Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը

Օգոստոս 05,2014 15:16

Թեման քննարկում են Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Արամ Աբրահամյան.- Կհամաձայնե՞ք, որ սահմանային իրավիճակների սրման պատճառները քաղաքական են, դա տեղացի դաշտային հրամանատարների նախաձեռնությունը չէ:

Արամ Սարգսյան.- Միանշանակ: Ուղղակի հիշեցնեմ, որ 2008ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ադրբեջանը նույնպիսի պահվածք էր դրսեւորում՝ հույս դնելով, որ Վրաստանը հաջողության կհասնի, եւ արդեն պատրաստել էին ծրագիր. ձեւ են անելու, թե հարձակվում են Հայաստանի հյուսիսում, հայերը իրենց զորքերի մի մասը տանեին այնտեղ, իսկ հիմնական հարձակումը սկսվեր Արցախում: Հիմա Ռուսաստանի «գլուխը խառն» է Ուկրաինայի դեպքերով, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը լուրջ հակամարտության մեջ են, եւ այս պարագայում շատ հնարավոր է , որ շահերը բախվում են նաեւ այս տարածաշրջանում, եւ մենք կարող ենք դառնալ հերթական կռվախնձորը, երբ երկու գերտերությունները փորձում են իրենց հարաբերությունները ճշտել մեր տարածքում՝ այդ ձեւով: Այնպես որ՝ Ալիեւը ոչ թե ինչ-որ ինքնուրույն քայլ է անում, այլ ամեն ինչ բխում է իրավիճակից, որը ձեւավորվել է զուտ աշխարհաքաղաքական գործընթացի առումով:

Ա. Ա.- Հավանաբար Դո՞ւք էլ եք համաձայն, որ դա Ադրբեջանի, ոչ թե մեր կամ Ղարաբաղի նախաձեռնությունն է: Բայց երեւի պատճառների մասին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը դա նախաձեռնել, այլ կարծիքի եք:

Հովհաննես Իգիթյան.– Իհարկե, դա Ադրբեջանից է գալիս: Ես միշտ անհամաձայնությամբ եմ նայում հավասարապես հայերին եւ ադրբեջանցիներին ուղղված հայտարարություններին, որ անում են թե Ռուսաստանը, թե Մինսկի խումբը, երբ «կողմերին խնդրում են դադարեցնել»: Ի վերջո` 21-րդ դարն է, արդեն տեխնիկական միջոցներն այնքան են զարգացած, որ կարելի է, եթե իրոք այդ ցանկությունը կա, տեսնել, թե որտեղից է գալիս, եւ ով է դա անում, եւ ասել` «Ադրբեջան, մենք խնդրում ենք հարգել ձեր ստորագրությունը, զինադադարը»: Իհարկե, այս միջադեպերի պատճառները քաղաքական են: Հրամանը գալիս է, իմ կարծիքով, Ադրբեջանի ամենաբարձր քաղաքական ղեկավարից՝ նախագահից: Հրաման, որ՝ ընդհանուր իրավիճակը պետք է լինի լարված, եւ սահմանի ամեն մի հատվածում իրականացնում են այդ լարվածությունը` մի տեղ ուղղակի կրակում են խաղաղ բնակիչներին, մի տեղ դիվերսիոն գործողությունների են դիմում՝ կախված տեղանքից եւ հնարավորությունից: Նայեք` ինչն է փոխվել աշխարհում հիմա. ամեն ինչ կարելի է խախտել՝ Ուկրաինայում, Ղրիմում, Միջին Արեւելքում: Ռուսաստանը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը, բայց այլ տեղերում Ռուսաստանն ինքն է տարածք գրավում եւ խառնում իրավիճակը: ԱՄՆ-ին ենք դիմում, ԱՄՆ-ն արդարացնոււմ է Իսրայելի գործողությունները, Եվրոպային ենք դիմում, Եվրոպան խառը պրոբլեմներ ու տարբեր տեսակետներ ունի: Ստացվում է, որ Ադրբեջանը փորձում է այս քաղաքական իրավիճակը օգտագործել իր նպատակներով:

Ա. Ա.- Մենք դիմում ենք Ռուսաստանին, մենք դիմում ենք Միացյալ Նահանգներին, Եվրոպային: Բայց Ռուսաստանը ինչո՞ւ մեզ չի պաշտպանում:

Ա. Ս.- Մեր արտաքին գործերի նախարարը դեռ որեւէ մեկին չի դիմել, հայտարարություն արել է, բայց ոչ թե դիմում: Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ եթե սկսեն լայնածավալ պատերազմը, երկու կարեւոր խնդիր կա` մեկը, որ իսկապես Արեւմուտքը ամեն կերպ դրան պետք է դեմ լինի, որովհետեւ մեծ վնասներ է կրելու, եւ գազի ու նավթի մատակարարումը Եվրոպա կխաթարվի: Սա լուրջ գործոն է իրենց համար: Երկրորդ գործոնն այն է, որ այլեւս սա լոկալ պատերազմ չի լինելու. հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ դա կլինի անպայման առնվազն ռեգիոնալ պատերազմ, այսինքն՝ կխառնվեն մի շարք երկրներ:

Պատրաստեց Արամ Աբրահամյանը

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

OSI NEW ARM copy

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031