«Բոլորը դաս են տալիս մեզ, բոլորը ուզում են մեզ սովորեցնել, բոլորը ուզում են մեզ զսպել, բացատրեն, թե մենք ինչպե՞ս աշխատենք` ի՞նչ լուսաբանենք, ի՞նչը չլուսաբանենք»,- այսօր` օգոստոսի 5-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Նրա խոսքերով` լրատվամիջոցների առջեւ բարդ խնդիր է դրված. Լրատվամիջոցները ամեն օր սահման լրագրող ուղարկելու հնարավորություն չունեն, պաշտոնական տեղեկատվություններ ստանալու խիստ սահմանափակվածություն կա.
«Պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում հնարավոր չէ տեղեկատվությունը թաքցնել, պահել, սահմանափակել, ճնշել, նա, միեւնույնն է գտնելու է իր ճանապարհը, եթե չի գտնելու պաշտոնական եւ նորմալ աղբյուրների միջոցով, գտնելու է այլընտրանքային ճանապարհներով, թեկուզ բերնեբերան»:
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց, որ շատերին թվում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից այն կողմ կյանք չկա: Նա համարում է, որ սոցիալական ցանցի օգտատեր չհանդիսացող մարդկանց ադեկվատությունը կախված է լրատվամիջոցներից: Նա եւս համարում է, որ պաշտոնական տեղեկատվություն ստանալու հետ խնդիրներ կան.
Կարդացեք նաև
«Օրեր առաջ մի քանի լրատվամիջոցների ղեկավարներով Պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունեցանք, եւ ինչ-որ ընդհանուր կանոններ ենք ուզում նախարարության հետ սահմանել, որի հետ դժվար է չհամաձայնելը: Իսկապես, մտահոգիչ են այն փորձերը, որ լրատվամիջոցները պետք է հենվեն այն տեղեկատվության վրա, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունները պիտի տարածեն: Այստեղ միտում կա, որ Պաշտպանության նախարարությունը փոխանակ այդ ժամանակներում բացվելու, փորձում է փակվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ