Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխնախարար. «Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում ավելի շատ, քան Ֆրանսիայի եւ Ամերիկայի»

Օգոստոս 06,2014 13:09

Այն, որ տեւական ժամանակ Ֆրանսիան փորձում էր նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպել ու չհաջողեց, ապա ԱՄՆ-ի նախաձեռնությունը նույնպես «օդում մնաց», մինչդեռ օգոստոսի 8-9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, թեկուզ առանձին-առանձին կհանդիպեն ՌԴ նախագահի հետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մի բան է հուշում. «Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում ավելի շատ, քան Ֆրանսիայի եւ Ամերիկայի: Երկու երկրներն էլ հասկանում են, որ ՌԴ-ի միջնորդությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան Ֆրանսիայի կամ Ամերիկայի»: Այսօր, մամուլի ասուլիսում իր կարծիքը բարձրաձայնեց նախկին պաշտոնյան`պատասխանելով Aavot.am-ի հարցին:

Մեր հաջորդ հարցին`սահմանային լարված իրավիճակը կմեղմվի՞ այդ հանդիպումների արդյունքում, թե՞, ինչպես «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էր կանխատեսել. «Նախագահը Սոչիից կգա պատերազմի բոթով», Վահան Շիրխանյանն ասաց, որ իր կարծիքով իրավիճակն ինչ-որ չափով կմեղմվի, քանզի միջազգային հանրության ճնշումը բոլոր կողմերի վրա`հրադադարի ռեժիմը չխախտելու պահանջով, շատ բարձր է:

Դիտարկմանն էլ, որ պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը միշտ խախտել է պայմանավորվածությունները, հիմա ինչո՞ւ պիտի հույս ունենանք, որ մեր հարեւանն իրեն արժանապատիվ կպահի, բանախոսն արձագանքեց. «Չունենանք նման հույս, որովհետեւ մենք ունենք մի շատ անուս, անկիրթ, իր խոսքին եւ պայմանագրին դավաճանող հարեւան: Ինքներս միշտ պատրաստ լինենք»:

Վահան Շիրխանյանը չի բացառում, որ Սոչիում, նախագահների հանդիպումների ժամանակ քննարկվի սահմանին ռուսական խաղաղապահների տեղակայման հարցը: Ընդհանրապես, խաղաղապահների տեղակայմանն ինքը դեմ չէ: Անգամ Իսրայելի օրինակը բերեց, որի սահմանին 50 տարուց ավել ՆԱՏՕ-ի խաղաղապահներն են ու այդ երկիրը, կարծես, դրանից իրեն վատ չի զգում:

Վահան Շիրխանյանը ճիշտ է համարում, որ ԼՂՀ ներկայացուցիչն էլ մասնակցեր նմանօրինակ հանդիպումներին. «Ճիշտ կլինի լսել այդ մարդկանց ուղղակի, ոչ թե միջնորդավորված: Բացի այդ ԼՂՀ-ն անկախ պետություն է եւ իր անկախ քաղաքականությունն է վարում»:

Ի դեպ, Վահան Շիրխանյանը հումորով է վերաբերվում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարությանը`Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես գտնում եմ,որ այս Վահան Շիրխանյանի պես մարդկանց «կարծիքները» լու՛րջ ՎՏԱՆԳ են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային շահերին: Նայեք այս ռուսամետի տարիքին ու պարզ կդառնա,թե որտեղ են այս մարդու արմատները՝ Սովետում:

    (Ռուս) «խաղաղարարներ» հենց մտնեն Արցախ, ԱՅԴ ՊԱՀԻՑ Արցախը այլևս հայկական ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: «Անխելք» Ալիևը հե՛նց սրա՛ համար է գնում Սոչի, որովհետև միա՛յն Ռուսաստանի շահերն է համընկնում Ադրբեջանի շահերի հետ:

    ԱՄՆ/ՆԱՏՕ-ն Իսրայելին արդեն տասնյա՛կ միլիարդների գերժամանակակից զենք է տվել: Եթե ՆԱՏՕ/ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ին գեթ մի ժանգոտած տանկ տար, ՆԱՏՕ-ի զինվորի ոտք Իսրայելում չէ՛ր լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031