«Պատերազմ սկսելուց առաջ պիտի վստահ լինես, որ կկարողանաս դրա «տակից դուրս գալ»: Արդյոք Ադրբեջանը կկարողանա՞: Իհարկե, ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում, որովհետև կարծում է, որ դրա համար որոշակի նախապայմաններ են անհրաժեշտ. «Պատերազմ սկսելը ենթադրում է ֆինանսական հսկայական ռեսուրսներ, տնտեսական զգալի վնաս, մարդկային ռեսուրսների մեծ կորուստ և այլն, ու եթե Ալիևը հայտարարում է, թե Ղարաբաղը հետ կվերցնի, կոչնչացնի հայերին, էս կանի, էն կանի, դա դեռ չի նշանակում, որ նա ուզում է, պատրաստ է կամ պատրաստվում է պատերազմ սկսել»,- ասում է ադրբեջանագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բարձրագոչ հայտարարություններին, որ ինքը հզոր բանակ, մեծ ֆինանսավորում և նորագույն ռազմատեխնիկա ունի, Ս. Ասատրյանն ասում է, որ այդ ամենը գործնականում ապացուցելու համար Ադրբեջանը պետք է նաև կարողանա իր առջև դրված մարտական առաջադրանքները կատարել, ինչն այսօր նրան չի հաջողվում, ինչպես ցույց են տալիս սահմանին կատարվող վերջին իրադարձությունները. «Կամ Ադրբեջանն այսօր դա չի կարողանում կատարել կամ էլ հայկական զինված ուժերն են շատ պրոֆեսիոնալ կերպով գործում»,- եզրակացնում է բանախոսը:
Իսկ ի՞նչ սպասել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում օգոստոսի 8-9-ը նախատեսված հանդիպումից:
Կարդացեք նաև
«Այդ հանդիպումն այնքանով է կարևոր, որ գոնե որոշ չափով կթուլանա սահմանային լարվածությունը: Համենայն դեպս ինձ թվում է, որ նախագահների հանդիպման առաջնային խնդիրը դա է լինելու»,- պատասխանեց Ս. Ասատրյանը:
Անդրադառնալով սահմանային լարվածության մեջ Ռուսաստանին մեղադրելու հակվածությանը, բանախոսը նկատեց, որ թեև այսօր իսկապես շատերն են Ռուսաստանին մեղադրում այդ հարցում, բայց ինքն անձամբ դա չէր կապի Ռուսաստանի հետ. «Ուկրաինայում արյունահեղությունը չի դադարում, և, բնականաբար, ողջ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կփորձեր մի հատ էլ այստեղ լարվածություն ստեղծել, որովհետև նա ինքն իր գլխացավանքն ունի այժմ»,- մեկնաբանեց ադրբեջանագետը և հավելեց, որ, ըստ էության, ալիևյան վարչակարգը տեսել է, որ բոլորի ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի կողմը, և փորձել է ստուգել նաև հայկական զինված ուժերի զգոնությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ