Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի շուրջ թեթև անկայունությունը Ռուսաստանի համար ցանկալի է. Jane’s Intelligence. 1in.am

Օգոստոս 06,2014 11:52

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ չե՞ք տեսնում:

– Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսել ու հաղթել: Եթե Ադրբեջանը նույնիսկ պատերազմ սկսի, դա պետք է լինի բլից պատերազմ, այսինքն՝ ամենաշատը տասն օր: Ինչպես Ադրբեջանի վերջին 20 տարվա պատմությունն է ցույց տալիս, Ալիևի ռեժիմը բավականին արագ կարող է թուլանալ, քանի որ Ադրբեջանում սովորաբար հեղաշրջումներն իրականություն են դառնում պատերազմական շրջաններում, երբ ադրբեջանցիները պարտություն են կրում, ուստի ենթադրում եմ, որ Ալիևը հասկանում է՝ իր քաղաքական ճակատագրի համար դա վտանգավոր ճանապարհ է: Իրենք պարզապես կարող են ավելի ակտիվացնել թեժ գիծը, բայց չեմ կարծում, թե լայնամասշտաբ հարձակման դիմեն, կարող են պարզապես թեժացնել սահմանը՝ դա դարձնելով խաղաքարտ ապագա բանակցություններում օգտագործելու համար:

Հայկական կողմը գիտի, որ սա սադրանք է, և չեն լինի մարտական գործողություններ, բայց արևմտյան միջնորդները գուցե այդպես չդիտարկեն ներկայիս լարվածությունը, վախենան, անհանգստանան և ավելի սև ու սպիտակ գույներով դիտարկեն իրավիճակը՝ կարծելով, թե Ադրբեջանն իսկապես կարող է դիմել հարձակման և նոր պատերազմի օջախ ձևավորել տարածաշրջանում:

– Այս օրերին թե Հայաստանում, թե Ադրբեջանում շրջանառվում են վարկածներ, որ անկայունության այս փուլը հրահրվեց Մոսկվայի կողմից՝ մի քանի ուղղությամբ դիվիդենդ ստանալու նպատակով: Որքանո՞վ է սա իրատեսական:

– Իրատեսական չէ: Պարզապես Ռուսաստանն Ադրբեջանի հետ վերջին զենքի գործարքներից հետո ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության շուրջ կշարունակի պահել իր ներկայիս դիրքորոշումը՝ առավելություն չտալով որևէ կողմին, ավելին՝ առավելություն չտալով ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը, ինչպես Ղրիմի դեպքում:
Բացի դրանից՝ ՌԴ-ն աչալրջորեն հետևում է արևմտյան միջնորդների քայլերին ու նախաձեռնություններին՝ իմանալով, որ առանց իր ներգրավվածության որևէ խնդիր չի կարող լուծվել: ԼՂ հակամարտության գոտու փոքր-ինչ լարվածությունը, ապա իր խաղաղարարական ջանքերը և հակամարտության սառեցման հերթական փուլը ձեռնտու են Ռուսաստանին: Բայց չեմ կարծում, թե սա Ռուսաստանն է հրահրել:

– Օլանդը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ Ալիևին և Սարգսյանին առաջարկեց հանդիպել Փարիզում, այդ հանդիպման անհրաժեշտության մասին խոսեցին բոլոր համանախագահները, Շվեյցարիայի ԱԳ նախարարը և մի շարք հեղինակավոր դիվանագետներ: Այս մասին խոսվում է շուրջ երեք ամիս, հանդիպման չկայացման շատ տարբեր պատճառաբանություններ են ներկայացվում, բայց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս տեղեկացրեց, որ նախագահները կհանդիպեն Սոչիում՝ ՌԴ նախագահի հովանու ներքո: Ինչպե՞ս ստացվեց, որ արևմտյան առաջարկը մնաց օդից կախված, իսկ ռուսական առաջարկը կամ միգուցե նախաձեռնությունը միանգամից իրագործվեց:

– Ինձ թվում է, որ Հայաստանի դեպքում պարզ է՝ յուրաքանչյուր արևմտյան նախաձեռնության, որում Ադրբեջանը ներգրավված չէ, Հայաստանը չի մասնակցի, քանի որ Ռուսաստանի ցայտուն ազդեցության տակ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանն է հիմնական որոշող գերտերությունը տարածաշրջանում և պետք է նախընտրությունը տալ Ռուսաստանին և ոչ՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային:

– Կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ հակամարտության կարգավորման գործընթացն այլևս Ռուսաստանի ձեռքում է:

– Հնարավոր է, եթե իսկապես Ռուսաստանը ցանկանա գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից, երկու կողմն այդքան էլ դեմ չեն լինի, բայց չեմ կարծում, թե Ռուսաստանը նման քայլի դիմի: Իհարկե, ինքը կցանկանա լինել այն համանախագահը, որը կարողացավ հակամարտությունը կարգավորել, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներում, բայց՝ ռուսական միջնորդական ջանքերի շնորհիվ: Բայց նորից եմ ասում՝ թեժ հակամարտությունը սառեցնել Ռուսաստանը կարող է, բայց լուծելը չեմ կարծում, թե Ռուսաստանի շահերից է բխում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031