Դիմում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանում, սահմանային գոտում, Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների առիթով: Սույն նամակի պատճեները հասցեագրվել են Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Քեթրին Էշթոնին, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար՝ Լամբերտո Զանիեին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար՝ Թորբյորն Յագլանդին, եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ նախագահող՝ Դիդյե Բուրկհալթերին:
Բրյուսել, 1-ը Օգոստոսի 2014թ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.
Դեսպան՝ Իգոր Պոպովին
Դեսպան՝ Ջեյմս Ուորլիքին
Դեսպան՝ Պիեռ Անդիոյին
Ձերդ գերազանցություններ.
վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հարձակումներն ու գնդակոծումները՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, ինչպես նաեւ կրակ բացելը Միջազգային կարմիր խաչի Երեւանի գրասենյակի պատվիրակության անդամների վրա, կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների՝ ամբողջ տարածաշրջանում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այս իրողության, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մշտական ռազմատենչ հայտարարությունների վրա՝ հայության եւ Հայաստանի հանդեպ:
Պրն. Ալիեւը շարունակում է ՀՀ մայրաքաղաք Երեւանը անվանել. «Երեւանի խանություն», բնորոշելով այն իբրեւ Ադրբեջանին պատկանող տարածք եւ մշտապես սպառնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի դեսպանների 5-րդ հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Բաքվում, նա հատուկ կերպով նշեց, թե Ադրբեջանի նպատակն է Հայաստանը պատանդ պահել, արյունաքամ անելով այն՝ ստիպելով Հայաստանի բնակչությանը արտագաղթելու եւ նվազեցնելու բնակչության թիվը: Նվազեցմաննպատակով են նաեւ սահմանային շրջաններում ոճրագործություններ կատարվում:
Ադրբեջանը պատասխանատու է վերջին մի քանի շաբաթների ընթացքում, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ սահմանամերձ շրջաններում արձանագրված քաղաքացիների եւ զինվորականության սպանությունների համար: Ըստ երեւույթին Ադրբեջանի նախագահի համար Ադրբեջանի քաղաքացիների կյանքը արժեք չունի, սակայն մեզ համար մարդկային կյանքի կորուստը աղետ է եւ մենք բարձր ենք գնահատում մարդկային կյանքի ու խաղաղության պահպանումը: Արժեքներ, որոնք պատրաստ ենք պահպանելու բոլոր միջոցներով: Եթե Ադրբեջանը ստիպված չլինի դադարեցնել իր այս պատերազմատենչ ընթացքը, կարճ ժամանակից զարգացումները կդառնան անկանխատեսելի:
Հայերի կողմից ԼՂՀ-ի դեմ դիվերսիոն գործողությունների վիժեցմանը հաջորդեցին անընդհատ գնդակոծումները ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Հայկական կողմն անշուշտ այլ ելք չունի ու հակազդելով չեզոքացնում է ազերիների հարձակումները: Ադրբեջանի այս արկածախնդրությունը պետք է ավարտվի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլեւս պետք է դադարի զինյալ գործողությունների չդիմելու կոչ ուղղել երկու կողմերին: Անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը խիստ կերպով պահանջի Ադրբեջանից դադարեցնելու սահմանային շրջանների մոտ ռազմական գործողությունները եւ կառուցողական մոտեցումներով վերադառնա բանակցային գործընթաց: Շրջանի մեջ մի նոր պատերազմը, կունենա ահավոր հետեւանքներ ամբողջ տարածաշրջանին համար՝ լուրջ կերպով ազդելով նաեւ Եւրոպայի վրա:
Պահն է այժմ դիմելու գործնական քայլերի եւ Ադրբեջանին, որպես Ալիեւի վարչախմբի պատանդ դարձած երկրի, զերծ պահելու անկանխատեսելի հետեւանքներով նոր պատերազմ սկսելուց: Կոչ ենք ուղղում միջազգային բոլոր համապատասխան կազմակերպություններին, գործնական խիստ միջոցներով ազդել Ադրբեջանի վրա, նախքան պրն. Ալիեւը կդիմի բոլորի համար վտանգավոր, կործանարար քայլերի:
Հարգանքներով՝
Գասպար Կարապետյան,
Նախագահ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի