտաբ պատերազմի ժամանակ»:

Այս կապակցությամբ թուրքագետի կարծիքը հարցրինք նաեւ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցությունների հետ կապված պարբերաբար Թուրքիայի՝ իրեն «մեջ գցելու» վերաբերյալ. «Եթե երբեւէ խոսք գնա մեր տարածաշրջանում խաղաղապահների տեղադրման մասին, Թուրքիան միանշանակ ամեն կերպ, լինելով Մինսկի խմբի անդամ, փորձելու է ամեն ինչ անել, որ ինքն էլ այստեղ ունենա իր ուժերը: Եվ եթե հանկարծ այստեղ ռուսները տեղակայվեն, ադրբեջանցիներն էլ ասելու են՝ ռուսները հայամետ են, մեզ էլ պետք է որպես հակակշիռ՝ ադրբեջանամետ Թուրքիան ներկայացված լինի:

Այս պարագայում Արցախն ու Հայաստանը մինչեւ արյան վերջին կաթիլը պետք է պայքարեն դա արգելելու համար: Եթե թուրքական զորքը մտնի տարածաշրջան՝ այն այստեղից հանելը չափազանց դժվար կլինի: Մինչեւ այժմ սահմանի փակումը, ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից հանդես գալը եւ այլ փաստեր ապացուցում են, որ Թուրքիան չեզոք դիրք չունի, եւ ամեն գնով պետք է պայքարել նրա մուտքը թույլ չտալու համար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031