Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

Օգոստոս 06,2014 18:14

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով անցած 20 տարվա համագործակցության արդյունքները` նախարարն ընդգծեց.
«Կարծում եմ, որ համատեղ իրականացված բոլոր ծրագրերն իրենց արդյունավետությամբ շահեկանորեն տարբերվում են և կարևոր դերակատարություն են ունեցել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս կծավալենք ոչ պակաս արդյունավետ նոր ծրագրեր»:
Նախարարն առանձնացրեց հատկապես առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներին, մոր և մանկան առողջությանը, վերարտադրողական առողջությանը, տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ծրագրերը:

Այնուհետև Արմեն Մուրադյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագրի շուրջ նոր մոտեցումները` կարևորելով որակի վերահսկման հստակ չափորոշիչների ներդրումը։
«Հակակոռուպցիոն ծրագրին ԱՄՆ ՄԶԳ-ն անդրադարձել է, և կուզեի, որ այն շարունակական լիներ: Միաժամանակ, ցանկալի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թե՛ ֆինանսավորման աղբյուրների, թե թվայնացված չափորոշիչների պարագայում ակնկալվող որակի վերաբերյալ։ Այս ամենը ղեկավարելի և հաշվառելի կդառնա էլեկտրոնային համակարգի առկայության պայմաններում։ Համոզված եմ, դա կնպաստի շատ խնդիրների լուծմանը, այդ թվում` վստահության պակասի հաղթահարմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ուղղությամբ նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` կազմակերպելով շուրջօրյա գործող «Զանգերի կենտրոն»` ակնկալելով գործընկերների համագործակցությունը։

«Կարծում եմ` իրազեկվածության բարձրացումն առաջին քայլն է լինելու հակակոռուպցիոն պայքարում»,-ընդգծեց նախարարը:

Քարեն Հիլլիարդը ևս, բարձր գնահատելով անցած տարիների համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա և նոր թափ կառնի։ Նա նշեց, որ ավարտին է մոտենում շտապ բուժօգնության ծառայություններին աջակցման ծրագիրը։

Առողջապահության ոլորտին ուղղված ներկայիս համատեղ ծրագրերը երեք ուղղվածություն ունեն. մոր և մանկան առողջության բարելավում, այդ թվում` սնուցում, վերարտադրողական առողջություն և ընտանիքի պլանավորում, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես` տուբերկուլոզի դեմ պայքար։ Այս ծրագրերը համառոտակի ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ առողջապահության ծրագրի կառավարման մասնագետ` Աստղիկ Գրիգորյանը։

Քարեն Հիլլիարդը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ստորագրված համաձայնագրերով ԱՄՆ ՄԶԳ-ն բացի առողջապահական, սոցիալական ծրագրերից, իրականացնում է նաև ժողովրդավարության խորացմանն ուղղված ծրագիր, որի բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն է։

«Մեկ տարի առաջ այն քննարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ։ Մենք առաջարկել ենք հակակոռուպցիոն ծրագիրն սկսել 1-2 ոլորտից։ Եթե նույնիսկ Հայաստանի կողմից ներկայացված ռազմավարությունն ավելի լայն ընդգրկվածություն ունենա, ապա մեր համագործակցությունը կլինի 1-2 ոլորտում։ Հնարավոր է, որ դրանցից մեկն առողջապահության ոլորտը լինի»,-ասաց Քարեն Հիլլիարդը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031