Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգագործական մշակույթի պահպանությունը Հայաստանում ՀՀ կառավարության ուշադրության ներքո է

Օգոստոս 05,2014 17:32

2014 թ. օգոստոսի 1-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հանդիպման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը կարծիք է հայտնել այն մասին, որ այսօր գորգագործությունը, որպես ազգային մշակութային արժեհամակարգ, կորստի վտանգի տակ է, իսկ պետական պատասխանատու կառույցներն էլ ցուցաբերում են անտարբերություն և իրադրության շտկման ուղղությամբ համարժեք քայլեր չեն ձեռնարկում:

Չհամաձայնելով Ա. Պողոսյանի կարծիքի հետ՝ անհրաժեշտ ենք համարում հետևյալ վերլուծությամբ ներկայացնել իրավիճակը:

Խորհրդային տարիներին Հայաստանում գորգագործության ավանդույթների առկայությունը հաշվի առնելով՝ այս բնագավառում առավել հայտնի շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում հիմնվեցին գորգագործական ֆաբրիկաներ, ինչը զգալիորեն ասպարեզից դուրս մղեց ձեռագործ գորգերի արտադրությունը: Գորգը շարունակում էր մնալ կենցաղում՝ որպես կահույքի բաղկացուցիչ մաս, սակայն ձեռագործ գորգերին փոխարինելու եկան գործարանային մեքենայագործ գորգերը: Սա իր բացասական հետևանքներն ունեցավ գորգագործական մշակույթի պահպանության և ժառանգական փոխանցման գործում: Մյուս կողմից էլ 1970-ական թվականներից Հայաստանի կառավարությունը սկսեց մեծ ուշադրություն դարձնել գորգերին՝ դիտարկելով դրանք որպես մշակութային արժեք: Այս առումով զգալի աշխատանքներ է կատարել Հայաստանի ազգագրության պետական թանգարանը, որը ինտենսիվորեն հավաքում, հաշվառում, ուսումնասիրում և ցուցադրում էր հայկական գորգագործական մշակույթի նմուշները: Վերջինիս է պատկանում Հայաստանի գորգագործական մշակույթի ամենամեծ հավաքածուն: Հավաքածուներ են ստեղծվել նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ժողովրդական արվեստի թանգարանում, տարբեր շրջաններում գործող երկրագիտական թանգարաններում և այլն:

gorg (2)Անկախությունից հետո, ելնելով երկրի աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակից, երկրի առջև խնդիր էր ծառացել ստեղծված պայմաններում հնարավորինս պահպանել գործող մշակութային ենթակառուցվածքները, առկա նյութական մշակույթի նմուշները: Մյուս կողմից էլ ֆինանսական միջոցների սակավությունը հնարավորություն չի ընձեռել բավարար ուշադրություն դարձնել ավանդական մշակույթի պահպանության կազմակերպմանը:

Կարևորելով հայկական գորգագործական մշակույթի պահպանության, հետազոտման և տեղական ու միջազգային մակարդակներում դրա հանրահռչակումը, սերունդներին դրա վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008 թվականից ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել է գորգագործության և կարպետագործության դասընթացներ: Դրանք իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, Լոռու մարզում, Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում, Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում և այլն: Դասընթացների նպատակն էր խրախուսել գորգագործական հմտությունների կրողներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները երեխաներին ու պատանիներին փախանցելու նպատակով:

Գորգագործական մշակույթի պահպանությունն այսօր ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է նաև որպես տնտեսական ռեսուրս: Այս նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 2 հավելվածի 48-րդ կետով ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը:

gorg

Ողջ տարվա ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ առավելագույն տեղեկույթի տարածման, պատմության, ավանդույթների և առկա վիճակի ներկայացման, ինչպես նաև մշակույթի այս տեսակի կենսունակության ակտիվացման ուղղությամբ:

Տարին մեկնարկեց Հայաստանի պատմության թանգարանում «Հայկական գորգարվեստ` XVII մինչեւ XIX դ.» խորագիրը կրող մշտական ցուցահանդեսի բացմամբ: Հունվարի 12-ից թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանի ամենատարբեր շրջաններում՝ Վասպուրական, Սեբաստիա, Շիրակ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Ջավախք, Գեղարքունիք, Խարբերդ, Կիլիկիա, Նախիջևան, Պարսկահայք, գործված շուրջ 45 գորգերի, որոնցից 10-ն առաջին անգամ են ցուցադրվում: Ներկայացված են նաև Ք. ա. III-I հազ. խեցեղեն, բրոնզե, փայտյա նմուշներ, ինչպես նաև հայկական միջնադարյան քանդակագործության գլուխգործոցներ, որոնց զարդանախշ-գաղափարագրերն առկա են գորգարվեստում և հաստատում են հայկական գորգի` ակունքի հետ ունեցած անընդհատելի կապը: Ցուցահանդեսի շրջանակներում տպագրվել է նաև «Հայկական գորգարվեստ` XVII մինչեւ XIX դ.»ալբոմ-կատալոգը:

gorg (1)Հայաստանի պատմության թանգարանում, «Հայկական գորգարվեստ` XVII մինչեւ XIX դ.» մշտական ցուցահանդեսի տարածքում, ստեղծվեց նաև «Հայկական գորգարվեստ» խորագրով վիրտուալ ցուցադրություն: Այն հնարավորություն է տալիս ցուցադրված իրական նմուշների համատեքստում ծանոթանալ թանգարանում պահվող արժեքավոր այն գորգերի հետ, որոնք ֆիզիկապես հնարավոր չէ ընդգրկել մշտական ցուցադրության մեջ: Այս կերպ ընդլայնվում են մշտական ցուցադրության առանձին` թեմատիկ, մշակութային, արվեստային առումով կարևոր ու նշանակալից իրողությունների սահմանները:

Յուրաքանչյուր նմուշի պատկերն ուղեկցվում է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն անձնագրային ամփոփ տեղեկատվությամբ՝ գլխավոր մանրամասնի դրվագային շեշտադրումով, նկարագրությամբ և հարակից նյութի ընդգրկումով: Վիրտուալ ցուցադրության նպատակն է ներկայացնել հայկական գորգի համապարփակ պատկերը` իր բազմազան և ինքնատիպ նմուշներով, որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, ակունքների, պատմության հետ կապված բոլոր մանրամասներով:

2013 թ. մեկնարկեց գորգի վիրտուալ թանգարանի ծրագիրը: Այն նպատակ ունի մեկ վիրտուալ տարածության մեջ հավաքել և ցուցադրել Հայաստանի, Սփյուռքի նաև օտարերկրյա թանգարաններում և, հնարավորության սահմաններում, անհատական հավաքածուներում պահվող հայկական լավագույն գորգերը: Նախագիծը լինելով առցանց տարբերակով, հնարավորություն կտա աշխարհի ցանկացած կետից դիտել և ուսումնասիրել վիրտուալ թանգարանի հավաքածուն: Վիրտուալ թանգարանում կմուտքագրվեն մոտավորապես 2500 գորգեր: Ծրագիրը հնարավորություն կտա դիտել գորգերը, դրանց առանձին հատվածները, ստանալ անձնագրային բոլոր տվյալները (չափսեր, գործելու տեղը, ժամանակաշրջանը, տեխնիկական կազմը, արձանագրությունները և այլն), պատմական տեղեկույթ և տեսանյութեր: Թանգարանի ծրագրի իրականացման աշխատանքային խմբում ընդգրկված են հանրապետության գրեթե բոլոր թանգարանները և ոլորտում գիտական գործունեություն իրականացնող անվանի գիտնականներ, այդ թվում՝ Աշխունջ Պողոսյանը:

2013 թ. մարտից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկել են ուսուցողական ծրագրեր:

gorg (3)

ՀՀ Լոռու մարզում՝ <<Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն>> ՊՈԱԿ-ում, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում գորգագործության և կարպետագործության ոչ ֆորմալ կրթական ծրագիրը: Ուսուցումն ուղեկցվում է ոչ միայն գործնական, այլև տեսական ձևաչափով:

2013 թ. հոկտեմբերի 13-ին առաջին անգամ ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ <<Մշակութային վերածնունդ» խորագրի ներքո տեղի ունեցավ գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը: Այն կազմակերպվեց ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Բացի հայկական ավանդական գորգերի նմուշների ցուցադրումից, փառատոնի ընթացքում ներկայացվեցին նաև հարակից մշակութային դրսևորումներ՝ տարազ, ձեռարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի այն նմուշները, որոնց գեղազարդման մեջ ավանդաբար կիրառվում է գորգարվեստում առկա խորհրդանշանային համակարգը:

2013 թ. հոկտեմբերին ցուցահանդես բացվեց նաև Երևանի պատմության թանգարանում, որը կրում էր «Հայկական գորգագործության ավանդույթները» խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 ձեռագործ գորգերի մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Դրանք <<Հայգորգ>> արտադրական միավորման արտադրանքն են, իսկ մյուսները պատկանում են <<Մեգերյան կարպետ>> ՍՊԸ-ին։
Հոկտեմբերից ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը: Ցուցադրությունը ներառում է տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից: Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում: Թանգարան հիմնելով՝ Լեռնային Ղարաբաղը լուրջ հայտ է ներկայացնում հայկական մշակույթի այդ հատվածի ուսումնասիրման խոստումնալից կենտրոն դառնալու համար, ինչը կարևորվում է նաև քաղաքական տեսակետից: Թանգարանը մասնավոր նախաձեռնություն է, որը ստեղծվել է Արցախի նախագահի խորհրդական Վարդան Ասծատրյանի ջանքերով:

Նոյեմբերի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Գորգը՝ ինքնության վկայագիր» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կներկայացնի հայկական գորգարվեստի նմուշներ կենտրոնի թանգարանային հավաքածուից: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների Արցախի, Սյունիքի, Լոռվա, Ուտիքի և Փոքր Ասիայի գորգեր, ինչպես նաև հյուսիս-արևելյան Այսրկովկասի և Փոքր Ասիայի կարպետներ:
2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում հասարակությանը կներկայացվի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը:

Տարվա կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեա – արևելյան գորգը» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությունը և հրատարակումը: Աշխատությունը նվիրված է գորգի՝ որպես կիրառական արվեստի կարևոր բաղկացուցչի ոչ միայն ծագումնաբանությանը, այլև խորհրդաբանության ու պատկերաբանության խոր և մանրամասն հետազոտությանը: Հեղինակը պատմական հավաստի աղբյուրներով հերքում է գորգի՝ վաչկատուն ցեղերի մենաշնորհը լինելու թուրքական առասպելը: Ֆ. Գանցհորնը գորգի զարգացած զարդարվեստի հիմքը համարում է հայկական մշակութատարածքը, որ տարբեր է քաղաքական-աշխարհագրական բաժանումներից:

Գորգի հանրահռչակման տարին ամփոփեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կայացավ 2013 թ. նոյեմբերի 20-22-ին, Երևանում:

Գիտաժողովին մասնակցեցին հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված էին նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները: ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Աշխունջ Պողոսյանը նշանակված էր գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար:

Այս համակարգված միջոցառումների արդյունքում՝ հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ բավականին հետաքրքիր, գիտահանրամատչելի հոդված է տպվել միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող «Հալի» ամսագրում: Հոդվածի հեղինակը հենց գլխավոր խմբագիր Բեն Էվանսն էր:

Արդեն իսկ աշխատանքներ են տարվում գիտաժողովի հոդվածների ժողովածուի տպագրման ուղղությամբ:

ՀՀ կառավարության և մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարության գործունեությունն այս բնագավառում շարունակական բնույթ է կրում:

Ներկայում ՀՀ մշակույթի նախարարությունը Հայկական գորգերի ասոցիացիայի հետ համատեղ այս տարի սեպտեմբերի 15-ից 21-ին Վիեննայում կայանալիք «Գորգի և տեքստիլի» միջազգային գիտաժողովի շրջանակներում Sans Souci սրահում կազմակերպելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդես, որը կուղեկցվի նաև թեմատիկ դասախոսություններով:

Զուգահեռաբար վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիան նկարահանում է հայկական գորգագործական մշակույթին նվիրված ֆիլմ: Իմիջիայլոց, նշված ֆիլմի նախագծի մշակման նպատակով խնդրել էինք Աշխունջ Պողոսյանին, որպեսզի նախնական խորհրդատվություն տրամադրի, սակայն վերջինս միանգամից դրա դիմաց գումար պահանջեց և կոպտորեն հրաժարվեց օգնել: Իհարկե, նրան տեղեկացվեց, որ այս խորհուրդը պետք է, որպեսզի ռեժիսորն ու սցենարիստը պատկերացնեն աշխատանքի բնույթը, ծավալը և կարողանան կազմել ֆիլմի բյուջեն, որի մեջ կներառվի նաև Աշխունջ Պողոսյանին որպես գլխավոր խորհրդատու աշխատանքի դիմաց վարձատրությունը, սակայն պարոն Պողոսյանը գումարը պահանջեց միանգամից, ինչի հնարավորությունն այդ պահին չկար:

Պետք է նշենք, որ վերջին շրջանում այս բնագավառում նման միջոցառումները նպաստավոր պայմաններ են ստեղծել հասարակության մեջ գորգագործական մշակույթի վերաբերյալ հետաքրքրության առաջացման, ձևավորել է հարգանքի և արժևորման մթնոլորտ, ինչի մասին է վկայում նաև այս ասպարեզում մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, ոլորտում շուկայի առաջատար կազմակերպություններից մեկի ողջունելի նախաձեռնությունը: «Մեգերյան կարպետ» ընկերությունը այս տարվա մայիսից առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ տուրիստական ընկերությունների և տուր-օպերատորների համար եզակի նախագիծ-ծրագրով` տուր-շրջագայություն «Մեգերյան կարպետ» ընկերություն:

Ինչ վերաբերում է Ա. Պողոսյանի այն դիտարկմանը, որ իր պատրաստած աշխատությունները չեն տպագրվում, ապա պետք է նշեմ, որ դրանք կազմված են անհրապույր, չկան համապատասխան իլյուստրացիոն նյութեր, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրողին կամ հասարակ ընթերցողին պատկերացում կազմել նյութի վերաբերյալ, ինչի մասին նրան նույնպես տեղեկացվել է և առաջարկվել աշխատությունները համալրել կոնկրետ պատկերներով, որպեսզի պարզ լինի, թե նկարագրված նյութն ի՞նչ տեսք կամ ի՞նչին է վերաբերում:

Վերջում հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը իսկապես մտահոգ է և կիսում է գորգագործական մշակույթի պահպանման հարցերով մտահոգ անձանց կարծիքները և իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու բնագավառի խնդիրներով շահագրգիռ անհատների և կազմակերպությունների հետ:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Երանուհի Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031