Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի համար իր զոհերի թիվը դեռ զգալի չէ»

Օգոստոս 07,2014 15:00
Arkadi karapetyan

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը դրանով է բացատրում ադրբեջանական շարունակվող ակտիվությունը սահմաններում

Ի հեճուկս այլ պաշտոնյաների՝ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանին այդքան էլ չի ոգեւորում այն փաստը, որ սահմանային վերջին լարված իրավիճակների եւ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհերի թիվը եռապատիկ, անգամ քառապատիկ է՝ հայկական կողմի կրած մարդկային կորուստների համեմատ:

«Դեռ ոչ ոք չի հաշվել, թե ո՞վ եւ ինչքա՞ն զոհ է տվել, բայց որ դեռեւս շարունակում են դիվերսիոն գործողություններ իրականացնել, նշանակում է՝ իրենց համար զոհերի թիվն այդքան էլ զգալի չէ: Իրենք իրենց պարտված չեն զգում, այլապես կրկին գործողությունների չէին դիմի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այս ամենն, իր կարծիքով, նշանակում է մի բան. «Իրենք ինչ-որ խնդիրներ են դրել ու հասնում են ցանկալի արդյունքի, դրա համար էլ շարունակում են իրենց գործողությունները: Եթե դուք մի քանի գործողություն անեք՝ ձախողվի, էլ չեք անի, չէ՞: Նշանակում է՝ իրենք որ անում են, իրենց ձեռք է տալիս»: Ընդհանրապես՝ մեր զրուցակիցը ճիշտ է համարում նման իրավիճակներում խնդիրները բազմակողմանի դիտարկելը, այլ ոչ միայն այն տեսանկյունից, ինչը մեզ համար ցանկալի է: «Առավոտի» հարցին՝ իր դիտարկումներից կարելի՞ է ենթադրություններ անել, որ հայկական կողմերը համարժեք չեն արձագանքում Ադրբեջանի գործողություններին, մեր զրուցակիցն ասաց. «Եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ մեր պատասխաններից հետո Ադրբեջանը նորից շարունակում է իր գործողությունները, ուրեմն համարժեք չեն: Կամ էլ՝ համարժեք են, այն իմաստով, որ իրենք ինչ-որ բան անում են, անպայման պատասխան են ստանում»: Լա՞վ են պաշտպանված, արդյոք, այսօր հայկական սահմանները՝ մեր հարցին Արկադի Կարապետյանը չցանկացավ պատասխանել՝ բավարար տեղեկատվություն չունի: Հեռուստաեթերից հնչող տեղեկություններից էլ հնարավոր չի համարում ամբողջական տեղեկատվություն ստանալը: Ամեն դեպքում՝ կարծում է, որ մտահոգությունների տեղիք կա:

,Առավոտիե հարցին՝ եւ ի՞նչ է լինելու այս ամենի վերջը, պատերազմական ակտիվ գործողությունների հավանականություն կա՞, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե՝ տեսնում եմ: Չեմ կարող ասել՝ ե՞րբ, մեկ ամսից, մեկ տարուց, բայց որ պատերազմ կլինի, դա վաղուց է զգացվում»: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Արկադի Կարապետյանը քաղաքական եւ ռազմական պատասխանատու այրերին հորդորում է առավել ուշադիր հետեւել գործընթացներին, քանի որ «պայթյունը» կարող է շատ արագ եւ անկանխատեսելի լինել եւ ոչ միայն ղարաբաղյան ճակատում: Ընդհանրապես, նրա կարծիքով, հայերը էականորեն կտուժեն փաստացի ընթացող երրորդ համաշխարհայինից: Նա լուրջ չի վերաբերվում այն տեսակետներին, որ Ալիեւի կլանին ձեռնտու չեն ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները, որոնց արդյունքում նա կկորցնի իշխանությունը: Բայց, իր համոզմամբ, պատերազմական գործողությունների հավանականությունն առավելապես պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ալիեւն «իրեն հզոր» է զգում, այլ նրանով, թե իր «վերադաս» գերտերությունների ղեկավարներն ինչ հրահանգներ կարձակեն: Թե ո՞ր գերտերությունը եւ ե՞րբ հրահանգներ կտա Ադրբեջանի նախագահին՝ մեր զրուցակիցը չի կարող կանխատեսել: Բայց ասում է, որ դա միայն իր զգացողությունները չեն, ինքը որոշակի փաստերի հիման վրա է նման եզրակացության հանգել. «Եթե այսօր մենք շատ անհոգ լինենք, զոհերի թիվն անհամեմատ շատ է լինելու»: Միաժամանակ, Արկադի Կարապետյանը մի բան հաստատ գիտի. «Երբ մենք լրիվ թուլանանք, այն ժամանակ էլ կասեն՝ ի՞նչ անել: Թե ե՞րբ «պլանկան» իրենց ուզածի չափ կիջնի՝ չգիտեմ: Ինչեւէ, դա էլ չի փրկելու իրենց: Ես նաեւ գիտեմ, որ անկախ ամեն ինչից՝ մենք հաղթելու ենք»:

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը ցավով է արձանագրում, որ առայժմ Ադրբեջանին հաջողվում է միջազգային հանրության եւ աշխարհի առջեւ տպավորություն ստեղծել, թե հայերին ճնշում են, հայերին թելադրում են եւ երբ ու ինչ ցանկանան՝ կփաթաթեն մեր վզին: «Մեր պրոպագանդան շատ վատն է, նման է սովետի պրոպագանդային՝ Երկրորդ հայրենականի ժամանակ: Ճիշտ է, այդ պատերազմում սովետական կողմը հաղթեց, բայց գերմանացիները մինչեւ Մոսկվա հասան: Գուցեեւ հիմա ամեն ինչ ավելի լավ է, քան ես գիտեմ, բայց դա չի նշանակում, որ հանգիստ պետք է քնենք: Հիմա մենք դրա իրավունքը չունենք: Այսօր մենք՝ հայերս, տարբեր ոլորտներում կոնկրետ գործերով զբաղվելու փոխարեն՝ ավելի շատ ուղեղի մարզանքներ ենք անում: Ընկել ենք ինչ-որ էքսպերտների ասած ինչ-որ բաների ետեւից: Հոգնել ենք արդեն էդ խորհուրդներից: Գործողություն է պետք ու շատ կոնկրետ: Մեր հասարակության մեջ գաղափարախոսություն չկա, իսկ առանց դրա ոչինչ էլ չի լինելու: Փողի հետեւից ընկած… ասենք թե շատ փող ունեցանք՝ հետո՞: Ի՞նչ ենք անելու»,- վրդովվեց մեր զրուցակիցը:

Սոչիում օգոստոսի 8-9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կայանալիք նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումից առանձնակի ակնկալիքներ, մեր զրուցակիցը չունի: Միշտ է վերապահումով վերաբերվել ՌԴ-ի՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր լինելու մասին հայտարարություններին՝ մանավանդ այդ երկրի կողմից վերջին շրջանում Ադրբեջանին ինտենսիվ զինելու ֆոնին: Ավելին՝ նա նաեւ պատմությունից է դասեր քաղել. «Այն, ինչը ես Ռուսաստանից տեսել եմ արցախյան շարժման ժամանակ, էլ չեմ ասում մեր հարուստ պատմությունը… ես իրենցից երբեք լավ բան չեմ տեսել: Գրիբոյեդովին ներկայացնում են որպես հայ ազգի փրկիչ, բայց էդ մարդը քանի՞ հազար մարդ Արաքսում խորտակեց: Հայ ժողովուրդը չէր ուզում Պարսկաստանից գալ եւ Ռուսաստանի հպատակ լինել, որովհետեւ այստեղ լավ չէր հայերի համար: Թեկուզ հիմա նայեք՝ աշխարհում որեւէ այլ պետության մեջ հայերն իրենց անհամեմատ ավելի լավ են զգում, քան ՌԴ-ում կամ ՌԴ-ին հպատակ Հայաստանում: Ռուսներն են Հայաստանում իշխում, որովհետեւ եթե ես ուզում եմ երկրից դուրս գնալ՝ իմ անձնագիրը ռուսներն են ստուգում: Այդ փաստն արդեն շատ խոսուն է»: Արկադի Կարապետյանը նաեւ «առանձնակի օգուտ» չէր ակնկալում, եթե երկու նախագահների հանդիպումը կարողանար կազմակերպել Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը. «Նման հանդիպումներից ոչ մի ակնկալիք չունեմ»:

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը ժամանակին «աշխարհազորի»՝ ազգովին բանակում լինելու կողմնակիցն էր, տարբեր առիթներով առաջարկներ ներկայացվեցին, որոնք, սակայն, անտեսվեցին պատկան մարմինների կողմից: Այժմ էլ նա մնացել է իր համոզմանը. «Դա շատ հեշտ ու հանգիստ հնարավոր է անել Հայաստանում եւ Ղարաբաղում»: Նա կարծում է, որ գոնե այս իրավիճակում պատկան մարմինները լուրջ կվերաբերվեն այդ առաջարկին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2014

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031