Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախորդ հանցավորների» պատմությունից

Օգոստոս 06,2014 12:30

Երբ 1974 թվականին 42-ամյա Կարեն Դեմիրճյանը նշանակվել էր Խորհրդային Հայաստանի ղեկավար, նրա առաջին իսկ ելույթը կուսակցական պլենումում սուր քննադատություն էր պարունակում նախորդ իշխանության հասցեին՝ չնայած նախորդ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի անունը նա չէր տալիս: Այսօր այդ երկու ղեկավարներին մենք հիշում ենք հարգանքով, ոմանք էլ կարոտախտով՝ չնայած 88-ին հեղափոխական զանգվածը վանկարկում էր՝ «Դեմիրճյան, դավաճան»:

Բայց փաստը մնում է փաստ՝ Դեմիրճյանը քննադատում էր Քոչինյանին, Հարությունյանը՝ Դեմիրճյանին («լճացման» համար), ՀՀՇ-ն՝ կոմունիստներին (կոռուպցիայի, երկիրը թալանելու համար), Քոչարյանի թիմը՝ ՀՀՇ-ին («նախորդ հանցավոր ռեժիմ» լինելու համար՝ չնայած վերջերս առաջին եւ երկրորդ նախագահի թիմերը մերձեցել են): Ով էլ լինի Հայաստանի հաջորդ նախագահը, նույնիսկ եթե նա լինի Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդը, նա իր «թագավորությունը» կսկսի նախորդների սուր քննադատությունից եւ իրեն հասած «ծանր ժառանգության» վերաբերյալ բողոքներից:

Սովետի մասշտաբով նույնն է՝ Խրուշչովը քննադատում էր Ստալինին «անձի պաշտամունքի» համար, Բրեժնեւը՝ Խրուշչովին՝ «վոլյունտարիզմի համար», Գորբաչովը՝ Բրեժնեւին՝ «լճացման համար», Պուտինը՝ Գորբաչովին եւ Ելցինին՝ սովետը քանդելու եւ Ռուսաստանը «ծնկների վրա դնելու» համար:

Պատահում է, իհարկե, որ գործը չի սահմանափակվում միայն քննադատությամբ:

Հարավային Կորեայի նախկին նախագահ, գեներալ Չոն Դու Խվանին, օրինակ, դատապարտել էին գնդակահարության, հետո ցմահ ազատազրկման: Նրա իրավահաջորդ Ռո Դե Ուին դատապարտել էին 22 տարվա ազատազրկման: Երկուսն էլ մեղադրվում էին կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ: Հետո երկուսին էլ ներեցին՝ դե, կոռուպցիա է, ո՞մ հետ չի պատահում:

Բայց այս՝ կորեական «նախորդ հանցավոր ռեժիմի» պատմության մեջ կա մի հետաքրքիր դետալ. Չոն Դու Խվանին մեղադրում էին նաեւ 1980 թվականին Կվանջու քաղաքում ուսանողների ցույցը բռնությամբ ցրելու մեջ, որի ժամանակ մի քանի ուսանող սպանվել էր: Գեներալն ակնհայտորեն մեծ դեմոկրատ չէր, ինչի համար կանգնել էր դատարանի առաջ, բաւց հետո, ինչպես ասացի, ներում էր ստացել:

Եվ հենց այստեղ էլ մենք մոտենում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «դեպքին»: Սկզբում թվում էր, որ Վրաստանի ներկայիս իշխանության հետ նա թեեւ քաղաքական հակառակորդ է, բայց «նախորդ հանցավոր» չէ: Սաակաշվիլին նույնիսկ պատրաստվում էր ապրել Թբիլիսիում՝ իր տատիկի տանը: Բայց արի ու տես՝ տատիկի բնակարանն, ըստ ամենայնի, դատարկ կմնա, իսկ Սաակաշվիլին ապրում է մերթ Ուկրաինայում, մերթ՝ Միացյալ Նահանգներում: Որովհետեւ հայրենիքում նախկին նախագահին մեղադրում էին Զուրաբ Ժվանիայի սպանությունը պատվիրելու մեջ, ինչպես նաեւ նույն կոռուպցիայի եւ պետության փողերը գողանալու մեջ: Իսկ անցած շաբաթ Սաակաշվիլիին նույնիսկ ազատազրկեցին՝ ճիշտ է հեռակա, որովհետեւ Թբիլիսի վերադառնալ նա, ինչպես երեւում է, չի պատրաստվում:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեղադրվում է ոչ թե կոռուպցիայի կամ Ժվանիային սպանելու համար, այլ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բռնությամբ ցրելու, ինչպես նաեւ «Իմեդի» հեռուստաընկերությունը փակելու մեջ: Հենց այդպիսի մեղադրանքներ է Սաակաշվիլիի դեմ առաջ քաշել Վրաստանի գլխավոր դատախազությունը, իսկ Թբիլիսիի դատարաններից մեկն այդ մեղադրանքները հիմնավոր է համարել՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար:

Որքան հիշում եմ, մեր տարածաշրջանում կար եւս մի նախագահ, որը մի քանի անգամ անհամաչափ բռնությամբ ցույցեր է ցրել, մի դեպքում կրակել է ցուցարարների վրա եւ սպանել նրանց, ինչպես նաեւ հեռուստաընկերություն է փակել: Թե՞ սխալ եմ հիշում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Կար, իհարկե կար… հիմա էլ կա, առոք փառոք ապրում է Հրազդան ստադիոնի կողքի սև տանը… իր հրամանով ես պարգրատրվել եմ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ցույցը բռնի ուժով ցրելու համար՝1996-ի սեպտեմբերի 26-ին:(նույնիսկ վիրավորվել և վիրահատվել եմ այդ օրը) Պատվոգիրը մինչ օրս պահում եմ, կարող եմ ներկայացնել:
    Թերթն ինչ է որ, մի ամբողջ կուսակցություն էլ է փակել:
    Ես հասկանում եմ, որ հեղինակը բոլորովին այլ ՛՛բռնակալի՛՛ նկատի ուներ, բայց իրականում մեր երկրի ախտերի մեծ մասի հիմքերը հենց իմ նշած անձն է դրել:

  2. ՎԱՀԱՆ says:

    հայեր մենք ինչի մասին ենք խոսում այն մարդուն վօրը կենտկոմ դանոս ե գրում ՔՈՉԻՆՅԱՆԻ ՎՐԱ ԱՐ ԱՅՆ վոր նացիոնալիստ ՔՈՉԻՆՅԱՆԸ ցեղասպանության հուշակոթող է կառուցում վրի հետեվանքով հեռացնում են ՔՈՉԻՆՅԱՆԻՆ այդ մարդու դեմիրչյանի պատվին հուշարձան են ուզում կանգնեցնեն ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ ՍԹԱՓՎԵՔ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031