Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանի նամակը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. Կոնկրետ մեղավորների անուններ տվե’ք. News.am

Օգոստոս 06,2014 16:44

Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում եւ կոչերում չեն նշվել լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները: Այս մասին իր նամակում նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որն ուղղված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային եւ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին:

Նամակում ասվում է.

«Այսօր՝ ս.թ. օգոստոսի 5-ին, ուշադիր ուսումնասիրեցի Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution» նամակը։

Սրտանց երախտապարտ եմ այն տագնապի եւ խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող եւ չթուլացող ռազմական լարվածության առիթով։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաեւ չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաեւ հայկական կողմը)։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրում ընդգծվում է «Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանները եւ տարածքային ամբողջականությունը չխախտելու, վեճերը խաղաղ կարգավորելու, ժողովուրդների իրավունքների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքներին հետեւելու կարեւորությունը»։

Նշեմ, որ այս խմբագրումը ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձեւի նախագիծ է մտցվել հայկական պատվիրակության կողմից։ Հիշեցնեմ նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությունը՝ հանձին իր ղեկավարի, դեմ է արտահայտվել մեր պատվիրակության այս լրացմանը։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ, դեմ լինելով վեճերի խաղաղ կարգավորմանը, ժողովուրդների իրավունքների հավասարությանն ու ինքնորոշմանը, ադրբեջանական իշխանությունները դեռ ս.թ. հունիսի վերջից ծրագրել էին լայնածավալ ռազմական սադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս առնչությամբ կուզենայի նշել, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների եւ նրանց ղեկավարների փաստաթղթերում եւ կոչերում չեն նշվի Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները, այսինքն` Ադրբեջանի իշխանությունները։ Նման եզրահանգում անելու հիմք են տալիս այն համոզիչ ապացույցները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mil.am) զետեղված տեսանյութերում եւ լուսանկարներում։

ԵԱՀԿ ԽՎ մեծարգո պարոն նախագահ Իլկա Կաներվա, հարգելի պարոն հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշ, նամակս ուզում եմ ավարտել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 2014թ. օգոստոսի 3-ի հայտարարությունից արված մեջբերմամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031