Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում առաջիկա օրերին նախատեսված Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գնում է պարտվողի կարգավիճակով:
«Ալիեւն ամեն ինչ արեց, որ այդ հանդիպմանը ներկայանա՝ որպես հաղթած պետության նախագահ, բայց ճիշտ հակառակը ստացվեց: Ինչքան էլ հորինեն մեր զոհերի մասին թվեր, մենք էլ, իրենք էլ լավ գիտեն իրականությունը: Այս բախումներում Ադրբեջանի ամենամեծ պարտությունն այն էր, որ կորցրին այն, ինչ փորձում էին ձեռք բերել»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց քաղաքագետը:
Հարցին, թե առաջիկա հանդիպումը կբերի՞ տարածքային զիջումների վերաբերյալ պայմանավորվածության, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանը բանակցությունները փորձում է վարել ամբողջ Արցախի Հանրապետության մասով, ոչ թե առանձին հատվածների համար: Դա մեզ ձեռնտու է, Ադրբեջանի էքստրեմալ պահանջները անընդունելի են՝ թե՛ մեր, թե այլ պետությունների համար, որոնք ինչ-որ բանով շահագրգռված են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Չեմ կարծում, որ հանդիպումը հակամարտության լուծման հարցում առաջընթաց բերի: Կարող է միջազգային ճանաչման գործընթացն արագացվի այն պետությունների շրջանում, որոնք կապ չունեն մեր տարածաշրջանի հետ»:
Պարոն Մելիք-Շահնազարյանը նաեւ ներկայացրեց իր կազմած վիճակագրությունը ադրբեջանցի զոհերի վերաբերյալ: Ըստ նրա, այս տարեսկզբից սկսած մինչեւ այսօր Ադրբեջանը կորցրել է 103 զինվոր, հուլիսից մինչեւ այսօր՝ 35. « Ադրբեջանում դուխաթափ են եղել, Ադրբեջանի մամաները, բանակը»:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմի վերջին հարձակումները քաղաքագետը պայմանավորում է Ադրբեջանում սկսված ներքին լարվածությամբ՝ Շիա-սյունիների միջեւ ստեղծված կրոնական հակասությունները, վերջին շրջանում գրանտակեր ընդդիմադիրների ձերբակալությունները: Ըստ նրա, Հայաստանի վրա հարձակումներով փորձում են Ադրբեջանում հասարակության ուշադրությունը շեղել ներքին լարվածությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ