Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ադրբեջանցիները տեսան, որ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են»

Օգոստոս 05,2014 17:35

«Տագնապ չկա, ինձ շատ են ոգեւորում իրավիճակի շատ սթափ գնահատականները»,- այսօր` օգոստոսի 5-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանում տեղի ունեցած իրավիճակի արձագանքներին, հայտարարեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա համարում է, որ Սոչիում սպասվելիք նախագահների հանդիպումներից հետո ակտիվությունը կմարի: Ըստ նրա` եզրակացություններ անելու եւ ապագա քայլերը մշակելու ժամանակ կունենա հայկական կողմը.

«Սա պատերազմ չէր, սա դիվերսիոն կարգի մեծ փորձ էր, որը տվեց որոշակի արդյունքներ: Հիմա այդ արդյունքները ե’ւ ադրբեջանցիներն են վերլուծելու, ե’ւ մենք: Ես այս տեսանկյունից կցանկանայի, որ մենք մոտենայինք, որովհետեւ միայն հայրենասիրությունով հաղթել պատերազմում հնարավոր չէ, առավել եւս 21-րդ դարում` գիտելիք, ռազմավարություն, մարտավարություն, լավ թիկունք, որոնք յուրաքանչյուր բանակի ամենաամուր մասն են»:

Պարոն Բաբայանի կարծիքով` այս օրերի ընթացքում ադրբեջանցիները հասկացան, որ իրենք այսօր պատերազմի պատրաստ չեն, իրենք տեսան, որ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են, նրանք հասկացան, որ Ռուսաստանը չի արձագանքելու` ռազմական գործողությունների պարագայում: Իսկ հայկական կողմը, ըստ նրա, հասկացավ, որ հայկական բանակը կարող է դիմադրել եւ ճիշտ հակահարված տալ, եւ որ հույսը պետք է դնի միայն իր վրա.

«Հասարակությունը շատ ճիշտ ընկալում ունեցավ, հասարակությունն ու բանակն ընկալվեց որպես մի ընդհանրություն: Մենք հասկացանք, որ այս երկրի համար ոչ միայն զինվորներն են պատասխանատու, այլ մենք»:

Ռուբեն Բաբայանը հայտարարեց՝ երբ որ այս հարցը հարթվի, հայկական կողմը շատ անելիքներ ունի, մասնավորապես` ինտելեկտուալ բանակի կարիքն ունի, քանի որ, ըստ նրա` այն չի կարող շարունակել գոյատեւել սովետական բանակի սկզբունքներով, երբ որ բոլոր հարցերը լուծվում են մարդկային զոհերի մեծ քանակությամբ.

«Մեր պարագայում պատերազմը երկրաշարժի պես մի բան է, եթե դու պատրաստ ես երկրաշարժի, դու պետք է պատրաստ լինես նաեւ պատերազմի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031