Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայբիզնեսբանկի» աշխատակիցը հափշտակություններն արել էր, պատճառաբանելով, որ դա որդու առեւանգման փրկագնի համար է

Օգոստոս 05,2014 14:36

Հերթական աղմկահարույց գործը շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Ամբաստանյալներից Էդիտա Ամիրխանյանը դարձել է «Բանդա-2»-ի անդամ՝ դրվագներից մեկով. նա աշխատելով «Հայբիզնեսբանկում»՝ որպես առաջատար մասնագետ, ավանդատուների գումարներն էր հափշտակել:

Այսօր դատարան էին եկել «Հայբիզնեսբանկի» նախկին 3 աշխատակիցները, որոնցից մեկը սպասարկման ծառայության պետն էր՝ Մարինե Սվաճյանը, որն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներից միայն իր նախկին աշխատակցին՝ Էդիտային, չի ուզում անգամ դեմքին նայել եւ որ նրա պատճառով է աշխատանքից ազատվել:

Նա ասաց, որ 2013թ. մայիսի 3-ին իրեն կանչել է վարչության պետը՝ Վահե Հարությունյանը եւ ցույց տվել ելքի ու մուտքի օրդեր տարբեր ստորագրություններով, որը հետագայում պարզվեց, որ կատարվել է Էդիտայի կողմից: Երբ ինքը կանչել է Էդիտային, նա պատճառաբանել էր, թե հաճախորդը BT բանկ պետք է մտներ, սակայն սխալվել եւ մտել է «Հայբիզնեսբանկ»:

Իսկ Վահե Հարությունյանը, երբ դատարանում ցուցմունք տվեց, ասաց, որ իր մոտ է կանչել Էդիտային եւ ասել, որ ծառայողական քննություն կանցկացնի: Այդ ժամանակ Էդիտան ասել է, որ ինքն է կեղծ ստորագրությամբ գումարներ դուրս գրել, քանի որ իր որդուն առեւանգել էին, դա փրկագնի համար էր: Նա հետագայում ներկայացրել էր 30 հոգու ցուցակ, իսկ խոսքը 8-10 մլն դրամ ավանդատուների գումարի մասին էր:

«Հայբիզնեսբանկի» գանձապահ Սիրվարդ Կարապետյանը հայտնեց, որ որեւէ արտառոց բան մինչ այդ չի եղել, իսկ այդ գործից տեղյակ էր այնքանով, որ ելքի եւ մուտքի օրդերների ժամանակային սահմանը բավական սեղմ է եղել եւ դա իրեն կասկածի տեղիք է տվել և, ըստ էության, նա է եղել հանցագործության բացահայտողը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 12-ին: Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ թվով 13 ամբաստանյալներ, այդ թվում՝ նաեւ Էդիտայի ընկերը, մեղադրվում են զինված, դիմակներով տարադրամի փոխանակման կետեր մտնելու, հափշտակություններ կատարելու համար: Այսօր դատարան ներկայացած տուժողի ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը պահանջեց համապարտության կարգով գումարներ բռնագանձել ամբաստանյալներից, որոնց մեջ կային նաեւ օժանդակողներ:

Պաշտպանական կողմը հարց տվեց՝ իսկ եթե նրանք արդարացվեն, այդ դեպքում ինչպե՞ս պետք է քաղհայցի հարցը լուծվի: Տուժողի ներկայացուցիչը խոստացավ հաջորդ դատական նիստին պատշաճ ներկայացնել քաղհայցը՝ ստորագրված-կնքված, ինչպես նաեւ վերջնական գումարի չափը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031