Օգոստոսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Ամենայն Հայոց Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունը ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար:
Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են:
Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Կարդացեք նաև
Հավատարիմ մնալով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությամբ անցկացվող տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների խաղաղարար ոգուն` Մենք դիմում ենք Ձեզ` որպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, ջանքեր գործադրելու, որպեսզի Ձեր երկրի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ