Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն այսօր արդեն մեկնեց Ղրիմ, որտեղ էլ օգոստոսի 16-18-ը տեղի կունենա մրցույթը:
Մեր ներկայացուցիչը հավատում է իր հաղթանակին: Վստահեցնում է, որ բոլորովին չի հուզվում, որովհետև շատ լավ է պատրաստվել և կարող է ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը:
Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն էլ հավատացնում է, որ Դավիթը իսկապես կարողանում է բեմում ինքն իրեն հավաքել, չհուզվել, չլարվել. «Միայն թե չհիվանդանա»,- սա է պրոդյուսերի միակ մտավախությունը:
Ինչ վերաբերում է արդյունքներին, Գ. Կյոկչյանն ասում է, որ միայն լավ ելույթը բավական չէ, որովհետև չպետք է անտեսել նաև մարդկային գործոնը. «Համակրանքի, երկրի, պատվիրակության ներկայանալի լինելու խնդիրն էլ կա»,- նկատում է նա:
Կարդացեք նաև
Դավթի մայրն էլ՝ Արմինե Վարդանյանը, ասում է, որ թեև իրենք ընտանիքով մարտական են տրամադրված, հավատում են Դավթի հաղթանակին և հուսով են, որ իրենց հույսերը կարդարանան, բայց և այնպես, առավել կարևորում են Դավթի լավ և ինքնավստահ ելույթը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ