Վերջին օրերին ինձ մոտենում են մարդիկ, որոնք հայտնում են մեկը մեկից անհեթեթ լուրեր եւ հարցնում են՝ արդյոք դրանք ճիշտ են: Եվ երբ ես ասում եմ, որ դրանք սուտ են, միեւնույն է՝ ենթադրում են, որ ես կա՛մ սխալ գիտեմ, կա՛մ էլ՝ ինչ-որ շահ ունեմ ճշմարտությունը թաքցնելու: Օրինակ, «Արմավիրում փողոցում մի քանի տասնյակ տղա բռնեցին ու տարան բանակ», «պրիսյագի ժամանակ թուրքերը հարձակվեցին ու սաղին կոտորեցին», «Սոչիից հետո կռիվ ա սկսվելու»: Երբ հարցնում ես՝ որտեղից են այդ տեղեկությունները, պատասխանը մոտավորապես հետեւյալն է՝ «էն օրը բաջանաղիս մորաքրոջ տղու ծանոթը զանգել, ասել ա»:
Ո՞վ է լվանում մարդկանց ուղեղը: Տվյալ դեպքում չեմ կարող մեղադրել իշխանությանը, ընդդիմությանը կամ լրատվամիջոցներին: Ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի քիչ թե շատ իրեն հարգող լրագրող նման հիմարություններ չի տարածում: Ավելին՝ նույնիսկ ֆեյսբուքում, որտեղ, ինչպես հայտնի է, օրական տարածվում է հարյուր տեսակի սուտ, այդ տիպի ստեր կարծես թե չկան: Եթե շատ հակված լինենք դավադրությունների տեսությանը, ապա կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի հատուկ ծառայություներն են նման լուրեր տարածում, բայց, ճիշտն ասած, չեմ կարող պատկերացնել, թե հակառակորդի գործակալներն ինչպես են զանգահարում կեղծ լուրեր տարածող հայաստանցի դյուրահավատներին:
Խնդիրը, կարծում եմ, համընդհանուր թերահավատությունն է: Զինվորականները,. ԶԼՄ-ները եւ քաղաքական գործիչները, անկախ իրենց ուղղվածությունից, գրեթե նույն բանն են ասում, այստեղ էական տարաձայնություններ չկան, 6 խմբակցությունները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, բայց հասարակությունը նրանց չի հավատում, հավատում է բարեկամի ընկերոջ ծանոթի հայտնած՝ անհայտ ծագման եւ անորոշ ձեւակերպում ունեցող ասեկոսեներին: Հասարակությունը չունի բոլորի կողմից ընդունված հեղինակություն, որի խոսքն արժանահավատ կլինի բոլորի համար:
Ճշմարտությունը հետեւյալն է. ոչ մի համընդհանուր զորահավաք չկա, ոչ մեկին փողոցից չեն բռնում ու տանում ռազմաճակատ, դա անիմաստ է՝ ներկայիս զինծառայողներն իրենց առաջ դրված խնդիրներն ամբողջությամբ կատարում են: Թե Սոչիում նախագահների հանդիպումից առաջ, եւ թե դրանից հետո գնդակոծություններ, միջադեպեր, բախումներ, եւ, հետեւաբար, ցավոք, զոհեր լինելու են: Լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի՝ բազմաթիվ պատճառներով, նախեւառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը հասկանում է, թե որքան տխուր ապագա է նրան այդ դեպքում սպասում: Հայաստանի եւ Արցախի զինվորականներն անհապաղ հայտնում են ամեն մի զոհի ու վիրավորի մասին՝ մեր երկրում դա անհնարին է թաքցնել:
Կարդացեք նաև
Իհարկե, իմ այս գրածն էլ ասեկոսեներ տարածողների ու դրանց հավատացողների մեծ մասը չի կարդա, իսկ կարդացողների մի մասը չի հավատա: Մարդկային տիպ կա, որ համար մշտական տագնապի մեջ ապրելը կենսակերպ է: Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայերի մեջ այդ մարդկանց տոկոսը բարձր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2014
ու էտ “ընդանուր թերահավատության” մթնոլորտի ստեղծման մեջ մեծ ներդրում ուենցողներից մեկ դու ես, Արամ Աբրահամյան:
որ դա անում ես ամեն Աստծո օր, չես մտածու՞մ որ պատերազմող երկրում ես ապրում
Իմ կարծիքով, մարդիք հավատում են նրան ինչին որ ցանկանում են հավատալ.
Մարդկային տիպի մասին ձեր համոզմունքների հետ համաձայն չեմ . Պետք չէ «կատեգորիզացնել» մարդկանց որպես պատճառ եվ հետո էլ հրամցնել հետեություններ դրանցից բխող. Հակառկը ավելի ճիշտ կլիներ.
Որքան տոկոս էր կազմում 90 -ականներին «տագնապամոլ» ապրելակերպով ապրողների քանակը , կարծում եմ չնչին. Հետեվաբարշ հետեությունները շատ պարզ են.
Ես կարծում եմ աշխատանքը հակառակը համոզելու համար ավելի շատ պահպանողական են « այդպիսի բան չկա, սուտ է ….» ,քան բացատրական եվ քիչ են համոզիչ փաստարկները.
Դե մարդիկ փոքր երեխաներ ունեն,ծեր ծնեղներ ունեն,բնականաբար վախենում են:Մեր երկիրը 2 մետրանոց երկիր է,նահանջի տեղ չունենք:Մարդիկ ոչ բաջանաղից են լուրեր լսում ոչ հարևանից; իրենք էլ հենց հնարում են:Բայց ինչի են հնարում? Որովհետև ակնհայտ զգում են ,որ մի բան փոխվել է:
Դե էտ ասողները այդպես են ցանկանում որ լինի
Որոշ անհեթեթություներ էլ տարածում են լրագրողիկներ,որոնք տեսախցիկով հարցազրույց են վերցնում գետնանցումներում և շուկաներում վողորմություն հավաքողներից և գցում համացանց:Այդ տեսակ «նյութերից» հաճախ են օգտվում ազր ՏՎ-ները:Ես դիտում եմ, թե ոնց են բողուքոմ (Վիտամին ակումբի տղերքը այդպես չեն կարող 🙂 ) ,որ գործ չկա,ամիսներով աշխատավարձ չեն տալիս,որ բոլորը հեռանում են,ժողովուրդը սովածա:Երևվի այդ պատճառով ազրներին թված,որ Հայաստանում ամեն ինչ վատա, ու կարելի է հարձակվել:
Պարոն Աբրահամյան լավ կլինր «Շանթ» հեռուստատեսությամբ օրը մի 10 րոպե ռուսերեն և անգլերեն նորություններ թողարկեիք,անհետաքրքիր պարերի,կամ սերիալների փոխարեն:Միայն հայերենով մենք ասում մենք լսում ենք,չե որ ամբողջ աշխարհն է դիտոմ,դա նման է երբ մարդը թանկարժեք համակարգիչ է գնոմ և միայն երեխայական խաղեր է խաղում:
Կար մի ժամանակ, երբ Մոսկվան համարում էին (անվանում էին) «մեծ գյուղ» (большая деревня): Բնիկ մոսկվացիների դուր չէր գալիս, բայց հանդուրժում էին:
Տարիների ընթացքում Երեւանն էլ «դարձավ» Մոսկվա: Բայց «հանդուրժող» չկա:
Գյուղերի մեծ մասը (սահմանամերձ) «վարում ու ցանում է» ՀՀ ՊՆ-ն, իսկ Երեւանի գյուղացիները խցանումներ են ստեղծում սուպերմարկետներում, ժամանցային հաստատություններում…Ասում են` պատերազմ, վտանգավոր իրավիճակ, քիչ գումար… Տագնապ:
Ո՞ր մարդկային տիպի, ավելի ճիշտ`հայերի ո՞ր տիպի, ո՞ր տագնապի մասին է խոսքը: