Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեռավարակների կասկածով ստուգվում են ամուսնանալուց առաջ, որ զույգի մոտ ամոթով չմնան

Օգոստոս 06,2014 12:48

«Ամառային հանգստի ժամանակ խուսափե’ք պատահական սեռական կապերից: Իսկ եթե, տրվել եք գայթակղություններին, ապա, հանգստից վերադառնալուց հետո էլ` անպայման, ստուգվեք ու մի սպասեք, որ գանգատ լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Բժիշկը հանգստի մեկնողներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հանգստավայրերի անկողնային սպիտակեղենին, լոգարան-զուգարանի հիգիենային. «Երբեմն, ընտրում են էժան տարբերակ, որի դեպքում պայմանները ոչ բավարար հիգիենիկ են լինում: Եվ, չունենալով պատահական սեռական հարաբերություններ, հանգստից վերադառնում են սեռական եւ սնկային զանազան հիվանդություններով»:
Վրեժ Շահրամանյանի խոսքերով, առանց գանգատների ստուգվելու կուլտուրան մեր երկրում դեռեւս այնքան էլ չի բարձրացել, եւ բժշկի են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում կամ էլ` ամուսնանալուց առաջ, որպեսզի զույգի մոտ ամոթով չմնան:

«Միշտ չէ, որ սեռավարակներով վարակվելուց հետո հիվանդությունը միանգամից ի հայտ է գալիս, անձը կարող է իր դիմադրողականության հաշվին ամիսներով առողջ լինել եւ գանգատներ չունենալ, սակայն այդ ընթացքում սեռավարակներն անում են իրենց չար գործը»,-նկատում է բժիշկը:

Զբոսաշրջիկները հանգստավայրերից հիմնականում վերադառնում են
տրիխոմոնեազ, գոնորեա, խլամիդիոզ սեռավարակներով, ծովափնյա հանգստավայրերում շատ տարածված է նաեւ հերպեսը:

Սեռավարակները ժամանակին չբուժելը, Վրեժ Շահրամանյանի վստահեցմամբ, հանգեցնում է անպտղության թե’ տղամարդու եւ թե’ կնոջ մոտ:

Ըստ բժշկի, սեռավարակների գանգատներով ավելի շատ դիմում են աշնանը, քանի որ ամառային հանգստից հետո հիվանդություններն այդ սեզոնին են սկսում արտահայտվել: Աշնանը արտագնա աշխատանքից վերադառնում են նաեւ «խոպանչիները», որոնք, նույնպես, սեռավարակների հարցում, ռիսկի խմբում են: Աշխատանքային միգրանտները, հատկապես, պետք է, պարբերաբար, հետազոտվեն, քանի որ ինչպես բժիշկ Շահրամանյանն է ասում, նրանք վտանգ են ներկայացնում նաեւ իրենց ընտանիքների համար: Աշնանը սեքսապաթոլոգներին դիմելիությունը բարձրանում է նաեւ պսակադրություններով պայմանավորված:

Սեռավարակների նախանշաններն են` դիսկոմֆորտ սեռական օրգաններում, մրմռոց քոր, թարախային արտադրություն, սեռական օրգաններում վառ արտահայտված ցավեր, հաճախամիզություն եւ այլն:
Բժիշկը խորհուրդ է տալիս նման գանգատներ ունենալու դեպքում զուգընկերոջ հետ դիմել բժշկի եւ ոչ մի դեպքում չզբաղվել «դեղատնաբուժությամբ, հարեւանաբուժությամբ ու ինտերնետաբուժությամբ»:

Բժշկի կարծիքով, դեղատներում ընդհանրապես պետք է արգելվի առանց բժշկի դեղատոմսի այդպիսի հիվանդությունների համար նախատեսված դեղերի վաճառքը.
«Դեղատան աշխատողն իրեն իրավունք է վերապահում սեռավարակի համար դեղեր նշանակել: Նա մասնագետ չէ եւ ամեն սեռավարակ ունի կոնկրետ բուժման սխեմա, որը պետք է տրամադրվի բժշկի կողմից` հետազոտություններ անցնելուց հետո: Եվ բացի այդ, պատահում է անձի մոտ ոչ թե մեկ սեռավարակ է, այլ սեռավարակների փունջ, ուստի բուժումն այդ դեպքում ավելի բարդ է եւ դեղատան աշխատողը չի կարող ճիշտ բուժում նշանակել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031