Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Մենք պատերազմի վերջին օրերին մեծահոգաբար կանգ առանք, մինչդեռ կարող էինք հասնել ՌԴ-ի սահման»

Օգոստոս 06,2014 12:53

«Ինձ էլ դուր չի գալիս այսօրվա վիճակը, այն ժամանակ մենք ուրիշ բան էինք պատկերացնում, այսօր ուրիշ իրավիճակ է: Բայց կա մի իրողություն, որը չի կարող չազդել մարդկանց մտածելակերպի եւ հոգեբանության վրա`Հայաստանը հաղթող կողմ է: Բանակ զորակոչվող 18-ամյա երիտասարդը, բանակում իր առջեւ ադրբեջանական ուժեր տեսնելով՝ միանգամից հաշվարկ է անում, որ ինքը հաղթող կողմի զինվորն է»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Պարոն Շիրխանյանը նկատեց. «Ադրբեջանական բանակում կան գրագետ սպաներ եւ հաշվարկ անել կարող են, ինչն իրենց ցույց կտա, որ պատերազմում Ադրբեջանը ավելի շատ պարտվելու, քան հաղթելու հիմքեր ունի: Բանակը հաղթում է, երբ կա մարտական ոգի: Զենքը երկրորդական է»:

Aravot.am-ն էլ հետաքրքրվեց`արդյոք հայկական կողմը չունի՞ բարոյահոգեբանական եւ ոգու խնդիր, քանզի այս տարիների ընթացքում արդարության սկզբունքը չգործեց մեզանում եւ արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ ուղղակի բարոյապես ոչնչացվեցին, չհաշված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որում ապրում են նրանց ընտանիքները: Մինչդեռ, դրան զուգահեռ, պաշտոնյաների եւ մերօրյա ունեւորների զավակների համար գործեց «հարց չկա» սկզբունքը:

«Կան մեզանում էլ խնդիրներ, բարոյահոգեբանական հարցեր, բայց բանակն ուրիշ բան է, ուրիշ կառույց է, այնտեղ ամեն ինչ միանգամից փոխվում է»,- ասաց նախկին փոխնախարարը`հավելելով. «Ադրբեջանը դեռ չի կարողացել հաշտվել իր պարտվող լինելու հետ»:

Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից ամենախելացի քայլը հիմա կլիներ հաշտության կնքումը. «Մենք պատերազմի վերջին օրերին մեծահոգաբար կանգ առանք, մինչդեռ կարող էինք հասնել ՌԴ-ի սահման: Սա Ադրբեջանը միշտ պետք է հիշի: Նույնը կարող է կրկնվել: Եթե հաշտություն կնքի, Ադրբեջանն ու Ալիեւն ավելի հարուստ կլինեն, մենք էլ հանգիստ կլինենք»:

Պատերազմի վերսկսումը Վահան Շիրխանյանը շատ քիչ հավանական է համարում, մի շարք քաղաքական, տնտեսական եւ միջազգային պատճառներով պայմանավորված. «Խոշոր պետություններից որեւէ մեկի գոնե այսօր Անդրկովկասում պատերազմ պետք չէ»: Նաեւ, ըստ նախկին պաշտոնյայի, այս օրերին Ադրբեջանը համոզվեց, որ հայկական բանակը շատ ավելի մարտունակ է, քան իրենք ենթադրում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031