«Ցանկացած այս կարգի երեւույթներ խուճապ են առաջացնում»,- այսօր` օգոստոսի 5-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքերով` այս իրավիճակի առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Հոգեբանը կարծում է, որ այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքներն արթնացան.
«Ճիշտ հակառակը եղավ ադրբեջանցիների մոտ, մեկ անգամ եւս հաստատվեց, որ սխալ կլինի, որ իրենք հույս ունենան, որ կկարողանան հաղթել, ինչը բավական հզոր ձեւով վախ արթնացրեց»:
Նա խոստովանեց, որ ուսումնասիրել է ադրբեջանական բլոգները եւ նրանց մեկնաբանությունները, եւ հայտարարեց, որ մեկնաբանություններում մի անմեղ կատակից ադրբեջանցիները ոգեւորվել էին եւ լուրջ էին ընդունել.
Կարդացեք նաև
«51 զոհի մասին նյութ էին գրել, եւ այդ 51 զոհի տակ մեկնաբանություն էր գրած, որ 51 զոհ երեւի կտան Բաքուն գրավելիս, իրենք լուրջ էին ընդունել` «Բաքուն չենք տա, երբեք հնարավոր չէ», լրիվ լուրջ էին ընդունել, ոչ ադեկվատ, դա նշանակում է լուրջ տագնապի վիճակ է»:
Պարոն Խուդոյանը համարում է, որ ադրբեջանցիներն այդ թվերը հենց այնպես չէին գրում. Նրանք նպատակ ունեին վախեցնել, նրա ենթադրությամբ` ադրբեջանական կողմը հենց այդքան զոհ էր նախատեսում, որ հայերը կունենան.
«Ամեն այս տեսակ բան համախմբում է մեր հասարակությունը, այս տեսակ փոքրիկ կտցահարությունները, իրադարձությունները միանգամից ժողովրդին, որ թվում էր, թե քնած է, արթնացնում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ