Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը շարունակում է վտանգավոր լռությունը. հայ-ադրբեջանական լարվածությունը ղեկավարվում է այնտեղից, որտեղից պետք է կանխվի. «Ժամանակ»

Օգոստոս 07,2014 10:13

Շուրջ մեկ շաբաթ շարունակվող լարվածությանը որևէ գնահատական չի տվել ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը՝ ՀԱՊԿ-ը, որն, ըստ էության, մինչև ՀԱՊԿ անդամի պաշտպանությունը ստանձնելը, ի դեպ՝ ՀԱՊԿ անդամի դիմումի համաձայն, նրա դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետք է որ իրավիճակին արձագանքեր գոնե հայտարարությամբ և զգոնության կոչով: Այնինչ ՀԱՊԿ-ի կողմից արձագանք չկա նաև այս անգամ, երբ լարվածության աննախադեպ ալիքը սկսվել է հայ-ադրբեջանական սահմանին ոտնձգություններով:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի ներկայիս քաղաքականությունը բոլորովին էլ բնականոն և ընդունելի չէ, որովհետև, նրա համոզմամբ, դա մի կազմակերպություն է, որը փաստացի մասնակիորեն փոխարինում է նախկին Խորհրդային Միությանը, նրա պաշտպանական գործառույթին միջազգային ասպարեզում:

«ՀԱՊԿ-ի անդամ երկրներից որևէ մեկը որևէ հստակ բան չասաց և ոչ մի անդրադարձ չեղավ՝ չնայած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու բառ ասաց, թե՝ լավ չէ իրավիճակը, բայց դա բոլորովին էլ պետական քաղաքականություն չէ՝ հատկապես Ռուսաստանի կողմից: Շատ բան կա, որ գուցեև ղեկավարվում է հենց այնտեղից, որտեղից պետք է կանխվի դա»,- նշեց փորձագետը:

Նա ՀԱՊԿ-ի լռությունը պարզաբանեց հետևյալով. «Ղազախստանը Ադրբեջանի եղբայր պետությունն է, պետք է նրան թիկունք կանգնի, հետևաբար չի լինի արձագանք: Բելառուսը պարզապես տնտեսական ռազմաարդյունաբերական քաղաքականություն է վարում, վաճառում է զենք, նա էլ գնում է այդ զենքը, Հայաստանի հետ ևս նույն հարաբերություններն են:

ՀԱՊԿ-ի լռությունը բացատրվում է հետևյալով, որ չունեն ազդեցության լծակ կամ, եթե նույնիսկ ունեն, չեն ցանկանում այն օգտագործել, որովհետև դա իրենց ընդհանուր շահերից չի բխում: Նրանք միջամտության շահ չունեն: ՀԱՊԿ-ի խաղաղապահական առաջարկը ևս Հայաստանին չի կարող ձեռնտու լինել, քանի որ եթե լինի խաղաղապահների տեղակայման առաջարկ, ապա նրանք չեն տեղակայվի ներկայիս սահմանների երկայնքով, ուստի այդ առաջարկն էլ համադրելի չէ մեր դիրքորոշման հետ, և արդյունքը լռությունն է, բայց այդ լռության ետևում ինչ-որ բան կա, դատարկ լռություն չէ դա»:

Այնուամենայնիվ, նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար երբեք էլ վստահելի կառույց չի եղել, որովհետև երբեք իր վրա պատասխանատվություն չի վերցրել, արտաքին ագրեսիայի դեպքում չի արձագանքել. նույնիսկ «արտաքին ագրեսիա» ձևակերպումն այս դեպքում հստակ էլ չէ, թե ում հարձակումն է համարվում արտաքին ագրեսիա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031