Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Ալմա Աթայում հիմնականում համախմբված են եկեղեցու շուրջ

Օգոստոս 06,2014 13:10

Լուսինե Շահվերդյանը Ղազախստանից է: Նա երկու շաբաթ Երեւանում էր եւ մասնակցում էր «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի լրագրողների դասընթացին: Լուսինեն գոհ է ստացած գիտելիքներից, պատրաստվում է հոդվածներ հրապարակել Ալմա Աթայի Սուրբ Կարապետ եկեղեցուն կից գործող հայալեզու թերթում:

Մեր զրուցակիցն ասում է, որ միայն վերջին երկու տարիներին է սկսել Ալմա Աթայի հայկական համայնքի կյանքին ակտիվորեն մասնակցել, մինչ այդ զբաղված էր բալիկներին մեծացնելով: Ներկայումս նա նաեւ օտար լեզուների (անգլերեն, իսպաներեն) մասնավոր դասեր է տալիս: Հույս ունի, որ կկարողանա իր՝ լեզուների իմացությունը օգտագործի հօգուտ համայնքի:

«Առավոտի» հետ զրույցում Լուսինե Շահվերդյանը փաստեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ալմա Աթայում ապրում է 15000-200000 հայ: Նրա ձեւակերպմամբ, տեղի հայերը բաժանվում են երկու խմբի, հայեր, որոնք 30-ական թվականներին են արտագաղթել՝ ռեպրեսիաների հետեւանքով, եւ հայեր, որոնք Ղազախստանում հաստատվել են 90-ականներից հետո: Լուսինեի ասելով, առաջինները ի սկզբանե հաստատված են եղել Հայկական անունը կրող թաղամասում: Այժմ այդ թաղամասը վերանվանվել է Ալմա Աթա-1, այնտեղ հիմա ուրիշ ազգի ներկայացուցիչներ էլ են ապրում:

Լուսինե Շահվերդյանի ասելով, Ղազախստանում կան ե՛ւ ազգությամբ հայ ազդեցիկ գործարարներ, ե՛ւ սննդարտադության փոքր բիզնես ունեցողներ: Ոմանք, օրինակ, լավաշի թխման արտադրամաս ունեն: Նա ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, ասելով, որ որոշ ձեռներեցներ չեն ցանկանում, որ իրենց անունները շրջանառվեն: Տվեց միայն Արթուր Կարապետյանի անունը, որ «Բախուս» կոնյակի գործարանի տնօրենն է:

Մեր զրուցակցի խոսքով, համայնքի խնդիրներից մեկը հայկական լեզվի, մշակույթի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը պահելն է, ուրախ է, որ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ երեխաները հնարավորություն ունեն չկտրվել մայրենի լեզվից: Մեծ է տեղի Սուրբ Կարապետ եկեղեցու դերը: «Ունենք հրաշալի քահանա՝ տեր Մարկոսը, որի տիկինը՝ Լուսինե Սարգսյանն էլ էր մեզ հետ Հայաստանում՝ ամառային դպրոցի շրջանակներում: Վերջինս հայերեն է դասավանդում կիրակնօրյա դպրոցում: Նա 2011 թվականին մասնակցել է «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին»,-հավելում է մեր զրուցակիցը: Շահվերդյանի բնորոշմամբ, Լուսինե Սարգսյանը բովանդակալից դասեր է անցկացնում, եւ երեխաները կարճ ժամկետում սկսում են հայերեն գրել, կարդալ:

Մեր զրուցակիցը նշում է, որ հայերը Ալմա Աթայում հիմնականում համախմբված են եկեղեցու շուրջը, եւ ազգային տոներին ու հիշատակի օրերին միասին են լինում:

Դառնալով հայաստանյան այցելությանը՝ նա նշեց, որ Ղազախստանում զարմացել են, «երբ իմացել են, որ Հայաստանն ունի առանձին սփյուռքի նախարարություն, կառավարության մաս, որը պատասխանատու է մեզ համար»:

Լուսինե Շահվերդյանը տպավորված է բոլոր հանդիպումներով, ամենահուզումնալիցը նրա համար եղել են այցելությունները՝ Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ:

«Յուրաքանչյուր հայ պետք է իմանա՝ ինչ է Եռաբլուրը, իմ որդու անունը Արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինվորներից մեկի անունն է, ավելի ճիշտ՝ ամուսնուս եղբոր անունը: Ինձ համար ուրիշ զգացողություն էր Եռաբլուրում լինելը, շատ էի հուզվել»,-ասում է նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2014 թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031