Օգոստոսի 5-ի ուշ երեկոյան, ժամը 23-ից ադրբեջանական զինուժը մոտ 2 ժամ կրակել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի վրա: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ սկզբից գնդակոծությունն ուժեղ է եղել, հետո կրակոցները ընդհատումներով են արձակվել: Վնասներ չկան:
Գյուղապետին հարցրինք, թե գյուղի բնակչության տարհանում եղե՞լ է: Նա հայտնեց, որ տարհանում չի եղել, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող թաղամասից որոշ թվով մանկահասակ երեխաներ են տարհանվել: Ֆ. Մելիքյանն ասաց. «Հազար զանգ եմ ստացել: Զանգում են Հայաստանի տարբեր վայրերում, արտերկրում ապրող կոթեցիները եւ ժամանակին Կոթիում ծառայած, այստեղ սահման պահած տղաները: Նրանք ուզում են գալ, գյուղի պաշտպանությանը, մարտերի մասնակցել: Ես էլ ասում եմ, որ մեր զինվորները ամուր են պահում սահմանը»:
Օգոստոսի լույս 6-ի գիշերը, կեսգիշերին ադրբեջանական զինուժը Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակել է Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ գնդակները 8 տեղ խոցել են բաղանիսցի Արսեն Կարապետյանի տան տանիքը, գնդակոծությունից վնասվել է Արմենակ Ալավերդյանի տան տանիքի 10 քառակուսի մետր հատված: Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Արմենակ Ալավերդյանի էշը: Հայտնի չէ, գնդակի բեկորնե՞րն են խոցել, թե ազերիների կրակոցներից ջարդված ազբոշիֆերի կտորն է վնասել էշի վիզը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ