Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխհրամանատար. «Պիտի ճշտեն ինչ են ուզում՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ հայրենիք պաշտպանելը»

Օգոստոս 06,2014 17:51

«Ես չեմ մասնակցել այդ հավաքին, բայց տեղյակ եմ: Նման գաղափար շատ շուտվանից կար: Նման գաղափարի համահեղինակներից մեկը ես եմ, թող անհամեստություն չթվա: Իհարկե, գաղափարն ազնիվ է, անհրաժեշտությունը կա հասարակության մեջ ստեղծելու ազատամարտիկների դաշինք: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք այդ գաղափարի շուրջ հավաքված մարդիկ ի վիճակի՞ են անել այն անհրաժեշտ գործողությունները, որի կարիքն այսօր ունի թե՛ ժողովուրդը, թե՛ ազատամարտիկը: Նաեւ այն մարտահրավերները, որոնք այսօր մեր առաջ կայացել են: Ընդհանուր առմամբ, իհարկե, ողջունելի է, բայց մտավախություն կա, արդյո՞ք էլի չի վերահսկվելու ինչ-ինչ ծառայությունների կամ ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից: Այս աշխարհում առանց քաղաքական կողմի ոչինչ չի լինում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նոր ստեղծվելիք Ազատամարտիկների դաշինքի մասին այսպիսի կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Արարատ Ծատուրյանը:

Hraparak.am-ի տեղեկատվությամբ, երեկ ազատամարտիկները, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարներ, պահեստազորային սպաներ հավաքվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքում՝ քննարկելու երկրում եւ սահմաններին տիրող իրավիճակը: Նրանք հայտարարել են, որ ստեղծում են Ազատամարտիկների դաշինք, որ իրենք պետք է երիտասարդ զինվորների եւ սպաների կողքին լինեն:

Հարցին՝ ի՞նչ կարող է անել Ազատամարտիկների դաշինքը՝ այս լարված իրավիճակում Արարատ Ծատուրյանը պատասխանեց. «Առանց ՊՆ-ի հետ համադրվելու, առանց նրանց թույլտվության որեւէ ցանկացած միություն հաստատ կօգտագործվի՝ ի վնաս ազգի եւ մեր ժողովրդի: Բնականաբար, պիտի համագործակցեն ՊՆ-ի հետ: Մենք ժամանակին առաջարկել ենք ՊՆ-ին սահմանամերձ գյուղերում ստեղծելու արագ արձագանքման խմբեր, ցավոք, իրենք մերժել են: Որովհետեւ իրենք չունեն մեխանիզմը՝ զենքերի վերահսկման, չկան երաշխիքներ, մենք այն երկիրը չենք, որ դրանք որեւէ կենցաղային միջավայրում չեն օգտագործվի: Ինձ համար հասկանալի է, թե ինչի են մերժում»:
Ազատամարտիկներն ասել են՝ «տեսնում ենք մեր պատմությունը, մեր ընտրած ճանապարհը մեր ձեռքից խլողներին: Էսօր հավաքվում ենք՝ էս սելավի դեմն առնենք: Համաձա՞յն եք, տղերք, կանգնեք այս երկրին տեր»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ազատամարտիկները իշխանափոխության հասնեն՝ Արարատ Ծատուրյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Առավել եւս, մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ կապված անկանխատեսելի իրադարձություններ չեն լինում եւ չեն էլ կարող լինել: Եթե նրանք հավաքվել են, խնդիրը պետք է ուրիշ կերպ դնեն: Այլ խնդիր է իշխանափոխություն, այլ խնդիր է հայրենիք պաշտպանելը: Հիմա նրանք պիտի ճշտեն՝ իրենք ինչ են ուզում: Դա իրենց իրավունքն է: Պատերազմով անցած յուրաքանչյուր ազնիվ ազատամարտիկ իրավունք ունի թե՛ հայրենիքը պաշտպանելու, թե՛ նաեւ քաղաքական պայքարի: Իսկ ինչ վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, բնականաբար, մենք մեր թշնամիներին իհարկե պիտի այստեղ ման գանք, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ դրսի գործն արվի»:

Մեր հարցին՝ նման հավաքները, դաշինք ստեղծելը այս իրավիճակում ավելորդ խուճապի տեղիք չի՞ տա՝ փոխհրամանատարը պատասխանեց. «Բանակին այլընտրանք չի կարող ոչինչ լինել: Նրանք, ովքեր բանակի կայացմանը կամ ստեղծմանը մաս են կազմել, այսպես ասած՝ ամագ ունեն, ներդրում ունեն, իրենք շատ ցավագին են վերաբերվում բանակում տեղի ունեցող բացասական երեւույթներին: Եթե նպատակն ազնիվ է, բնականաբար, քննադատությունն էլ է ազնիվ: Այլ խնդիր է, որ այսօր պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Եթե հաշվի առնենք նաեւ ծնելիության նվազ մակարդակը, տղաների քիչ ծնվելը, բնականաբար, բանակն ունի լուրջ պրոբլեմներ: Նրանք, ովքեր այսօր ստանձնել են բանակաշինության պատասխանատվությունը, նրանք պիտի մտածեն՝ այդ խնդիրների դեմն ինչպես առնեն, ինչպես այդ խնդիրներին լուծում տան: Ազատամարտիկն իրավունք ունի օգնելու, սատարելու: Լավ կլիներ, որ բանակը համագործակցեր ազատամարտիկ հրամանատարական այդ կազմի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ազատամարտիկների հավաքի լուսանկարը՝ «Հրապարակի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031