«ԱԳՆ-ի արձագանքն այնպիսին էր, որ ամերիկացիներն ասում են՝ too little and too late, այսինքն՝ շատ քիչ է եւ շատ ուշ: Նախ, այդտեղ, կարծում եմ, շեշտադրումները ճիշտ չէին, չափից ավելի ոչ պրոֆեսիոնալ ձեւակերպումներ կային՝ սթափեցնել եւ այլն: Նման բառապաշար չի կարելի օգտագործել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում շփման գծում հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը այսպես գնահատեց Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, դիվանագետ Արա Պապյանը:
Ըստ նրա, «Շեշտը պիտի դրվեր միջազգային պարտավորությունների վրա, ասենք, զինադադարը խախտելու, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների պարտավորության վրա եւ ՌԴ-ի պարտավորության վրա, որը հիմնական հովանավորն է եղել զինադադարի: Այսինքն, նման շեշտադրումներ էին պետք, որը ես չտեսա այդ հայտարարության մեջ, էլ չեմ ասում, որ ժամանակային առումով այն բավականին ուշացած էր: Այս իրավիճակում արտգործնախարարությունը պետք է եթե ոչ ամեն օր, ապա գոնե օրը մեջ հանդես գա հայտարարությամբ: Բացի պաշտոնական հայտարարությունից, նաեւ արտգործնախարարությունը ակտիվ պիտի լինի կեղծիքները բացահայտելու առումով: Այս օրերին անընդհատ տարբեր կեղծիքներ են գալիս, կեղծ մեկնաբանություններ են տարածվում՝ նույն ադրբեջանական մեկնաբանությունը՝ կապված որոշումների հետ, զոհերի թվի հետ: Ճիշտ է, ՀՀ ՊՆ-ն այդ հայտարարություններին պատասխանում է, բայց դա նախ պիտի անի արտգործնախարարությունը: Մյուս կողմից էլ, այդտեղ իրավական պահեր կան՝ միջազգային հարաբերություններին վերաբերող: Պետք է հասկանանք, որ հոգեբանորեն Արեւմուտքն ավելի հեշտ է ընկալում եւ հավատում ԱԳՆ-ի հայտարարություններին: Մինչեւ այս հայտարարությունը արտգործնախարարությունը պիտի կրկներ ՊՆ-ի ասածը: Դա պիտի արվեր, որովհետեւ ՊՆ-ն՝ ռազմական նախարարությունը Արեւմուտքում այլ ընկալում ունի: Այնտեղ մարդիկ վարժ չեն ռազմական գերատեսչության նման գործունեությանը: Դա պիտի աներ ԱԳՆ-ն»:
Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ արտգործնախարարությունն այս թեժ իրավիճակում անգործության է մատնվել՝ Արա Պապյանը պատասխանեց. «Ես չգիտեմ անգործություն է դա, թե չէ, բայց այն աբսուրդը, ինչ տեսնում ենք այս կոնֆլիկտի վերաբերյալ, ես միանշանակ կարող եմ ասել, որ դա անբավարար էր: Պետք է հաշվի առնենք, որ, ցավոք, նման իրավիճակներ պիտի կրկնվեն, հետեւաբար, արտգործնախարարությունը պիտի դասեր քաղի: Ընդհանրապես, արտասահմանում հասարակական կարծիքի վրա ազդել, կարծիք ձեւավորել՝ դա արտգործնախարարության հիմնական գործառույթներից մեկն է, իսկ այդտեղ մենք կատարյալ ձախողում ունենք: Երբեւէ այսքան միակողմանի չէր մեկնաբանվել իրավիճակն Արեւմուտքում, ինչքան հիմա: Անգամ ռուսական մամուլում շատ միակողմանի էր ամեն ինչը: Գիտեք, որ լրագրողը պիտի ստանա ինչ-որ նյութեր, որ տեսակետ ներկայացնի: Երբ մի կողմի տեսակետը կա, բնականաբար, ներկայացնում է միայն մի կողմինը: Իսկ նրանք ոչ պարտավոր են, ոչ էլ ցանկություն ունեն սեփական նախաձեռնությամբ կապվելու եւ տեսակետ խնդրելու, կողմերն իրենք պետք է հասցնեն դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ