Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաչափության մեթոդը կկիրառվի նաև Հայաստանում

Օգոստոս 06,2014 19:02

Հայաստանի և արտասահմանի՝ մինչև 35 տարեկան մի խումբ երիտասարդներ մասնակցում են «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցին, որի մեկնարկը տրվեց այսօր՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ավտոմատացման և պրոբլեմների ինստիտուտում։

Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում գիտաչափության միջազգային դպրոցի կազմակերպումը հնարավորություն կընձեռի հայ գիտական հասարակությանը ներկայացնելու գիտաչափության էությունը, կարևորությունն ու նշանակությունը գիտության զարգացման համար, ինչպես նաև ծանոթացնելու ոլորտի միջազգային չափանիշներին, ներկայացնելու գիտության զարգացման հայեցակարգերի միջազգային փորձն ու դրանց կիրառելիությունը Հայաստանի գիտության զարգացման գործում:

«Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական ցուցանիշ է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է նպաստել ազգային գիտության զարգացմանն ու ինտեգրմանը գիտական միջազգային շուկային»,- ասում է Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը։

Գիտաչափության մեթոդն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, և ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին ուրախացնում է աշխարհի շատ երկրներում լայն տարածում ստացած գիտաչափության մեթոդի կիրառումը նաև Հայաստանում. «Մենք բազմաթիվ գիտնականներ ունենք, որոնք տարբեր ամբիոններից «դոշ ծեծելով» պնդում են, որ իրենք հանճարեղ գործեր են անում: Բայց միայն ասելով, լեզվական հմտությունները կիրառելով չէ: Մեթոդներ կան, գիտաչափություն կա, որի միջոցով հնարավոր է գնահատել ցանկացած գիտնականի, ցանկացած գիտական աշխատանք, գիտական հիմնարկ և այլն»,- ասում է Գիտության կոմիտեի նախագահը։

Հարց-դիտարկմանը, որ եթե գիտաչափությունն այդքան նշանակալի դեր կարող է ունենալ գիտության ասպարեզում, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը միայն հիմա անցնում դրան, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Խորհրդային Միությունը շատ քիչ էր հիմնվում նման տեղեկատվության վրա, բայց դա էլ իր բացատրությունն ունի. գիտությունը հենված էր ռազմական ուսումնասիրությունների վրա և առանձնապես շահագրգռվածություն չկար, որ այդ տեղեկատվությունը բաց լինի և հնարավոր լինի ինչ-որ ձևով գնահատել դա: Իսկ այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի նաև բավականին լուրջ գիտություն, և պարտավոր ենք ունենալ նմանատիպ կառույցներ»։

Հավելենք, որ Երիտասարդ գիտնականների դպրոցն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031