Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` Արցախում կամավորական խմբերի դիրքեր մեկնելու հանգամանքն ավելի շատ բարոյական աջակցության դրսեւորում էր, քան` իրական անհրաժեշտություն:
«Կամավորների ակտիվացումն ավելի շատ բարոյահոգեբանական աջակցության նշանակություն ունի, քան թե դրա իրական անհրաժեշտությունը կա: Իրական անհրաժեշտությունը կա միայն մի պարագայում. ըստ իս, որ փորձառու, կռված մարդիկ են եւ կան տեղամասեր, որ իրենք քաջ գիտեն ու Երեւանից, մյուս վայրերից եկած ծառայող զինվորներին կարող են գործնականում աջակցել: Դա նրանց կողմից սրտաբուխ քայլ է, բայց չեմ կարծում, թե դրա կարիքը կա, մենք կայացած բանակ ունենք», – Կապանում լրատվամիջոցների եւ հ/կ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց պարոն Բաղդասարյանը:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է ակնկալիքները օգոստոսի 8-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից եւ արդյոք այդ հանդիպումը դրակա՞ն կանդրադառնա վերջին շրջանում լարված իրադրության մեղմացման հարցում, «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի» նախագահ Մասիս Մայիլյանը պատասխանեց, որ ինքն առանձնապես մեծ ակնկալիքներ չունի այդ հանդիպումից եւ ըստ նրա` մեծ առաջընթաց չի գրանցվի:
«Ինքնին հանդիպումն արդեն դրական է, բայց ես մեծ սպասելիքներ չունեմ խնդրի լուծման հացում: Կարծում եմ, որ իրավիճակի կայունացման առումով, հնարավոր է դրական ազդեցություն ունենա, բայց մեծ տեղաշարժ չի գրանցվի»,- ավելացրեց Մասիս Մայիլյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ