Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը ԵԿՄ-2 չէ». Սուրեն Սարգսյան

Օգոստոս 06,2014 17:00

Երեկ ազատամարտիկները, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարներ, պահեստազորային սպաներ հավաքվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքում՝ քննարկելու երկրում եւ սահմաններին տիրող իրավիճակը: Hraparak.am-ի տեղեկատվությամբ՝ նրանք հայտարարել են, որ ստեղծում են Ազատամարտիկների դաշինք: Ազատամարտիկները հայտարարել են, որ իրենք պետք է երիտասարդ զինվորների եւ սպաների կողքին լինեն: Առաջիկայում Ազատամարտիկների դաշինքը 11 հոգուց բաղկացած խորհուրդ կձեւավորի: Ազատամարտիկները հայտարարություններ են արել՝ մեր երկրին տեր կանգնելու, ժողովրդին միավորող «մերանը» լինելու մասին:

Aravot.am-ը այդ հավաքին մասնակցած ազատամարտիկ, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակի պետք է ծառայի այդ դաշինքը, կա՞ն քաղաքական ուժեր՝ դրա ետեւում կանգնած, թե՞ չկան:

Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ դաշինք են ստեղծում, որը պետք է նպաստի մեր երկրի կայացմանը. «Մանրամասների հետ կապված առաջիկայում մամուլի ասուլիս կանենք եւ կտեղեկացնենք, թե ինչպես եւ ովքերով պետք է դա անենք»:

Մեր հարցին՝ դա իշխանափոխության հնարավո՞ր է տանի՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրը այդպես չի դրված: Եթե իշխանությունը, նախագահը, նախարարը վատ է աշխատում, կամ պիտի լավ աշխատի, կամ ռադը քաշի: Մենք ազատամարտիկներով մեր հավաքով պիտի փորձենք վերահսկենք մեր երկրի օրինական ընթացքը: Սա իրավաբանական կազմակերպություն չի, ազատամարտիկների դաշինք է: Որ ասում են ԵԿՄ-2…բան, նման բան գոյություն չունի: Կռված տղերքն ունեն իրենց մտահոգությունները: Օրը կգա՝ հայտարարություն կանենք»:

Մեր հարցին՝ Ձեր հավաքը զուտ քաղաքակա՞ն նպատակներ ունի, թե՞ շփման գծում այս լարված իրավիճակում օգնելու համար է՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք բանակ ենք պահում, բանակ ենք ստեղծել, ի՞նչ է նշանակում պիտի բանակին օգնենք: Բոլոր այն տղերքը, ովքեր այս պահին սահմաններում են, այդ տղերքը կլինեն խրամատներում, ավելորդ ամպագորգոռ հայտարարություններ, որ հավաքվենք, գնանք սահմաններ՝ դրա կարիքը չկա:

Եթե կարիք լինի՝ ՊՆ նախարարը մեզ տեղյակ կպահի: Պետք չի բանակին խանգարել: Բանակն իր գործն անում է: Փառք Աստծո, մեր տղաները 1-ին 10 պատասխան տվեցին: Այլ խնդիր է մեզ մտահոգել, թե ինչու բանակում մինչեւ այսօր գիտական ներուժը չի օգտագործվել՝ ավելի անվտանգ դարձնելու զինվորի կյանքը: Դրանով պետք է զբաղվել, բայց մնացածին խանգարել չի կարելի: Եթե այսօր մենք հավաքվում ենք, դա չի նշանակում, որ պետք է վեր կենանք գնանք, հասնենք պոստերը»:

Մեր հարցին՝ այս լարված իրավիճակում այդ դաշինքի ստեղծումն ավելի չի՞ ապակայունացնի իրավիճակը երկրի ներսում՝ նա պատասխանեց. «Պետք չի նման բաներ, անիմաստ է: Խուճապային վիճակ ստեղծվում է այս իշխանությունների ապաշնորհ քարոզչության պատճառով: Սա վատ իշխանության պահվածքի արդյունք է, հավատացեք: Իրենց ապաշնորհ քաղաքականությունն է: Փառք Աստծո, լավ զինվորներ ունենք, մենք էլ ենք եղել 20 տարեկան եւ կռվել ենք, եղել է Եռաբլուր: Այդ ժամանակ խուճապ չի եղել: Հոխորտալ, թե հեսա գնալու եմ եսիմինչեր անեմ՝ չի կարելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031