Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Եթե մենք կատարյալ հիմար ենք՝ կարող ենք խաղաղապահ բերել» (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 22:57

Այսօր մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Ալիեւը միջազգային հանրությանը կոչ է անում Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել :

«Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել այդ հորդորը, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ադրբեջանը շատ հաճախ է նման հորդորներով հանդես գալիս: Առայժմ ինչ-որ լուրջ հետեւանքներ այդ կոչերը չեն ունեցել: Սակայն, եթե Ադրբեջանը նման կոչեր է անում, ես կուզեի լսել նաեւ Հայաստանի համապատասխան արձագանքը, ի վերջո, Ադրբեջանը վաղուց արդեն հնարավոր բոլոր ձեւերով խախտում է ամեն ինչ, բոլոր պայմանավորվածությունները: Ինձ հետաքրքիր է, թե Հայաստանը ինչու հանդես չի գալիս նման կոչերով»: Իսկ ազատամարտիկ Արտակ Բագրատյանը այս մասին հետեւյալ կարծիքը հայտնեց. «Դա Ադրբեջանի մշտական պահվածքն է: Իրանք ինչ ասես անում են, վերջում լացակումած ձայներով գոռում են՝ մեզ ծեծում են, եկեք, փրկեք… Ամբողջ աշխարհը գիտի, թե Ալիեւը եւ Ադրբեջանի քաղաքականությունը ինչպիսին է: Նրանք միշտ բողոքում են, թե հայը մեղավոր է, բայց հայը երբեք նախահարձակ չի լինում, հայը միայն պաշտպանվում է: Իսկ եթե ստիպված է լինում պարտադրված պատերազմի մեջ մտնել՝ հաղթանակած է դուրս գալիս, իրենք էլ դա լավ գիտեն»:

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում պարբերաբար հնչող խոսակցություններին այն մասին, որ մեր սահմանագծի երկայնքով հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Պետք է հասկանալ, որ խաղաղապահը դա այլ երկրի զինուժ է, որը գտնվում է քո տարածքում, բայց առաջին հերթին իր երկրի շահն է պաշտպանում: Հայաստանի համար լավագույն խաղաղապահը, եւ դա ապացուցվել է վերջին քսան տարիների ընթացքում, մեր հողն ամենալավը պաշտպանում է հայ զինվորը, չեմ կարծում, որ որեւէ այլ երկրի զինվոր՝ բելգիացի, չինացի, կամ որեւէ այլ օտարերկրյա զինվոր ավելի շահագրգռված լինի հայկական հողը պահելու մեջ, քան մեր զինվորը: Եվ ընդհանրապես՝ ես դեմ եմ խաղաղապահների մասին որեւէ խոսակցությանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ խաղաղապահների ներկայությունը հաճախ բերում է շատ ավելի վատ հետեւանքների, քան եթե նրանք չլինեին: Հիշենք Սերբիա-Խորվաթիայի սահմանին Սերեբրեննիցայի ջարդը, երբ խաղաղապահները կողքից կանգնել նայել են, նույնը եղել է Կոնգոյում, Ռուանդայում եւ այլն: Մենք ոչ մեկի վրա հույս չպիտի դնենք: Հայաստանի լավագույն դաշնակիցը մեր ուժերն են»:

Մեր հարցին՝ իսկ եթե Ադրբեջանին սիրաշահելու համար Ռուսաստանը գնա՞ այդ քայլին, խաղաղապահներ բերի տարածաշրջան, կարո՞ղ ենք թույլ չտալ դա, Կ. Վրթանեսյանը պատասխանեց. «Ցանկացած խաղաղապահական գործողություն իրականացնելու համար պիտի երկու կողմերի համաձայնությունը լինի: Եթե չլինի, խաղաղապահ ուժեր չեն մտցվի: Դա միջազգային նորմն է»: Մեր կասկածները՝ վստա՞հ եք, որ մեր իշխանությունները կկարողանան մերժել Ռուսաստանին, Կ. Վրթանեսյանը փարատեց այս կերպ. «Դուք մի քիչ թերագնահատում եք մեր հնարավորությունները: Կարող է՝ մենք ուղիղ ձեւով չմերժենք, ճապոնացիները քառասուն ձեւ ունեն «ոչ» ասելու, որոնցից ոչ մեկը «ոչ» չի: Ես կարծում եմ, որ մեր դիվանագետներն ու մեր ղեկավարությունը կկարողանան այդ «ոչը» ասել»:

 

Իսկ ազատամարտիկ Արտակ Բագրատյանը խաղաղապահների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց այսպես. «Մեր զորքերը շատ լավ պահում են մեր երկիրը, մեր սահմանները, խաղաղապահների կարիք մենք չունենք: Բայց եթե հարցը հասնի նրան, որ դրանց տեղադրումով ավելի անվտանգ կդառնա մեր սահմանը, մենք այլեւս ոչ մի զինվոր չենք կորցնի, եւ Ղարաբաղի անկախությունը աշխարհում կընդունվի, ես համաձայն կլինեմ, թող տեղադրեն, ու էդ հարցերը լուծեն վերջնականապես: Իսկ եթե այդպես չի լինելու՝ պետք չի, մենք լավ էլ պահում ենք մեր սահմանը»:

DSCN7957

Ազատամարտիկ-հետախույզ Վովա Վարդանովը համաձայն չէր մարտական ընկերոջ հետ. «Ես քեզ հետ համաձայն չեմ: Խաղաղապահ ուժերը դրվում են այնտեղ, որտեղ երկու կողմերը խնդրում են, ասում են՝ բերեք դրեք, էլի, մենք իրար հետ լեզու չենք գտնում, օրինակ՝ արաբական աշխարհի եւ Իսրայելի միջեւ, Իրաքում, սերբերի եւ խորվաթների միջեւ: Խաղաղապահն այն ուժն է, որը չի գալիս քեզ պաշտպանելու, քեզ համար զոհվելու, այլ գալիս է իր շահերը առաջ տանելու համար: Եթե մենք կատարյալ հիմար ենք, կարող ենք խաղաղապահներ բերել որտեղից ասես՝ անգամ Թուրքիայից: Այս Մերձկասպյան Թուրքիան (Վ. Վարդանովն Ադրբեջանն այդպես է անվանում-Մ. Բ.) խաղաղապահների անվան տակ թուրքական բանակի ստորաբաժանումներ է ուզում բերել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031