Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Սարգսյանն ու Ալիեւը հատուկ կընդգծեն Ռուսաստանի առաջնորդի դերը

Օգոստոս 07,2014 14:15

Ըստ Կարեն Օհանջանյանի՝ նրանք դա կանեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության նվազմանը նպաստելու համար:

– Պարոն Օհանջանյան, ի՞նչ վիճակ է Ղարաբաղում: Շփման գծում լարվածությունը ի՞նչ ազդեցություն է թողել ղարաբաղցիների վրա: ԼՂ իշխանություններն ի՞նչ քաղաքականություն են վարում այս ուղղությամբ:

– Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բավական բարդ է՝ կապված շփման գծում զինադադարի վերջին շրջանի խախտումների հետ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետ` Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մոտ բավական հարցեր են կուտակվել Ղարաբաղի իշխանություններին ուղղված, եւ դրանք նախեւառաջ կապված են իշխանությունների կոմպետենտության հետ`վերջին շրջանում լկտիացած մեր հակառակորդի ագրեսիվ մարտահրավերներին համարժեք արձագանքելու առումով, եւ համապատասխանաբար, եւ հարցն այս համատեքստում, թե որքանով է երաշխավորված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը: Երկար ժամանակ ԼՂՀ-ում գործող դիվերսիոն խմբի բացահայտումը ցույց տվեց անվտանգության համակարգի լուրջ թերացումները, հստակ ցույց տվեց նաեւ ուժային բոլոր մարմինների անիրազեկությունը, առաջին հերթին` ազգային անվտանգության ծառայության:

Թվում էր, թե այդ իրավիճակում երկրի բարձրագույն իշխանությունը այդ գերատեսչություններում պետք է գնար լուրջ արմատական կադրային փոփոխությունների, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, ինչպես չի կատարվում շատ բան, ինչը անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից չճանաչված երկրին` բարձրացնել քաղաքացիների մարտական ոգին՝ հիմնված բարոյականության, հավասարության եւ արդարության վրա:

Թվում է միայն հիմա` ակտիվ ռազմական գործողություններից հետո (իսկ վերջին իրադարձությունները սահմանին այլ կերպ չի կարելի անվանել) իշխանությունները գիտակցեցին իրենց պատասխանատվությունը եւ ձեռնարկում են քայլեր ոչ միայն երկրում կարգուկանոնի ամրապնդման ուղղությամբ, այլեւ զինվորների եւ քաղաքացիների մարտական ոգին բարձրացնելու համար: Մեր զինված ուժերի վերջին հաջողությունները այդ քայլերի վկայությունն են:

– Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների վերջին շրջանի ագրեսիվ պահվածքն ինչո՞վ է պայմանավորված. 20 տարվա զինադադարից հետո անցան շփման գծում սադրանքների, ավելի ու ավելի ագրեսիվ դարձան: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Ադրբեջանն անընդհատ՝ 1994թ. մայիսին կնքված զինադադարից հետո պերմանենտ խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից մասսայական հարձակումները հայկական զինված ուժերի դիրքերին տարբեր ուղղություններով` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վախեցնելու եւ Հայաստանին միաժամանակ ռազմական հզորությունը ցուցադրելու փորձեր են:

Այդ գործողությունները նաեւ միջազգային միջկառավարական ինստիտուտներին շանտաժի ենթարկելու նպատակ ունեն, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Սակայն, իմ կարծիքով, վերջին իրադարձությունները այլ շարժառիթներ նույնպես ունեն: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանը վերածվել է միջազգային ասպարեզում մերժված երկրի եւ խիստ մեկուսացման է ենթարկվում: Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ առաջատար շատ երկրներ Ռուսաստանի նկատմամբ կիրառեցին աննախադեպ միջոցներ` տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներ: Ռուսաստանն արդեն այդ պատժամիջոցների բեռի տակ սկսեց խեղդվել եւ կորցրեց ողջախոհությունը այլ երկրների հետ փոխհարաբերությունները կառուցելու հարցում: Ակնհայտ էին Ուկրաինայի եւ Մերձդնեստրի (այնտեղ իրավիճակը կտրուկ լարվում է) հանդեպ ջղաձգումները, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր որեւէ կերպ կարող են միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համաշխարհային քաղաքականությունում առավել հարմար գործոն է, որն անկայունության թատրոնում կարող է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից:

Կարեն Օհանջանյան

Կարեն Օհանջանյան

Առավել եւս ռազմական գործողությունների բռնկման դեպքում եվրոպական սպառողները կարող են զրկվել Կասպյան ավազանի այլընտրանքային հանքային աղբյուրների ռեսուրսներից, եւ այդ ժամանակ Եվրոպան կարող է իջեցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մակարդակը: Ներկայիս էսկալացիան, իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ դա կապված է Ռուսաստանի հետ եւ այն ունի երկրորդ պատճառ` նշածս առաջին պատճառից բացի: Ի տարբերություն առաջինի` այն ունի կարճաժամկետ անկայունության բնույթ` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ռուսաստանը հենց թեժ ճգնաժամի պահին հանդես է գալիս որպես միջնորդ վերջերս ծագած հակամարտության մեջ եւ դադարեցնում է ռազմական գործողությունները: Դրանով իսկ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի օրինակով կցանկանա ամբողջ աշխարհին ցույց տալ, որ այն երկիրն է, որը ոչ թե կռվում է Ուկրաինայում ու օգնում քաղաքացիական ինքնաթիռներ հարվածելուն, այլ մի երկիր է, որն իր հեղինակությունն օգտագործում է ռազմական հակամարտությունները խաղաղ կերպով կարգավորելու նպատակով:

– Oգոստոսի 8-9-ին նախատեսվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ բանակցություններ կանցկացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ հանդիպմանը ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել:

– Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումը համընկնում է Վրաստան` Ռուսաստանի ներխուժման ժամկետների հետ (2008 թվականի օգոստոսյան հնգօրյա ռուս-վրացական պատերազմը- Է. Գաբրիելյան), իսկ ավելի ուշ` ինքնահռչակ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հետ:

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա, ինչպես արդեն նշեցի,նախորդ հարցում` այդ հանդիպման նպատակներից մեկը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համաձայնության հանգելը` Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հավատարմությունը ներկայացնելով:

Հնարավոր է, որ երկու նախագահները հատուկ ընդգծեն Ռուսաստանի առաջնորդի դերը համաձայնության հասնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության նվազմանը նպաստելու ուղղությամբ: Սոչիի հանդիպումը պետք է Պուտինին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է իրականացնեն Պուտինին գովաբանելու դերը եւ արձանագրեն նրա եւ ռուսական կողմի առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հասնելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ապա դրանք կկառուցվեն այսպես կոչված` թարմացված մադրիդյան սկզբունքների շուրջ:Putin_3-2

– Վերջին շրջանում շատ է խոսվում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Դուք դա հնարավո՞ր եք համարում:

– Ես դա հիմա անհնար եմ համարում, թեեւ հենց Ռուսաստանը հաղթահարի ուկրաինական խնդիրը, կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի «ձեռքերն ոլորելուն»՝` նման համաձայնագրին հասնելու նպատակով:

– Պարոն Օհանջանյան, ղարաբաղցիների մոտ Ռուսաստանի նկատմամբ մշտապես վստահություն է եղել: Հայտնի է, որ Ռուսաստանը վերջին տարիներին մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, հետաքրքիր է՝ այժմ է՞լ է ղարաբաղցիների մոտ այդ վստահությունը Ռուսաստանի նկատմամբ պահպանվում:

– Ապշեցուցիչ է, բայց փաստ: Ղարաբաղցիները հիվանդ են ռուսամոլությամբ: Բնակչության գերակշիռ մասը վստահ է, որ հենց Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղի փրկիչը, անգամ եթե նույնիսկ Ռուսաստանի պատճառով պատերազմ բռնկվի, եւ ղարաբաղցիներ զոհվեն: Բարեբախտաբար, Ղարաբաղում ապրում են նաեւ ուրիշները, որոնք համամարդկային արժեքների, արդարության, բարու եւ ժողովրդավարական արժեքների կրող են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվեր says:

    «Ապշեցուցիչ է, բայց փաստ: Ղարաբաղցիները հիվանդ են ռուսամոլությամբ: Բնակչության գերակշիռ մասը վստահ է, որ հենց Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղի փրկիչը»… Իսկ կարելի՞ է միայն ձեր տեղ խոսեք: Կամ այդ ե՞րբ եք սոցհարցում անցկացրել ու որոշել ռուսամետների թիվը: Ես` միջին վիճակագրական ղարաբաղցիս, չեմ հավատում ոչ երկերեսանի ամերիկաներին, ոչ էլ հուդա ռուսներին: Ու կարող եմ վկայել, որ իմ ընկերների ու բարեկամների մեծամասնությունն էլ համամիտ է ինձ: Իսկ Շահումյանի անկումն ու «Կոլցո» օպերացիան էլ դեռ շատ թարմ է մեր հիշողության մեջ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031