«Բանդայի գործով» «պարագլուխ» Արտուշ Հակոբյանն իր նկատմամբ հարուցված մեղադրանքը կապում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ընտանիքի հետ թշնամության հետեւանք:
Նա ասում է, որ ներընտանեկան վեճի պատճառով 35 տարի առաջ իր ընտանիքի 7 անդամ կալանավորվել է. «Ինձ, եղբորս, քրոջս ամուսնուն, մյուս քրոջս որդուն, իմ ամենօրյա ընկեր, եղբորս ընկեր Աշոտ Մարտիրոսյանին, եղբորս ընկեր Արման Դալլաքյանին: Արմանը մեր տան տղեն էր, մեր հետ էլ աշխատում էր»:
Ըստ նրա՝ Արման Դալլաքյանի նկատմամբ ոստիկանությունում խորթ, կեղտոտ մեթոդներ են կիրառվել, որպեսզի կորզվեն ցուցմունքներ. «Մեղադրողը կասի, որ կտտանքներ չեն եղել: Արման Դալլաքյանի շալվարը իջեցրել են եւ սպառնացել են, ռետինե մահակը հետեւը մտցնել, սպառնացել են նկարել, ուղարկել ինտերնետ: Ինչու Դալլաքյանն ինքնասպանության փորձ արեց, դանակը 4 տեղից փորը խցկեց, որ պրծներ այդ խայտառակությունից»:
Արտուշ Հակոբյանը հայտնեց, որ Արման Դալլաքյանին բերման են ենթարկել նարկոտիկի կասկածանքով, սակայն, չգիտես ինչու, հետագայում կապել են բանդայի հետ, իր հետ:
«Ագուլիս» ռեստորանում տեղի ունեցած խնջույքի հետ կապված էլ Արտուշ Հակոբյանը տվեց իր ընկերներից մի քանիսի անունը, որը մինչ այդ չէր ասել, եւ պաշտպանական կողմի համար ալիբի էր:
Կարդացեք նաև
Մասնավորապես, որ մինչ ձերբակալվելը նա եղել իր ընկեր Վառլամ Հակոբյանի, քրոջ որդի Ռուբեն Կարաօղլանյանի հետ:
Այդ օրը իր ընկեր, գործարար Արմեն Մկրտչյանի ծննդյան օրն է եղել: Արմեն Մկրտչյանը նախորդ գիշերվանից եղել է իր հետ:
Իսկ թե ինչո՞ւ չի ասել, ամբաստանյալը պատասխանեց, որ չի վստահել, քանի որ հնարավոր էր նրանց էլ բերեին, ծեծեին, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը զարմացած հարցրեց. «Գործարարին ոնց կարող էին ծեծել»:
Դահլիճից հնչեցին մի քանի խոշտանգված գործարարների անուններ:
Դատարանը հետաքրքրասիրություն ցուցաբերեց այս անունների նկատմամբ, հնարավոր է, նրանց դատակոչի դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ