Լրահոս
Օրվա լրահոսը

100 տարվա կրկնություն

Օգոստոս 06,2014 13:30

Առաջին Մեծ պատերազմը մենք չենք հիշում: Ընդհանրապես չենք հիշում: Ինչը շատ զարմանալի է:

Երկրորդ Մեծ պատերազմն ամեն առիթով հիշում ենք: Այնինչ երկրորդը բացարձակապես չի ազդել մեր ժողովրդի ճակատագրի վրա: Անհատապես, իհարկե, ազդել է՝ հայրս էլ հարյուր հազարավոր հայերի հետ միասին տարիներ շարունակ արկերի տակ չափչփեց Եվրոպան ու հետ եկավ: Բայց հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա Երկրորդ համաշխարհայինը գրեթե ազդեցություն չունեցավ՝ չփոխվեց ոչինչ:

Մի փոքր հույս առկայծեց այդ աշխարհամարտից անմիջապես հետո, երբ թվում էր՝ հողեր հետ կստանանք, սփյուռքահայերն էլ հենց այդ հույսով էին նավեր նստել: Ու միանգամից էլ մարեց այդ հույսը՝ կորցրած պապենական տարածքների փոխարեն շատերն Ալթայի երկրամասում հայտնվեցին:

Իսկ առաջին Մեծ պատերազմը, որն ուղիղ 100 տարի առաջ սկսվեց, իսպառ մոռացել ենք: Անկեղծ ասենք՝ նույնիսկ մեր մեծագույն ողբերգությունն այդ պատերազմի հետ չենք կապում՝ ի՞նչ առնչություն ուներ 1916 թվականի Վերդենի ճակատամարտը Հայոց ցեղասպանության հետ: Ճիշտ այդպես էլ, կարծում եմ, հրեաները չեն կապում Հոլոքոսթը Ստալինգրադյան ճակատամարտի հետ: Երկուսն էլ հրեշավոր ծրագրեր էին՝ հաղթանակների եւ պարտությունների, երկու պատերազմների ընթացքի ու ելքի հետ անմիջական կապ չունեցող:

Այնինչ հենց այդ առաջին Մեծ պատերազմը մեզ՝ հայերիս, դարձրեց այնպիսին, ինչպիսին այսօր կանք: Հենց այդ առաջին պատերազմը մեզ ցրեց աշխարհով մեկ, հարյուրամյակների ընդմիջումից հետո առաջին դժվար անկախությունը պարգեւեց: Ի վերջո, հենց այդ պատերազմի ընթացքում բոլշեւիկները գրավեցին Ձմեռային պալատը, ինչի արդյունքում մենք էլ 70 տարի շարունակ սովետական սոցիալիստական մնացինք: Ու ինձ թվում է, որ մինչեւ հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ սովետական սոցիալիստականից: Իշխող կուսակցության համագումարները վկա:

Մի տեղ ասեք Հայաստանում, որտեղ այսօր կարելի է գնալ ու հիշել հայերիս համար այդքան մեծ, բախտորոշ ու շրջադարձային նշանակություն ունեցած իրադարձության՝ Առաջին աշխարհամարտի սկիզբը: Չկա: Կամ՝ միգուցե ես պարզապես չգիտեմ:

Հիշո՞ւմ եք, մեր այս նոր անկախության արշալույսին այսպիսի մի գայթակղիչ գաղափար կար՝ մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք: Ինչո՞ւ չաշխատեց, չընկալվեց, հանրության լայն շրջանակների սեփականությունը չդարձավ եւ ծաղրուծանակի ենթարկված՝ լուռ մահացավ: Երեւի նաեւ այն պատճառով, որ մեր սեփական պատմությունն իրականում երբեք չենք կապում համաշխարհային պատմության հետ:

Չկա մեր հայկական ուղեղներում այդ գիտակցումը: Այ, եթե իմ ընտանիքի անդամը Բեռլինում քոչարի պարել է, ուրեմն դա նաեւ իմ իրադարձությունն է, ինչը բնական է, բայց Առաջին համաշխարհային պատերազմը, որի արդյունքում ես՝ հայս, հենց այսպիսին եմ՝ աշխարհով մեկ սփռված, կիսախորհրդային մտածողությամբ, բայց, այնուամենայնիվ, այս մի կտոր հողի վրա պետություն ստեղծած՝ սա արդեն խորթ է, հեռավոր մի բան, ինձ հետ որեւէ կապ չունեցող: Թող իմ նախագահը Բելգիա գնա ու այնտեղ հիշի այդ իրադարձությունը:

Այնինչ առաջին Մեծ պատերազմի հետեւանքները մինչեւ այժմ էլ հսկայական ազդեցություն են գործում ժամանակակից աշխարհի վրա: Այդ պատերազմի արդյունքում վերացավ երկու խոշոր կայսրություն՝ Ավստրո-Հունգարիան եւ Օսմանյանը:

Երբ հիմա բոլորս ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք Սիրիայի եւ Իրաքի մասին, հաճախ չենք էլ հիշում, որ դրանք Օսմանյան կայսրության բեկորներն են:

Իսկ որտե՞ղ են ուկրաինական աննախադեպ ու առաջին հայացքից անբնական թվացող իրադարձությունների ակունքներն ու արմատները: Չէ՞ որ Ուկրաինայի արեւմտյան հատվածը ժամանակին Ավստրո-հունգարական կայսրության անքակտելի մասն էր. 1945 թվականից հետո միայն այն պետությունը, որն այժմ կոչվում է Ուկրաինա, լիովին անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ: Ու հիմա «արեւմուտքցիները» բնական, պատմական ձգտումներ ունեն դեպի այնտեղ, որտեղ մայր է մտնում արեւը, իսկ «արեւելքցիները»՝ հույսով, հիմա նաեւ զենքով, դեպի Մոսկվա են նայում:

Իսկ ինչպե՞ս գերտերություն դարձավ Ամերիկան: Հենց առաջին Մեծ պատերազմի արդյունքում, երբ փլվեցին կայսրությունները, եւ ամերիկացիները մնացին շատ շահեկան վիճակում՝ ամեն ինչից հեռու, թե առաջին Մեծ պատերազմի մեջ ուշ մտան, թե երկրորդ, բայց այդ երկու պատերազմների հետեւանքով ստեղծված իրադրության պայմաններում հզորացան ու հեռվից սկսեցին իրենց վերահսկողության տակ պահել գրեթե ամեն ինչ: Որ նոր կայսրություններ չառաջանան: Ինչը միգուցե լավ է: Նաեւ մեզ համար:

Այնուամենայնիվ, սխալ ենք անում, որ չենք հիշում առաջին Մեծ պատերազմը: Քսաներորդ դարում՝ արդեն ժողովրդավարացող աշխարհում այն ծնեց ամբողջատիրություն՝ տոտալիտարիզմ: Ռուսաստանում հենց պատերազմի ընթացքում իշխանության եկած բոլշեւիկները երբեք չէին էլ թաքցնում, որ իրենց գաղափարախոսությունը ցանկանում են տարածել ողջ աշխարհում: Իսկ 1919 թվականի Փարիզյան համաժողովում Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն այնպիսի ստորացուցիչ պայմաններ թելադրեց պարտված Գերմանիային, որ նացիստական գաղափարախոսությունն ավելի պարարտ հող չէր էլ կարող գտնել իրենց նվաստացած զգացող գերմանացիների ամենալայն խավերում: Ու արվեց ռեւանշի փորձ:

Հիմա համեմատեք՝ ունենք պարտված հարեւաններ, որոնց երկրում պատերազմից հետո հաստատվել է բռնատիրական իշխանություն՝ ռեւանշիստական նկրտումներով, ինչի համար միանգամայն պարարտ հող կա հասարակությունում:

Ասում են՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միեւնույն է, զբաղվելու է քեզանով:

Եթե նույնիսկ մենք՝ հայերս, հաճախ չենք գիտակցում, որ համաշխարհային պատմական գործընթացները եւ միտումները մեր կյանքի մի մասն են, դրանք, միեւնույն է, չոքելու են մեր դռանը: Մեր սահմանին:

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2014

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031