Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. «Չեմ կարծում, թե այս փուլում Հարավային Կովկասում անկայունությունը Ռուսաստանին ձեռնտու է». «Ժամանակ»

Օգոստոս 06,2014 10:35

«Ժամանակի» զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը

Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում, մի շարք փորձագետներ պնդում են, որ նման մասշտաբի լարվածությունը չէր կարող Մոսկվայի հետ համաձայնեցված չլինել, ավելին՝ Ադրբեջանն այս փուլում ստացել է Ռուսաստանի կանաչ քարտը։ Լայնորեն շրշանառվող այդ պնդումների համաձայն՝ Ռուսաստանը, ոչնչի դիմաց ստանալով Հայաստանը, աշխատում է Ադրբեջանին ստանալու ուղղությամբ, որի համար, ըստ Ադրբեջանի պահանջի, պատրաստ է նույնիսկ գին վճարել՝ ի հաշիվ Հայաստանի եւ ի հաշիվ Հայաստանի ազատագրած տարածքների։ Կարծիքների համաձայն՝ Ռուսաստանը սրանով Արեւմուտքին եւս մեսիջ է ուղարկում՝ հետեւյալ բովանդակությամբ. Արեւմուտքը, այսպես, թե այնպես, պետք է օգտագործի ռուսական էներգակիրները, քանի որ այն էներգակիրները, որոնց միջոցով Արեւմուտքը նախատեսում է իջեցնել ռուսական գազից կախվածությունը, կարող են հարվածի տակ հայտնվել Ռուսաստանի ցանկությամբ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ես փոքր-ինչ կասկածում եմ այս հարցում, քանի որ չեմ կարծում, թե այս փուլում Հարավային Կովկասում անկայունությունը Ռուսաստանին ձեռնտու է։ Նույն կերպ ես կասկածում եմ, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ուստի կարծում եմ՝ նման դիտարկումները փոքր-ինչ չափազանցված են։ Իհարկե, Մոսկվայի համար Ադրբեջանը հետաքրքիր է, Հայաստանը եւս հետաքրքիր է, Հարավային Կովկասում ամեն ինչն է հետաքրքիր Մոսկվայի համար։ Կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանին հետաքրքիր է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Վրաստանը։

Այս տարածաշրջանում Ռուսաստանը ձգտում է դոմինանտ դիրքերի, ինչպես ԽՍՀՄ-ն էր։ Ռուսաստանին հիմա պատերազմը հետաքրքիր չէ. Ռուսաստանը Ղարաբաղի մասով ֆորմալ կերպով որեւէ պարտավորություն չի վերցնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է առանց Ղարաբաղի, եւ նույնիսկ Հայաստանը ՄՄ է մտնում առանց Ղարաբաղի, այնպես որ՝ ուղիղ իրավաբանական պարտավորություններ Մոսկվան չունի։ Սա, բնականաբար, հնարավորություն է տալիս ամեն տեսակի մանիպուլյացիաների, բայց այս լարվածության հարցում Մոսկվայի ձեռքը տեսնելու համար բավարար հիմքեր չկան:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031