Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չկա»

Օգոստոս 06,2014 12:45

«Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիների մեջ տարածաշրջանը, արցախյան հակամարտության գոտին միակ վայրն է, որտեղ առանց որևէ երրորդ ուժի՝ ուժերի հավասարակշռության պահպանմամբ, մարտական ոգու և որակյալ պատրաստվածության մեր առավելության շնորհիվ մենք պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Իրավիճակը մենք գնահատում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, քանի որ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները: Մեր սպայական պատրաստվածության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը: Երբ խոսում ենք ուժերի հավասարակշռության մասին, միանգամից կարելի է եզրակացնել, թե ինչ նշանակություն ունի քանակական ու որակական պատրաստվածությունը: Այդ առումով մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել և խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»,-հարցին՝ արդյոք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կա՞, մանավանդ, որ այդ մասին այսօր շատ է խոսվում, լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ադրբեջանի՝ միջազգային հանրությանը՝ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին նախաձեռնությանը ի պատասխան, նախարարը նշեց. «Այդ պատժամիջոցները պիտի կիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանի կողմից աշխատանքներ են տարվում միջազգային հանրությանը ապատեղեկատվություն ներկայացնելու: Ադրբեջանի հանրությունն այսօր փորձելու է դեպքերը խեղաթյուրել. երեք օրյա պատերազմով փորձում են ցույց տալ, թե որքան հզոր է իրենց բանակը, ինչ հաղթանակներ են տարել: Երեք օրյա այդ պատերազմը կարելի է փոխարինել երեք տոննա լափշայով, որը կախվում է Ադրբեջանի հասարակության ականջից»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե սահմանամերձ գոտիների բնակիչներին զենք բաժանելու կարիք չկա: Հարցին՝ ՀԱՊԿ-ից ի՞նչ արձագանքներ կան վերջին օրերին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների վերաբերյալ, պարոն Օհանյանը պատասխանեց, թե ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ լինում են, որոնց մասին չցանկացավ բարձրաձայնել:

Կամավորների` ՀՀ զինված ուժեր զինվորագրվելու կարիք պարոն Օհանյանը չի տեսնում ու միևնույն ժամանակ նշում. «Այսօր այդ անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀՀ Զինուժը և ԼՂՀ պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրները լիարժեք կատարում են: Բայց նրանց մուտքը բանակ հանդիպումները, ՀՀ զինուժի անձնակազմի, հատկապես զինծառայողների հետ, այսօր անհրաժեշտություն են, քանի որ կիսելու են իրենց մարտական փորձը: Ի վերջո, վաղը անհրաժեշտության դեպքում երեկվա փորձառու հրամանատարի և այսօրվա զինծառայողների վարպետության համապատասխան աստիճանի համադրությամբ պիտի ստանանք այն իրավիճակը, որը կբերի կուռ միասնության»:

Մտահոգություններ են հնչում, թե Ադրբեջանը արագընթաց տեմպերով պատրաստվում է պատերազմի: Սեյրան Օհանյանն այս առիթով ասաց. «Ադրբեջանը և ՀՀ-ն միշտ պատրաստվում են պատերազմին: Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս բախումները կարող են լոկալ բախումների վերաճել, բայց լայնամասշտաբ պատերազմի վերածվել չեն կարող»:

Քննադատություններին, եթե սահմանում տեխնիկական կահավորումը համապատասխան աստիճանի բերված լիներ, գուցե զոհերի թիվն այսքան մեծ չլիներ, նախարարն այսպես արձագանքեց. «ՀՀ սահմանները և շփման գիծը կահավորված են համապատասխան ինժեներական սարքավորումներով, որոնք ապահովում են և մարտական հերթապահության անվտանգ իրականացում, և պաշտպանողական օպերացիայի անցնելը: Ինժեներական կառույցների հագեցվածությունը կարելի է ասել, որ հնարավորություն չի տալիս հակառակորդին դասական ոճով լայնամասշտաբ մարտական գործողություններ ծավալել»:

Տեխնիկական հագեցվածության մասին Սեյրան Օհանյանն ասաց. «Դիրքերի շատ մոտիկ լինելը, դիրքերը, որոնք իրարից հեռու են հիսունից հարյուր մետրով, հնարավորություն չեն տալիս կիրառել տեխնիկական այդ նորագույն միջոցները: Մեր լեռնաանտառային պայմաններում դիրքերն անցնելը այնքան էլ դժվար չէ»:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերի հարձակվողական քաղաքականությանն ու ՀՀ ԱԳՆ-ի պասիվությանը: Այս առիթով Սեյրան Օհանյանը նշեց. «ՀՀ Զինուժը միշտ հարձակվողական բնույթի գործունեություն են ծավալել և այսօր էլ դա կիրառում են: Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, մենք աշխատում ենք հանուն, և ովքեր մեր սկզբունքներին դեմ են, հեռանում են մեր շարքերից: 1994-ի հրադադարից հետո կատակով արտահայտություն արեցինք, թե էստաֆետը փոխանցում ենք արտաքին քաղաքական ղեկավարությանը, և չտա Աստված, որ կրկին այդ ամենը փոխանցվի զինված ուժերին: Կատարված աշխատանքը բերում է նրան, որ իրոք կարողանում ենք դիվանագիտական հմուտ գործունեությամբ պահպանել խաղաղ պայմանները: Այսօր, իհարկե, որոշ լարվածություն կա, բայց գտնում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կգտնի այն եզրերը, որ լարվածությունը իջնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031