Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԳՆ-ն իր պարտականությունները կատարեր ՊՆ-ի կատարածի գոնե տասը տոկոսի չափով, այլ պատկեր կունենայինք»

Օգոստոս 05,2014 19:07

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի դիվերսիոն գործողություններին և լարվածության աճին գնահատական են տալիս միջազգային հեղինակավոր կառույցներ և գործիչներ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին իր հայտարարության մեջ նշել է. «Այս հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Վրեժխնդրությունը և հետագա բռնությունը միայն ավելի կդժվարացնեն խաղաղ կարգավորման հասնելը»:

Միացյալ թագավորության (ՄԹ) Արտաքին և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակն ասել է. «ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին»:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի հայտարարության մեջ տեսնում ենք հետևյալը. «ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն ևս մտահոգություն են հայտնել «շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ, որը վերջին օրերին բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»։

Պաշտոնական Մոսկվան էլ է իր մտահոգությունը հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում «լարվածության կտրուկ աճի» կապակցությամբ:

Aravot.am-ը «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ միջազգային հանրության արձագանքը համարժե՞ք է սահմանային իրավիճակին: Նա պատասխանեց. «Միջազգային հանրությունն արձագանքի փաստն արդեն իսկ դրական է: Միջազգային հանրությունն այսօր հակված է այն դիրքորոշման, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի և կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:  Սակայն մենք տեսնում ենք ՌԴ-ի և Ադրբեջանի, Թուրքիայի ավելի պասիվ մասնակցությունը, որ փորձում են Մինսկի խմբի ջանքերը  չեզոքացնել և հարցը տանել լուծման հայկական շահերի հաշվին,  ինչը տեղի ունեցավ քսան և քսանմեկ թվականին: Դրա համար էլ ներկայումս ցանկացած միջազգային ջանք և հեղինակավոր  ձևաչափ, որ փորձում է  քաղաքական ռեալիզմի տեսանկյունից տալ կոնֆլիկտի լուծում, բախվում է նշված երեք երկրների տարբեր տեսակի հակազդեցության»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ եթե Ալիևի ռեժիմը քննադատվում էլ է միջազգային հանրության կողմից, ապա Ադրբեջանի թիվ մեկ պաշտպանը պուտինյան Ռուսաստանն է միջազգային հարթակներում: Մեր հարցին՝ Թուրքիայի ուզածը հասկանալի է, իսկ ի՞նչ է ուզում պաշտոնական Մոսկվան, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Ռուսաստանին պետք է ամբողջ տարածաշրջանը: Եվ այս կոնֆլիկտը նրա համար միշտ եղել ու մնում է  ամենասիրելի կոնֆլիկտը և Հարավային Կովկասում ազդեցության ամենագլխավոր լծակը»:

Հարցին միջազգային հանրության արձագանքը երաշխի՞ք է, որ սահմանում իրավիճակը ավելի չի սրվի, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Գնահատականը դրական է, բայց ոչ բավարար: Կա մի եռանկյունի՝ Մոսկվա, Բաքու, Անկարա, որը  վտանգում է տարածաշրջանը և միջազգային անվտանգությունը: Փաստորեն, մեր տարածաշրջանում Պուտինի վարած քաղաքականության գլխավոր պրովայդերի դերում հանդես է գալիս Իլհամ Ալիևը և նրան այդ հարցում օգնում է Թուրքիան: Այս ամենը ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Մինսկի խմբի համանախագահների կողմից պիտի արժանանա գնահատականի: Պետք է մատնանշվեն մեղավորները, քանի որ ես կասկած չունեմ, որ այս ամենի հետևում կանգնած է Մոսկվան, և դա նա արեց Իլհամ Ալիևի ձեռքերով»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ եթե Սոչիում ռուսները հայերից չստանան այն, ինչ ցանկանում են, ապա Ադրբեջանին կդրդեն ևս մեկ անգամ ապակայունացնել իրավիճակը: Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀ-ի համար դաշնակից են բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում հարցի ռազմական լուծում:  Ռուբեն Մեհրաբյանը քննադատեց ՀՀ ԱԳՆ-ին. «Մենք այսօր չունենք ԱԳՆ: Դրա տեղը եթե մի իշաոտնուկ դնենք, նույն արդյունքն է լինելու: Եթե ԱԳՆ-ն իր պարտականությունները կատարեր ՊՆ-ի կատարածի գոնե տասը տոկոսի չափով, մենք միանգամայն այլ պատկեր կունենայինք: Նախևառաջ ՌԴ-ի դեմ դեմարշ պիտի արվեր զենք վաճառելու համար: Ընդհանրապես մեր ԱԳ նախարարությունը ենթակա է դիսկվալիֆիկացիայի: Նրանք իրենց տեղում չեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    ՌԴ-ի դեմ դեմարշ անես, որ ինչի հասնես, հետո ազերիները մեկ այլ տեղից էին այդ զենքը գնելու: Եթե սա է Ձեր կողմից առաջարկվող լուծումը, ապա Դուք նույնպես մեր ԱԳՆ-ից հետ չեք մնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031