Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Խոսրոեւ. «Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն»

Օգոստոս 05,2014 15:04

«Մենք այնքան ռեսուրսներ չունենք, ցավոք սրտի, ինչքան հայերը»,- այսօր` օգոստոսի 5-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ասորական «Աթուռ» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոեւը:

Նա նշեց, որ Հայաստանում ասորիները, ինչպես նաեւ ազգային մյուս փոքրամասնությունները քաղաքական խնդիրներ չունեն, ասորիների հիմնական խնդիրները կրթամշակութային են.

«Բայց փորձել մեղադրել այստեղ պետությանը, չի կարելի, ընդհակառակը` ամբողջ կրթական համակարգը` ասորական լեզվի դասավանդումը, բոլորը վճարվում է եւ գտնվում է պետական հոգածության տակ: Արդեն 15 տարուց ավելի է՝ մեր դպրոցներում սովորում են գրել, կարդալ, պատմություն են անցնում արդեն: Վերջին 15 տարում կրթական համակարգը բավականին կայացել է: Այս հարցում մենք բողոքելու տեղ չունենք, եւ եթե ինչ-որ մի բան թերի է, դա ավելի շատ մեր մեղքն է»:

Պարոն Խոսրոեւը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը, եւ անցած տարի էլ մերժել է: Նա նշեց, որ պատճառաբանվել է, որ ձեւակերպումն է սխալ.

«Նրանք ցանկանում են, որ այնտեղ նշվի նաեւ մնացյալ ցեղասպանությունները, բայց ձեւակերպել նաեւ մնացյալ ցեղասպանությունները, դա նշանակում է՝ եզդիական համայնք, արաբական համայնք, այսինքն` ձեւակերպումը չկարողացան կարգավորել եւ ցավոք սրտի, չընդունեցին: Ես գիտեմ, որ դրա հիմնական պատճառը նաեւ այն
է, որ եթե Եվրամիությունը ընդունած լիներ հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, այսինքն` ոչ միայն Հայաստանը, այլեւ շատ երկրներ կընդունեին այդ ցեղասպանությունը»:

Հայաստանի արեւելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցու հոգեւոր հայր Նիկադիմ Մուխանաեւը հավելեց, որ հայ եւ ասորի ժողովուրդը դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ունեցել եւ շատ սերտ կապեր ունեն թե’ մշակութային ե’ւ թե հոգեւոր: Նրա խոսքերով` պետք չէ մոռանալ, որ երկու ազգն էլ 1915 թվականին ենթարկվել է վայրագությունների, եւ այսօր էլ Իրաքում ասորիները եւ հայերը դաժան սպանվում են.

«Վերջին երկու կիրակիները պատմության մեջ առաջին կիրակիներն են, երբ ոչ մի եկեղեցու զանգ չղողանջեց պատմական Նինվեում, այսինքն` վերջին 2000 տարվա ընթացքում առաջին անգամ քրիստոնյաներ, մասնավորապես` ասորիներ գոյություն չունեին Նինվեում եւ բոլոր եկեղեցիները փակ էին»:

Նա նշեց, որ ասորիները առ այսօր ենթարկվում են ցեղասպանության եւ պաշտպանության կարիք ունեն.

«Մենք չունենք պետություն, մենք չունենք քաղաքագետներ, որպեսզի հանդես գան մեր ժողովրդի անունից, մենք այդ ուժը չունենք, իսկ այն ժողովուրդները, որոնք մեզ բարեկամներ են, նրանք, դրդված լինելով եղբայրական այդ զգացմունքով, կարող են իրենց հնարավորությունների սահմանում քայլեր ձեռնարկել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031