Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Զոհերի գլխավոր մեղքը ընկնում է Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի վրա»

Օգոստոս 06,2014 17:15

«Սահմանային վերջին զարգացումները կկապեի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցած տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների հետ, երբ անցյալ տարեվերջից սկսած՝ գնալով սաստկացան սահմանային դեպքերը»,-Aravot.am-ի հարցին՝ սահմանային վերջին դիվերսիոն գործողությունների պատճառները որտե՞ղ պետք է փնտրել, այսպես պատասխանեց Նախախորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նկատեց, որ այս գործողությունները նոր չեն, քանի որ 1994-ի զինադադարից հետո այդպես էլ հրադադար չտեսանք:

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ ազերիները, ալիևյան իշխանությունն ունի այս ամենից ինչ-որ բան քաղելու՝ իր խնդիրները: Նա շեշտեց նաև Ռուսաստանի դերակատարությունը. «Տարածաշրջանում՝ որպես գլխավոր դերակատար, ՌԴ-ն ցանկություն ունի օգտվելու այս իրավիճակից: Պիտի հիշենք, որ զինադադար երաշխավորող կողմը ռուսական կողմն է եղել: Այնպես որ, վերջին սաստկացումները հնարավոր էր կանխել, եթե նրանք միջամտեին այս ամենին, և հայ-ադրբեջանական սահմանում կլիներ քար լռություն»:

Իսկ թե ինչու Ռուսաստանը դա չարեց, պարոն Սեֆիլյանը կապում է առաջիկայում Սոչիում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման հետ ու մանրամասնում. «Պուտինը Ադրբեջանին ստիպելու է, որ պետք է օր առաջ մտնել Եվրասիական տնտեսական միություն, կարծարծվի նաև խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, որը, բնականաբար, Հայաստանի շահերին երբեք չի համապատասխանում: Եթե նման որոշում ընդունվի, դա մեզ համար կլինի ֆորսմաժորային իրավիճակ»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Սոչիից ոչինչ չի ծնվելու: Ադրբեջանի շահերի մասին խոսելով՝ պարոն Սեֆիլյանն ասաց. «Դա արվում է ներքին սպառման նպատակով: Ականատեսն ենք, թե ալիևյան ռեժիմը ինչպիսի բռնատիրական մեթոդներ է կիրառում: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է ՀՀ-ի և Արցախի այսօրվա վիճակը, արտագաղթի տեմպը և այս ամբողջ իրավիճակին, եթե ավելանում են նաև սահմանային այսպիսի վտանգավոր երևույթները, օրումեջ հայկական կողմը զոհեր է ունենում, ապա այս ամենը կօգնի Ադրբեջանին օր առաջ ՀՀ-ն հասցնել կապիտուլյացիայի:

Նրանք օգտվում են նաև Մինսկի խմբի պառակտվածությունից»:
Մեր հարցին՝ ո՞րն է ՀՀ ԱԳՆ-ի թերացումը, որ իրավիճակը սրվել է այս աստիճան, մանավանդ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց,  թե 1994-ին ՀՀ զինված ուժերը էստաֆետը հանձնել են արտաքին գերատեսչությանը: Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Կարծես ԱԳՆ գոյություն չունի: Պաշտպանության նախարարը նաև այդ գործառույթն է ստիպված իրականացնում:

Նալբանդյաններին վստահել այդպիսի պատասխանատու գործ այս նեղ օրերին, շատ վտանգավոր է: Եթե ես լինեի Սեյրան Օհանյանի փոխարեն, այսօրվա դիվանագիտական կորպուսին՝ Նալբանդյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հրապարակային դատի կտայի նրանց հանցավոր անգործության համար: Այս զոհերի գլխավոր մեղքը ընկնում է Սերժ Սարգսյանի, Նալբանդյանի և ամբողջ դիվանագիտական կորպուսի վրա:

Դժբախտաբար այսօրվա բանակի ղեկավարությունը չի հասունացել այդ գիտակցության, որ օր առաջ պիտի ձերբազատվել քաղաքական այս կեղծ խավից: Ուստի օր առաջ պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Այսօր բանակին պետք չէ հարվածել, բանակը մնացել է մեր վերջին սյունը, մեզ հաջողվելու է նրա միջոցով պահպանել այս անցումային փուլը և հետո ստեղծել ինքնիշխան պետություն»:
Ըստ Սեֆիլյանի՝ այսօր գլխավոր հարցը շարունակում է մնալ մեր ներքին վիճակը. սահմանում, արտաքին քաղաքական ճակատում ինչ ձախողումներ լինում են, մեր ներքին իրավիճակից է բխում»:

Մեր դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ եթե սահմանին համապատասխան տեխնիկական հագեցվածություն լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել զոհերից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Անձեռնմխելի սահման գոյություն չունի: Չեն հասկանում գործից: Եթե հակառակորդին հաջողվում է մի քանի դիվերսիա անել, դրանով չափել մեր բանակի մարտունակությունը, դա տգիտություն է: Այս իմաստով բանակին պետք չէ մեղադրել: Այսօրվա տեղի ունեցածը ոչ այնքան ռազմական, այլ քաղաքական խնդիր է:

Մյուս կողմից՝ այս տարիների ընթացքում սահմանով մեկ կարող էինք այնպիսի հագեցվածությամբ և կազմակերպված գործունեությամբ հանդես գալ, որ հակառակորդի գործունեությունն ավելի դժվարացնեինք՝ ստեղծել այն մեխանիզմը սահմանի թիկունքում, որն է շատ շուտ հայտնաբերման և չեզոքացման: Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական ղեկավարության պատճառով է, որ սովորական սահմանում ոչ տեխնիկական հագեցվածություն ունենք, ոչ թիկունքում համապատասխան պատրաստվածություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031