Լրահոս
Օրվա լրահոսը

Ալթունյանական անսամբլի կորեական հմայքը

Օգոստոս 07,2014 11:45

Անսամբլի՝ փոքր կազմով հաջողություններն Ասիայում ու եվրոպական հյուրախաղերի տեսլականը

Անցած համերգաշրջանը հոբելյանական էր Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համար: Վերջերս ազգային օպերային թատրոնում 75-ամյակը բոլորած կոլեկտիվը հանդես եկավ Էդ. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» համերգ-ներկայացումով:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը մեծակտավ «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, որ 1970-ականներին բեմադրվել էր օպերային թատրոնում, այնպիսի վարպետությամբ էր «ձեւել» կոլեկտիվի համար, որ համերգից հետո մասնագետների շրջանում դարձել էր խոսակցության առարկա:

Հանդիսատեսը հիացած էր նաեւ զգեստների նկարիչներ Ռուբինա Հովհաննիսյանի եւ Աշոտ Համբարձումյանի աշխատանքով: Մինչ այս ելույթը անսամբլը հյուրախաղերի էր մեկնել Հարավային Կորեա:

Հայաստանյան պետական մեծ կոլեկտիվների ղեկավարները մշտապես նեղսրտում են, որ հյուրախաղերի մեկնելիս, ֆինանսական սղության պատճառով, ստիպված են լինում կրճատել արտիստների թիվը: Երգի-պարի անսամբլն էլ բացառություն չէ:

Տնօրեն Աշոտ Տիգրանյանը

Տնօրեն Աշոտ Տիգրանյանը

Տնօրեն Աշոտ Տիգրանյանը «Առավոտին» հայտնեց, որ Հարավային Կորեա են մեկնել 16 պարող (գլխավոր բալետմայստեր՝ Հովհ. Խաչիկյան) եւ 1 երգիչ, ունեցել են 4 համերգ՝ Սեուլ եւ Բուսան քաղաքներում: Ժամուկես տեւող համերգներն էլ ընթացել են երգչախմբի ու նվագախմբի ֆոնոգրամայով, անսամբլի երկացանկից ներկայացրել են ժողովրդական ու աշուղական երգերից մինչեւ Խաչատրյան ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Պարոն Տիգրանյանը հավաստիացրեց, որ չնայած ոչ լրիվ կազմին, անսամբլի համերգներն անցել են մեծ հաջողությամբ: Մեր զրուցակցի խոսքերով՝ Սեուլի «Ax Korea» համերգասրահի գլխավոր ռեժիսորը՝ Կյունգհի Կիմը, որը հայկական կոլեկտիվի համերգների պատասխանատուն էր, անսամբլի հետ ուղեւորվել է նաեւ Բուսան, կտրելով 550 կմ ճանապարհ՝ որպես հանդիսատես դիտելու համերգը:

«ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, որի նստավայրը Ճապոնիայում է, հատուկ եկել էր մեր անսամբլի համերգը դիտելու ու համերգից հետո ասաց, թե չէր պատկերացնում, որ նման փոքր կազմով հնարավոր է բարձրարվեստ համերգ ապահովել»,- նշեց պարոն Տիգրանյանը:

Ասաց նաեւ, որ սեուլյան համերգներին ներկա է եղել շուրջ 50 հայաստանցի, իր խոսքերով՝ ինտելեկտուալներ, որոնք այդ երկրում աշխատում են «Սամսունգ» ֆիրմայի հրավերով:

Տարակուսանքին, որ մինչ օրս ալթունյանական ավանդույթներով նշանավոր կոլեկտիվը չունի հովանավոր, տնօրենը պատասխանեց. «Մեծ կոլեկտիվներին, մանավանդ աշխարհում ճանաչված, պետք է պետությունը հովանավոր լինի, այլ ոչ թե մեկ մեծահարուստ կամ որեւէ ֆիրմա»: Հավելեց, թե Հարավային Կորեա շրջագայությունը իրականացել է երկու երկրների արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Աշոտ Տիգրանյանը հայտնեց, որ կոլեկտիվն այս ամռանը չի հանգստանա. առաջիկայում ունեն համերգներ Երեւանում, ապա ամբողջ կազմով (շուրջ 70 արտիստ) կմեկնեն Կալինինգրադ՝ մասնակցելու շուրջ 15 օր առաջ 40 երկրի մասնակցությամբ մեկնարկած «Խաղաղության տարածաշրջան» 3-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին:
Գալիք համերգաշրջանի մասին տնօրենի հայտնած տեղեկությունները ժլատ էին. պարոն Տիգրանյանն ասաց, որ «տեղական» համերգներից բացի, կոլեկտիվը աշնան սկզբին կմեկնի Հոլանդիա, բայց ոչ թե էլի «կորեական» կազմով, այլ 45 հոգով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Երգի-պարի անսամբլը՝ Հարավային Կորեայում

«Առավոտ» օրաթերթ

06.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031