Այսօր «Զարկերակ» ակումբում, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իրո՞ք մեր սահմաններին չկան բավականաչափ արդիական սարքավորումներ, որոնցով հնարավոր կլինի տեղեկանալ եւ կանխել ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումները, ինչի մասին այսօր խոսում էին հետախույզ ազատամարտիկները, razm.info կայքի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանն ասաց, որ, թեեւ ինքը այդ ոլորտում մասնագետ չի, բայց իր տվյալներով, բացի նրանից, որ այդ սարքերը այնքան էլ հրաշագործ չեն, որքան գովազդվում են, կա նաեւ ավելի լուրջ խնդիր. «Մեր շփման գծի շատ հատվածներ բավականին բարդ ռելիեֆներ ունեն, եւ նմանատիպ ենթակառուցվածքներ կառուցելը, որ այդ սարքավորումները գործեն, մի քիչ խնդրահարույց է՝ հոսանք անցկացնել եւ այլն»: Նա համաձայն էր, որ որքան շատ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդրվեն, որքան շատ գումարներ լինեն այդ սարքավորումները գնալու համար՝ կապի միջոցներ, ռադարներ, անօդաչու սարքեր եւ այլն, եւ դրանք սահմանի ողջ երկայնքով տեղակայելու համար, այնքան լավ կլինի, սակայն «տվյալ պահին մեր հնարավորությունների սահմանում ունեցած միջոցները սահմանների վրա բավականին արդյունավետ են օգտագործվում, թեեւ, այո, համաձայն եմ, որ քանի դեռ մենք թեկուզ մեկ զոհ ենք ունենում, ուրեմն դեռ կատարելագործման տեղ ունենք»:
Կարեն Վրթանեսյանի տպավորությամբ՝ ադրբեջանցիները որդեգրել են հետեւյալ մարտավարությունը. լայնածավալ մարտական գործողությունների պատրաստ չեն, բայց փորձում են հոգեբանական ճնշում գործադրել հայերի վրա՝ ոչ միայն տեղեկատվական ոլորտում, այլեւ ռազմադաշտում. «Չնայելով իրենց կորուստներին եւ ստացած պատասխաններին՝ փորձում են լարվածության մեջ պահել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, զինուժին, կարծես ուղերձ են փոխանցում՝ հանձնեք Ղարաբաղը եւ ձեր պրոբլեմները կվերանան: Բայց դա այդպես չէ՝ հող հանձնելով հող չեն պաշտպանում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ