Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ ոչ թե կարուսել է պետք, այլ զուգարան»

Օգոստոս 06,2014 14:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 115 շենքի բնակիչները դիմել են ՀՀ կառավարություն, որ իրենց կոյուղի, զուգարան, մանկապարտեզ ու դպրոց է պետք: Ինչպես բնակիչներն են պատմում, կառավարությունից նամակը գնացել է քաղաքապետարան, որտեղից ի պատասխան՝ հայտնել են, թե՝ ձեր տարածքում խաղահրապարակ ենք հիմնելու: Երեւանի քաղաքապետարանի այս պատասխանը հունից հանել է նշյալ հասցեի բնակիչներին: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին. «Ոնց որ մարդու ձեռ առնեն: Մեզ ոչ թե կարուսելներ են պետք, այլ զուգարան: Ասում ենք՝ կոյուղի չունենք, զուգարան չունենք, ասում են՝ խաղահրապարակ ենք սարքելու: Մեր երեխաներին առաջնահերթ մանկապարտեզ ու դպրոց է պետք: 22 տարի է՝ շենքում ծնված ոչ մի երեխա մանկապարտեզի երես չի տեսնում: Դպրոցական երեխաների ճանապարհն էլ գերեզմանների միջով է: Կիլոմետրերով ոտքով գնում են դպրոց ու գալիս: Այդքան կարեւոր հարցերը թողած՝ կարուսե՞լ են տեղադրում»:

Րաֆֆու 115 շենքի բնակիչներն արդեն հոգնել են այս խնդիրներով դիմել վարչական շրջանի ղեկավարներին, Երեւանի քաղաքապետին ու ՀՀ վարչապետին: Բնակիչներն ասում են, որ տասնյակ տարիներով ոչինչ նրանց կյանքում չի փոխվում: Տարիներ ի վեր այս շենքը արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ չունի: Մոտ 40 ընտանիք 152 բնակչով, մեծից փոքր ամեն օր ստիպված են լինում օգտվել շենքի հարեւանությամբ փորված զուգարաններից: Տարածքում մեկ խանութ անգամ չկա, որ բնակիչները գոնե հաց գնեն: Քաղաքային տրանսպորտն էլ այս հատվածն ընդհանրապես չի սպասարկում. բնակիչները մեկ կիլոմետր ոտքով իջնում են Էջմիածնի խճուղի, որպեսզի օգտվեն Փարաքարի տրանսպորտից:
Մեկ կիլոմետր շառավղով այս շենքի տարածքում կոյուղի էլ չկա:

Տարիներ առաջ բնակիչները դիմել են քաղաքապետարան, որպեսզի շենքի տարածքում հոր փորեն՝ զուգարան կառուցեն, սակայն սանէպիդծառայությունն արգելել է՝ ասելով, որ այդտեղ ստորգետնյա ջրեր են հոսում, ու դրանք կաղտոտվեն. «Ամբողջ Փարաքար, Թայրով բնակավայրերը արտեզան ջրեր են խմում: Մեզ ասացին, որ հնարավոր չէ դրսում զուգարաններ կառուցել»:

Իրավիճակից ելք չգտնելով՝ արդեն մեկ-երկու տարի է, ինչ շենքի ամեն մի բնակիչ հարակից տարածքում փոքրիկ փոս է փորել, որտեղ էլ հոգում է բնական կարիքները: Քաղաքային իշխանություններն այս հարցը չեն կարողանում լուծել՝ պատճառաբանում են՝ կոյուղատար անցկացնելը հսկայական ծախսերի հետ է կապված: Բնակիչները երկար տարիներ ջուր էլ չեն ունեցել եւ միայն վերջերս են սեփական ուժերով ջուրը հասցրել շենք, բայց քանի որ կոյուղատար համակարգ չկա, ջրի հետ գործ ունենալուց հետո այն ամբողջությամբ լցվում է շենքի տակ: Մի առիթով համայնքի պատասխանատուները հայտնել էին, որ բանակցություններ են վարում՝ քիչ հեռու գտնվող գործարանի ջրախողովակներին միացնել նաեւ այս շենքի խողովակները, սակայն պարզվել է, որ գործարանն ավելի բարձր տեղանքում է, քան այս շենքը: Որոշել են գոնե պոմպերով ջուր բերել, սակայն դա էլ ի կատար չի ածվել: «Հիմա չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Դիմել ենք կառավարություն, թե արդյոք նպատակահարմա՞ր է այդ ամայի տարածքում, որտեղ ոչ մի ենթակառուցվածք չկա եւ չի էլ սպասվում, շենք պահել՝ որպես բնակֆոնդ: Խաղահրապարակի փոխարեն՝ այդ գումարները թող ուղղվեն դպրոցի, մանկապարտեզի կառուցմանը»,- մեզ հետ զրույցում ասում են բնակիչները:

Ինչպես ջրի, աղբահանության հարցն էլ բնակիչները սեփական ուժերով են լուծել: Նրանք վճարում են մերձակա բնակավայրերը սպասարկող աղբահավաք մեքենաներին, որպեսզի իրենց աղբն էլ տանեն: Բնակիչների խոսքերով՝ մեկ շաբաթ առաջ համայնքապետարանը աղբամաններ է տեղադրել շենքին հարակից տարածքում եւ բնակիչներին աղբի սպասարկման դիմաց հսկայական պարտքերի ցուցակ ներկայացրել. «Ասացինք՝ պետք չեն ձեր աղբարկղերը, եկեք՝ տարեք: Այդքան տարի ոչ ոք չի մտածել՝ ինչպես, ո՞ւր ենք աղբը թափում, հիմի էլ եկել գումարներ են ուզում հավաքել»:

Նշենք, որ տարիներ ի վեր այս մարդիկ իրենց աղբը թափել են շենքի դիմացի փոքրիկ առվակում:

Այստեղ հիմնականում ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Նրանք շենք են տեղափոխվել դեռեւս 1992 թվականին՝ սպասելով, որ շուտով տուն են ստանալու: Շենքը նախկինում պատկանել է գյուղատնտեսության նախարարությանը ու ծառայել է որպես «Բույսերի եւ կանաչապատման» լաբորատորիա:

Բնակիչների ներկայացմամբ՝ անգամ «այդ փլված շենքում» երկար տարիներ չեն կարողացել բնակարանները սեփականաշնորհել, քանի որ «դրա համար էլ են գումար ուզել»: Ներկայումս շենքի բնակարանների մի մասը սեփականաշնորհված է. հիմի էլ բնակիչները մտավախություն ունեն, որ քաղաքային իշխանություններն այս շենքից ընդհանրապես ձեռքները կլվանան, կասեն՝ ձեր սեփականությունն է, ինչ ուզում եք՝ արեք:
Երկու-երեք տարի առաջ, բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո, վարչական շրջանի պատասխանատուներին շենքի որոշ կոմունալ-կենցաղային հարցեր լուծելու նպատակով 5 միլիոն դրամ է հատկացվել, հաջորդ տարի էլ՝ 11 միլիոն 500 հազար դրամ, սակայն այսօր բնակիչները վստահեցնում են, որ ոչ մի բանով իրենց խնդիրը չի լուծվել. «5 միլիոն դրամով միայն 50 հատ ազբոշիֆեր են բերել տանիքի համար, իսկ 11,5 միլիոն դրամը դուրս են գրել, թե ինչ են արել՝ տեղյակ չենք: Ոչ տանիքի հարցն է նորմալ լուծվել, ոչ կոյուղու, ոչ շենքում է բարեկարգում է կատարվել, ոչ էլ ջուրն են իրենք քաշել: Թաղապետարանը դեռ մի բան էլ սպառնացել է, որ զուգարանի փորված փոսերի համար գալու են մեզ տուգանեն: Իրենք հարցը չեն լուծում, մենք էլ այլ տարբերակ չունենալով՝ լուծում ենք, տուգանում են»:

«Ոնց որ մոլորակից դուրս ապրենք»,- ասում են բնակիչներն ու զարմանում, որ 21-րդ դարում մարդկանց այսպիսի ստորացուցիչ պայմաններում են պահում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2014

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031