«Մինչև Սոչիի հանդիպում հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալել Սոչիում օգոստոսի 8-9-ից ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, արդյոք հանդիպումից հետո իրավիճակի կայունացում կանխատեսվո՞ւմ է, այսպես պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այնուհետև նախարարը շարունակեց. «Դրա համար ՀՀ զինուժը այս ժամանակահատվածում, նաև հանդիպումից հետո մշտապես պիտի լինեն իրենց դիրքերում, մանավանդ ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնեն իրենց մարտունակությունը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ ավելի քան պատրաստ են ցանկացած գործողության արձագանքելու: Մեր հարևանները ԼՂՀ-ում առավել քան պատրաստ են գործողությունների ցանկացած զարգացման»:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ այս լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում փորձել և ազդեցություն գործել միջազգային հանրության և մեր հանրության վրա և բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին:
Կրկին անդրադառնալով Սոչիում սպասվող՝ նախագահների հանդիպմանը, պարոն Օհանյանն ասաց. «Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու, կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Երկխոսությունն է միայն այն պայմանը, որի պարագայում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ համապատասխան ընթացք կտան խաղաղ լուծման ընթացքին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ