Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Հերոսներ կան, քարոզչությամբ ստեղծված բուտաֆորներ են»

Օգոստոս 06,2014 15:39

Ճանաչված արձակագիր Լեւոն Ջավախյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասում է, որ այս օրերին, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, մշակույթի մարդու տեղը ոչ թե սահմանին պետք է լինի, այլ իր արվեստում:
«Հենց հիմի ականջիս մի երգ եկավ` Вставай страна огромная…Ինձ թվում ա՝ այսօր մեր ժողովուրդը Հովհաննես Թումանյանի կարիքն ունի, բանաստեղծի, որը սպիտակ ձին նստած մտնում էր թուրքերի մեջ ու խաղաղություն քարոզում, էդ է իսկական գրողի տեղը, էսօր ավելի շատ խաղաղության պակաս կա: Իսկական մշակույթի գործչի տեղը իր արվեստում է, եթե մի բան ունենք անելու, մեր անելիքը Այլիսլիի ու նրա նմանների հետ է, որպեսզի վերջիվերջո էս երկու երկրների միջեւ խաղաղություն տիրի»:

Ինչ վերաբերում է մշակույթը քարոզչական նպատակների ծառայեցնելուն, գրողը համաձայն չէ. «Իմ խորին համոզմամբ, քարոզչության մեջ միշտ կեղծիք կա, էդ կեղծիքով է, որ սնվել են Պավլիկ Մորոզովն ու մյուսները…Էդ տեսակ հայրենասիրության վերջը կռիվն է, իսկական արվեստի գործիչը պիտի խաղաղություն բերի… Հիմա շատ խորը հակասական վիճակի մեջ ենք, բայց սխալը միակողմանի չէ, երկկողմանի է լինում…Ճշմարտության հակառակը նորից ճշմարտություն է…Եվ եթե արվեստի մարդը խաղաղության չհասնի, էլ ո՞վ պետք է հասնի:

Գուցե հիմա հարց տան, թե ամեն օր հայ երիտասարդներ են մեռնում, որդեկորույս մայրեր են առաջ գալիս, ո՞րն է դրա պատճառը…Ախր չենք մտածո՞ւմ, որ նաեւ երրորդ, չորրորդ ուժեր կան, որոնք կռվեցնում են, այ էդ սեպը որ էս երկու ժողովրդի միջից դուրս գա, մենք իրար հետ լեզու կգտնենք: Թե չէ՝ կռիվ բորբոքելով բան չի ստացվի: Առավել քան երբեւէ, այսօր ժողովրդական դիվանագիտությունը պետք է դեր խաղա, որ ժողովուրդներին խաղաղություն բերի: Հիմի որ պատերազմ եղավ, ոչ մեզ ա օգուտ, ոչ ադրբեջանցիներին, ոչ էլ էն կապիտալիստներին, որոնք Ադրբեջանի նավթով փող են վաստակում…

Ժամանակին մի հոդված ունեի գրած, որը կոչվում է «Հերոսի» մահը: Հիմա անցել են էդ բարբարոսական ժամանակները, որ հերոսներ են ստեղծել, դրանք քարոզչությամբ ստեղծված բուտաֆորներ են, Մատրոսովը գնացել ա, ենթադրենք՝ տանկի տակ ա ընկել կամ խրամատը փակել…Մեզ նման մարդիկ պետք չեն, մեզ ազատ, առողջ, քաղաքացիական հասարակություն է պետք՝ ե՛ւ մեր, ե՛ւ Ադրբեջանի կողմից: Իհարկե, մի բան հստակ է, որ հրով-սրով գան մեր վրա, հրով-սրով էլ գնալու են…Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն՝ ես սա եմ ուզում ակնկալել Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031