Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում ուժգնացած կրակահերթերը խաթարեցին առանց այն էլ անհանգիստ այս ամառը, գրում է Վաշինգտոնում գործող Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ իր հոդվածում վերլուծելով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Ղարաբաղի ճակատային գիծը բնութագրելով որպես «Եվրոպայի ամենառազմականացված տարածք»՝ փորձագետը արձանագրում է, որ անցած 15 տարիներին այստեղ սահմանային միջադեպերից ամեն տարի 2-3 տասնյակ մարդ է զոհվել, սակայն այս տարի իրավիճակը վատթարացել է մի շարք գործոնների ազդեցությամբ, որոնց թվում է, ըստ Թոմաս դե Վաալի, Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունների շարունակվող մրցավազքը:
«Հայաստանը ավելի շատ ռուսամետ ուղղություն է բռնել` Ռուսաստանի Եվրասիական միությանը անդամակցելու նկրտումներով: Հնարավոր է, որ այս հանգամանքը ամրապնդել է Երևանի համոզմունքը, որ հակամարտության դեպքում Մոսկվան կմիջամտի և օգնության կհասնի Հայաստանին», – գրում է նա, – «Ադրբեջանը ավելի անվստահ և ագրեսիվ տպավորություն է թողնում: Այդ երկրում ամբողջ թափով շարունակվում են իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ճնշումները»:
«Հրադադարի խախտումները հիմնականում տեղային բնույթ են կրում և համակարգված չեն, սակայն ավելի լուրջ միջադեպերը, ինչպիսիք օրինակ շփման գծի ողջ երկայնքով հարձակումներն են, չեն կարող առանց քաղաքական հաստատման տեղի ունենալ: Այս հարձակումները առավել հավանական է` գալիս են ադրբեջանական կողմից, որը մերժում է հրադադարը ամրապնդելու և դիպուկահարներին հետ քաշելու միջազգային նախաձեռնությունը»,- գրում է փորձագետը:
Նրա խոսքով՝ «որպես հակամարտության պարտված կողմ՝ Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս-քվոն, նյարդայնացնել մյուս կողմին և աշխարհին հիշեցնել հակամարտության մասին»:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն»ռ/կ-ի կայքում