Սիրիահայեր Մայք Բատտուքն ու Պետիկ Դավուդյանը արդեն մեկ տարուց ավելի է ՝ ինչ Հայաստանում են ապրում: Այսօր «Արմատ» ակումբում նրանք դժգոհում էին, որ այստեղ սիրիահայերին հայաստանաբնակները տեսնելիս դոլարներ են պատկերացնում:
Մայք Բատտուքը նեղսրտել է, որ Հայաստանում չեն ընկալում, որ իրենք պատերազմից են փախել ու գրեթե ոչինչ չեն բերել հետները:
Ինչպես Սիրիայում, Հայաստանում էլ Մայք Բատտուքը բիժուտերիայի վաճառքով է զբաղվում, որովհետեւ ինչպես ինքն է ասում՝ հասկացել է, որ այստեղ ուրիշի ձեռքի տակ աշխատելու համար լավ պայմաններ չեն առաջարկվում. աշխատավարձերն էլ գրավիչ չեն.
«Այստեղ աշխատավարձերը շատ ցածր են, մտածեցինք, մեր աշխատանքն աշխատենք, քան թե գնանք ուրիշի մոտ աշխատենք: Եկանք այն հույսով, որ պատերազմն ավարտվի վերադառնանք մեր տները, բայց տեսանք, որ իրավիճակն ավելի վատացավ, տեսնում ենք, որ հայերն էլի են գալիս Հայաստան: Մեկ տարուց ավելի է այստեղ ենք, մի քիչ հարմարվել ենք: Կուզենք ուտել, խմել, մինչեւ տեսնինք մեր երկիրն ինչ կլինի»:
Կարդացեք նաև
Պետիկ Դավուդյանն էլ ռեստորանային գործ է սկսել. «Ամեն ինչ էնտեղ թողել եկել ենք»:
Մայք Բատտուկն էլ շարունակեց. «Մեծ փորձառություն էր մեզ համար Հայաստանում ապրիլը: Սփյուռքահայը Հայաստանի ապրողից ուրիշ խասյաթ ունի, այնտեղ երազում ենք ինչ-որ բան անել, այնտեղ հպարտանում ես որ հայ ես: Բայց հարկերն են այստեղ շատ բարձր, եթե Սիրիայում տարեկան 200 դոլար էինք վճարում, այստեղ ամսականն է այդքան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ